Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խոստովանություն. մեծամասնական ընտրակարգը ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունենալու երաշխիք է

Փետրվար 28,2012 15:55

Խորհրդարանում մեկնարկել է ՀՅԴ եւ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունների՝ խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի քննարկումը։ Նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող Արմեն Մարտիրոսյանը։

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վերջինիցս հետաքրքրվեց՝ արդյոք խորհրդարանական ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը չի՞ հակասում ՀՀ Սահմանադրության 64 հոդվածին, ըստ որի՝ «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»։

Արմեն Մարտիրոսյանի պատասխանը բացասական էր, ավելին նա հակադարձեց, ասելով, թե 2009-ին տեղի են ունեցել Երեւանի ավագանու ընտրություններ, որոնք անցկացվել են բացառապես համամասնական ընտրակարգով, եւ այն ժամանակ նման հարցադրում չէր առաջացել, եւ ոչ ոք, այդ թվում՝ իշխանությունները, դրա հակասահմանադրականության մասին հարցադրումներ չեն արել։ Ավելի ուշ, Արմեն Մարտիրոսյանը նաեւ հավելեց, թե իշխանություններն էլ են սա քաղաքական հարց համարում, եւ հենց սա է օրինագծի մերժման հիմնական դրդապատճառը։

Թերեւս սրա հաստատումն էր օրինագծի հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս որպես՝ մեծամասնական համակարգի առավելության կարեւորում հայտարարեց, թե «ամենակարեւոր փստարկն այն է, որ մեծամասնական ընտրությունների արդյունքում, որպես կանոն, հաղթում են այն անձինք, ովքեր ներկայացնում են ձեւավորվող իշխող կուսակցությունը։ Բնականաբար, մեծամասնական մոդելը հնարավորություն է ստեղծել կայուն մեծամասնություն խորհրդարանում»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր խոսքում անդրադառնալով Դավիթ Հարությունյանի ելույթի այս հատվածին ասաց, թե  դա ինքնախոստովանություն է։ «Երբեւէ առանց արյունալի բախումների իշխանություն չի փոխվում, եւ ձեր հայտարարությունները, թե` մի օր էլ դուք իշխանություն կդառնաք( իր ելույթում ընդդիմախոսներին ուղղված նաեւ այդպիսի հայտարարություն էր արել Դավիթ Հարությունյանը- խմբ. )` այն օպերայից է, որը պետք չէ այստեղ հնչեցնել»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե շատ կասկածում է, որ անգամ մեծամասնական ընտրակարգը կարող է ապահովել իշխանության կայունությունը, «որովհետեւ եթե  մեծամասնական ընտրակարգոով այդ կայունությունն ապահովեիք՝ նախորդ օրենքը չէր բերվի»: Ակնարկն, ըստ ամենայնի, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի մասին էր:

Դավիթ Հարությունյանի վերոհիշյալ հայտարարությանն արձագանքեց նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Համաձայն չեմ իմ գործընկերոջ հետ, թե կայուն մեծամասնություն ունենալու համար մեծամասնական ընտրակարգը ոչ թե թերություն է, այլ բնորոշիչ։ Ոչ։ Եթե մեծամասնությունն ուզում է ունենալ կայուն մեծամասնություն հատկապես մեծամասնական 41 ընտրատարածքները ամեն գնով պահպանելու ճանապարհով, ապա դա ոչ բնորոշիչ է, այլ թերություն, որովհետեւ կայուն մեծամասնություն պահպանելու միակ ճանապարհը պետք է լինեն ազատ եւ արդար ընտրությունները»։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829