Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանն ուզում է շախմատ խաղալ, այլ ոչ թե գնալ բռնցքամարտի

Փետրվար 28,2012 15:14

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության սրահում այսօր կազմակերպվել էր քննարկում՝ կապված հունվարի 19-ից ուժի մեջ մտած «Փաստաբանության գործունեության մասին» օրենքի փոփոխության հետ: Հրավիրվել էին «Իրավաբաններ ընդդեմ փաստաբանության մասին օրենքի» նախաձեռնող խմբի անդամները (ներկայացուցիչներ՝ Արսեն Մկրտչյան, Մնացական Մելիքյան), արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, ՀՀ փաստաբանական պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը: Հրավիրվել էին Հանրային խորհրդի եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, սակայն նրանք այդպես էլ չներկայացան:

Իրավաբաններից բացի այս օրենքը հակասահմանադրական համարեցին նաեւ իրավապաշտպան կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք գտնում էին, թե օրենքը խտրական մոտեցում է դրսեւորել իրենց՝ իրավաբանների մասնագիտական գործունեության նկատմամբ, նպատակ ունենալով, որպեսզի իրավաբանական ծառայություն մատուցեն միայն փաստաբանները:

Իրավաբան Մնացական Մելիքյանն Aravot.am-ին ասաց, որ իրենք դիմելու են ՀՀ Սահմանադրական դատարան, քանի որ այս օրենքի ընդունումով խախտվել են մի շարք դրույթներ, մասնավորապես, դատարանը մատչելի պիտի լինի բոլորին, քաղաքացին ինքը պետք է ընտրի դատական արդյունավետ պաշտպանության միջոցներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, դատարանում ներկայացուցիչ կարող է լինել գործը վարելու պատշաճ ձեւակերպած լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի: Իսկ փոփոխված օրենքի համաձայն, սահմանվել է հետեւյալը. «Փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը, եւ ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների եւ շահերի իրականացմանն ու պաշտպանությանը, օրենքով չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով»: Այսինքն, դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը: Բացառությամբ. մերձավոր ազգականի, այդ թվում՝ ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ՝ համամայր կամ համահայր, եղբոր կամ քրոջ, տատի, պապի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար իրավաբանական ծառայություն ներկայացնելու դեպքերի:

Ըստ նախաձեռնող խմբի անդամ Արսեն Մկրտչյանի, ստացվում է, որ մենք վստահում ենք մերձավոր ազգականին, որպեսզի դատարանում նա ներկայացուցիչ լինի, սա այն դեպքում, երբ այդ ազգականն իրավաբանական գործընթացներում երբեք ներգրավված չի եղել, իսկ հակառակը՝ իրավաբանին թույլ չեն տալիս, քանի որ նա փաստաբան չէ, ՀՀ փաստաբանների պալատի արտոնագիր չունի:

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն էլ կոչ արեց չնենգափոխել կատարված փոփոխությունը, քանի որ նպատակը եղել է արդար մրցակցություն ստեղծելը:

Ըստ ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանի էլ, քաղաքացին կարիք ուներ որակյալ իրավաբանական օգնության: Նա, ի տարբերություն իրավաբանի, ունի վարքագծի կանոններ եւ առաջնորդվում է դրանով, «Փաստաբանն ուզում է շախմատ խաղալ, այլ ոչ թե գնալ բռնցքամարտի»:

Մինչդեռ, ըստ իրավագետ Հակոբ Ղավուզյանի, բոլորի համար վարքագծի կանոնները օրենքն է, իսկ պայմանագրային հարաբերություներն էլ զսպիչ դեր ունեն քաղաքացի-իրավաբան համատեքստում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829