Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանի համար օրենք խախտելը տեխնիկակա՞ն հարց է

Փետրվար 28,2012 15:28

Հայաստանում Իտալիայի դեսպանատունն իր հաղորդագրությունները մշտապես անգլերեն է տարածում, «մոռանալով», որ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է: Aravot.am-ն այսօր իտալական դեսպանատանը կայացած «Նեապոլում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» գրքի շնորհանդեսի ժամանակ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիից  հետաքրքրվեց՝ ինչո՞ւ դեսպանատունը չի հարգում ՀՀ «Լեզվի մասին» օրենքը: Հիշեցնենք, որ այդ օրենքի մասնավորապես 4-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով»:

Պարոն Սկապինին հայտարարեց, որ դա այն հարցը չէ, որի վրա արժե երկար կանգ առնել, ապա հավելեց. «Դա զուտ տեխնիկական խնդիր  է: Պարզ  է, որ ցանկացած երկիր ունի իր պաշտոնական լեզուն, սակայն գոյություն ունեն նաեւ, այսպես կոչված, փոխանցող լեզուներ, որոնք օգտագործվում են միջազգային հարաբերություններում: Բնականաբար դեսպանության համար մի փոքր դժվարություն կհարուցի ամեն հաղորդագրություն հայերենով տարածելը, որովհետեւ այդ դեպքում ամեն գրասենյակում ստիպված կլինենք ունենալ առնվազը մեկ թարգմանիչ: Դրա համար էլ միջազգային նորմերով սահմանված կարգով  օգտագործվում է տվյալ երկրում ընդունված փոխանցող լեզուն, որը անգլերենն է: Ինձ, իհարկե, հաճելի կլիներ նման դեպքերում միշտ գրել իտալերեն, բայց եթե գրեի իտալերեն, դա արդեն հարգանքի բացակայության նշան կլիներ ընթերցողի հանդեպ: Այնպես որ, մենք օգտագործում ենք ամեն տեղ ընդունված, դիվանագիտորեն եւ միջազգայնորեն ճանաչված լեզու՝ անգլերեն»:

Մեր զրույցին խառնվեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ու որոշեց պաշտպանել դեսպանին, հայտարարելով, թե տվյալ պարագայում Հայաստանի հանդեպ հարգանքի բացակայության մասին խոսք լինել չի կարող: Իսկ ավելի ուշ, միջանցքում փոխնախարարը արդարացավ, թե  ոչ մի երկրում իտալական կառավարությունը այդքան ներդրում չի անում, որքան Հայաստանում: Բայց չէ՞ որ լեզուն գույք չէ՝ պարտքի դիմաց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829