Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Ոստիկանը թքել է կնոջս վրա, ինձ էլ ուղեղի ցնցման ենթարկել» (Տեսանյութ)

Փետրվար 28,2012 14:32

Այսօր ազատամարտիկ Սամվել Սիմոնյանը ոստիկանության շենքի մոտ սպասում էր ընդունելության: Նա ուզում էր հանդիպել անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որ պատմի, թե ինչպես է իր համակարգի աշխատակիցներից մեկը` Կոտայքի մարզի օպեր եւ թաղայինների ղեկավար Արայիկ Հովակիմյանը թքել իր տիկնոջ վրա ու իրեն հրմշտելուց հետո ուղեղի ցնցում պատճառել:

Ազատամարտիկի պատմելով` իր տնից 12 անգամ գողություն են արել: Միայն մի գողության ընթացքում տարել են 340 հազար դրամի ապրանք: Երբ սահմանված կարգով դիմել է ոստիկանություն, փոխանակ մատնահետքեր վերցնելու եւ գործի մանրամասները հետաքննելու` Արայիկ Հովակիմյանը, ըստ քաղաքացու, առանց որեւէ քայլի` գործը փակել է ու վստահեցրել, որ ոչ մի ապացույց չկա: Ազատամարտիկի խոսքերով` «ոստիկանները համագործակցում են հանցագործների հետ ու գործը կոծկում` նրանցից փող վերցնելով: Հովակիմյանը, փոխանակ գտներ գողին, կնոջս այնպիսի լկտի, անբարոյական խոսքեր ասաց, որ երեւի մեզ ծեծի կենթարկեր, եթե չմիջամտեր «Ռենջեր» մականունով ոստիկանը: Անունը չեմ հիշում, նրան Կոտայքում Ռենջեր են ասում: Ես ասացի Հովակիմյանին, որ ազատամարտիկ եմ,ասի` փորձի ծեծել` աչքդ կհանեմ: Ես լավ ոստիկանի ցավը տանեմ, հարգում եմ, բայց կեղտոտ ոստիկանի հերը պիտի անիծվի»:

Սամվել Սիմոնյանը դիմել է նաեւ դատախազություն` բողոքով, որ 2006-ից մինչեւ հիմա դիմում է գրում` գործին ընթացք չի տրվում. «Ինձ 2011-ի մարտի 30-ին Համբարձումյան ազգանունով գնդապետ ընդունեց ու վախեցրեց` ասեց գիտես ինչ, քեզ ընենց տեղ կուղարկեմ, որ չես իմանա: Ի՞նչ պիտի ինձ վախեցնի, եթե ես թուրքից չվախեցա, մի հատ ոստիկանից, որ վիշնյայի կորիզ կա ուսերին, դրանից ես վախենո՞ւմ եմ»:

Իսկ մեր հարցին, թե ընդունելությունից կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեք` ազատամարտիկն ասաց, որ թվարկելու է բոլոր «օրինախախտ» ոստիկանների անունները եւ խնդրի՝ նրանց համակարգից հեռացնել. «Նրանք են՝ Արայիկ Հովակիմյանը, Շենգավիթի քննչական բաժնի պետ Ժիրիկ Մովսիսյանը եւ Մինաս Հակոբյանը` քննիչ Հայկ Հովհաննիսյանի մասնակցությամբ: Նրանք կեղծիք են արել, ուզում էին իմ վրա գործ հարուցել, բայց ատամները չկտրեց, ոստիկանությունը գործը քնացնում է, չեն ուզում բացահայտել գործը: Դիմեցի դատարան, դատավոր Նունե Պողոսյանը փող է վերցրել ու ասում է, թե վաղեմության ժամկետն անցել է: Գողության վաղեմությունը ո՞րն է»: Ազատամարտիկը թվարկեց նաեւ իր կարծիքով «ոչ արդար» դատավորների անունները. «Կոտայքի մարզում աշխատում է Նունե Պողոսյանը, Շենգավիթում` Կարինե Ղազարյանը` կեղծիք անող, կեղծ դատավոր, Իշխան Բարսեղյանը` Շենգավիթում»:

Ազատամարտիկը մեծ հույսեր է կապում ոստիկանապետի հետ, քանի որ, ըստ իրեն` Վլադիմիր Գասպարյանին ճիշտ չեն զեկուցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829