Աշխարհում հեղինակավոր համերգասրահներում ներկայացվում են ինչպես դասական, այնպես էլ էկզոտիկ, էրոտիկ շոուներ: Հայաստանում դիտարժան շոուները տեղափոխել են հիմնականում ռեստորաններ եւ էլիտար «օբյեկտներ», այսպիսով լայն հանդիսատեսին զրկելով պրոֆեսիոնալ շոուի հետ շփվելու հնարավորությունից:
«Առավոտը» զրուցեց ոչ միայն հայաստանյան, այլեւ մոսկովյան որոշ ռեստորաններում պահանջարկ վայելող «Էլդորադո» շոու- բալետի ղեկավար Սերգեյ Սաֆարյանի հետ: Նա 2007թ. հանդիսանում է Ազգային օպերային թատրոնի բալետի արտիստ, անցյալ տարի մենապարով հանդես է եկել Ռիկարդո Դրիգոյի «Չքնաղ տիկնիկում», իսկ այս տարվա մարտի 3-ին կայանալիք բալետային երաժշտության երեկոյին կներկայանա Վիվանդիերիի երաժշտությամբ, Արթուր Սեն Լեոնի խորեոգրաֆիայով ստեղծված pas de six համարով:
Սերգեյ Սաֆարյանը հայտնեց, որ «Էլդորադո» շոու- բալետը հիմնադրել է 6 տարի առաջ՝ 6 համախոհների հետ: Ներկայանում են ռեստորաններում, նկարահանվում են գովազդներում, ֆիլմերում: «Պարային համարները բեմադրում եմ ինքս՝ լատինամերիկյանից մինչեւ տարբեր ազգերի, ինչպես նաեւ համաշխարհային դասական կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունների երաժշտությամբ, դրանք համեմելով էկզոտիկ կենդանիների (օձեր, կոկորդիլոս, թունավոր սարդեր) եւ տարբեր աքսեսուարների (սրեր, կոտրված ապակի, մեխեր, կրակ եւ այլն) ներկայությամբ»,- ասաց մեր զրուցակիցը: Նա տեղեկացրեց, որ կենդանիների «մասով» օգնում է Կարեն Մարտիրոսյանը, որը գրագետ խորհուրդներ է տալիս, թե ինչպես վարվել նրանց հետ: Մեր զրուցակիցը հիշեց մի դեպք, երբ 20 կիլոգրամ կշռող 2 մետրանոց պիթոնը ելույթի ժամանակ փաթաթվել է իրեն ու բաց չի թողել, եւ Կարենի օգնությամբ է մի կերպ փրկվել:
Ս. Սաֆարյանը հայտնեց, որ հանդես են գալիս նաեւ բարեգործական համերգներով ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ Արցախում: «Էլդորադոյի» ղեկավարին խնդրեցինք փոքր-ինչ մանրամասնել իրենց ծրագիրը, երբ հանդես են գալիս, դիցուք, հարսանիքների ժամանակ:
Կարդացեք նաև
«Շոուի համարները կազմված են բացառապես հանրամատչելի երաժշտությունից: Երբեմն ներկայացնում ենք բալետային համար, որը բեմադրել եմ Վերդիի «Տրավիատա» օպերայից հայտնի «Կենաց երգի» հնչյուններով եւ այլն»,- ասաց արվեստագետը:
Իրենց «հանդիսատեսի» մասին մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ հակիրճ նշեց, որ նրանք ապահով խավից են՝ նախարարներից մինչեւ օլիգարխներ: Վարձատրության «մասով» էլ ասաց, թե ամեն անգամ տարբեր է. «Բնականաբար չես համեմատի աշխատավարձի հետ, նույնիսկ մեկ համարի համար կարող ես վաստակել աշխատավարձի բազմապատիկը»:
Հարցին՝ «Էլդորադոյում» զբավածությո՞ւնն է պատճառը, որ թատրոնում ընդամենը 1-2 մենապար է վստահված իրեն, Սերգեյ Սաֆարյանը պատասխանեց. «Ինձ համար առաջնայինը թատրոնն է. «Էլդորադոն» բացարձակ չի խանգարում արվեստիս: Եվ հետո թատրոն միանգամից չեն ընդունվում իբրեւ մենակատար, այդպիսին դառնում են տարիների ընթացքում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ