Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հրավիրված չեք»,- ասացին ոստիկանությունում ու դուրս արեցին լրագրողներին (Տեսանյութ)

Փետրվար 28,2012 14:49

Այսօր ոստիկանությունում «կլոր սեղան» քննարկում է ընթանում այն հարցի շուրջ, թե ինչքանով են հավաքների ժամանակ ոստիկանների գործողությունները իրավաչափ: Քննարկմանը մասնակցելու էին եկել մի շարք հ/կ-ներ, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Սակայն լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել ու լուսաբանել քննարկումը:

Ոստիկանությունում մեզ ասացին, որ «դուք հրավիրված չեք»: Մեր դիտարկմանը, որ սա հանրային բաց քննարկում է, հակառակ դեպքում տարածած հայտարարության մեջ նշված կլիներ, որ այն փակ է եւ լուսաբանման համար չէ` ոստիկանները պատասխանեցին, որ «հայտարարությունը միայն հ/կներին է վերաբերում»:

Ավելի ուշ` դրսում մեզ հորդորեցին լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանից բացատրություն ստանալ, թե ինչու ԶԼՄ-ները հանրության մաս չեն կազմում եւ ինչու է արգելվում մեզ լուսաբանել այդ քննարկումը: Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ մենք` լրագրողներս, կխանգարենք քննարկմանը. «Թողեք մենք որոշենք մեր լրատվական քաղաքականությունը: Մենք որոշել ենք, որ այդ քննարկման համար մենք կտանք պարզաբանում, այն կդրվի մեր կայքում, տեսագրություն էլ եթե ուզում եք, շատ կարճ տեսագրություն, որտեղ ֆիքսում է ամեն ինչ` կտանք»:

Մեր հարցին` այնտեղ ինչ-որ փակ բա՞ն է տեղի ունենալու, որ մենք չպիտի տեսնենք, պարոն Ահարոնյանը պատասխանեց. «Փակ չի, բայց չեմ կարծում, որ հանրապետությունում ինչ կատարվում է՝ լրատվամիջոցներին կանչում են: Մենք ենք որոշում ֆորմատը: Լրատվամիջոցները ի՞նչ պիտի անեին»: Aravot.am-ի դիտարկմանը, որ հանրությանը պետք է տայինք տեղեկատվություն` պարոն Ահարոնյանը պատասխանեց. «Մենք պաշտոնական տեղեկատվություն կտանք հանրությանը»:

Մեր դժգոհությանը, որ ստացվում է` դուք հանրությանն ասում եք, որ կարդան «02» շաբաթաթերթ ու այնտեղից տեղեկանան` Աշոտ Ահարոնյանն ասաց. «Թողեք դա մենք որոշենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829