Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փոխարինող կազմերը արդարացնում են սպասելիքները

Փետրվար 28,2012 13:32

Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում երեք օր ընթացած պայքարում որոշվեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց չեմպիոնները:

Գոռ Մինասյան

Չնայած ազգային հավաքականների մեր առաջատար ծանրորդների բացակայությանը, մրցահարթակ մտած 2-րդ եւ 3-րդ համարները բավականին լուրջ արդյունքներ ցույց տվեցին: Մասնավորապես, տղաների 69 կգ քաշայինների պայքարում Սամվել Գրիգորյանի, Վանիկ Ավետիսյանի եւ Անդրանիկ Կարապետյանի բարձրացրած կիլոգրամները տեղավորվում են մեծահասակների աշխարհի առաջին վեցյակում եւ Եվրոպայի լավագույն եռյակում: Մասնագետները գոհ մնացին նաեւ 85 կգ քաշային Աղասի Աղասյանի մրցելույթից: Իսկ ինչ վերաբերում է գերծանր քաշայինների մրցակցությանը, պարզապես հիացրին տակավին պատանի Գոռ Մինասյանն ու ընդամենը 21 տարեկան Հայկ Հակոբյանը: Նրանց, բառիս բուն իմաստով, անզիջում մրցակցությունն ավարտվեց նրանով, որ պոկում վարժությունում հաղթեց Հայկը, իսկ հրումում ու երկամարտում՝ Գոռը: Ընդ որում՝ նրանք ամեն մի մոտեցումում իրենց տարիքային խմբի միջազգային չափանիշներին համապատասխանող կիլոգրամներ էին պահում գլխավերեւում: Նրանց պայքարն այնքան լուրջ էր, որ մասնագետների համոզմամբ, եթե մրցահարթակ մտներ նաեւ գերծանր քաշայինների մեր առաջատար Ռուբեն Ալեքսանյանը, այդ քաշային կարգում Հայաստանի առաջնությունը կհավասարվեր Եվրոպայի առաջնությանը:

Հիմնականում իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին նաեւ աղջիկները, որոնց ճնշող մեծամասնությունը դեռ պատանեկան տարիքում է: Մարզիչները գոհ մնացին Մելինե Դալուզյանից, որն ապաքինումից հետո ընդամենը մեկ ամիս է սկսել լիարժեք մարզվել ու այդ կարճ ժամանակահատվածում արդեն երկամարտում ցույց է տալիս 205 կգ: Մինչեւ օլիմպիական խաղեր նա դեռ լավագույն մարզավիճակին հասնելու ժամանակ ունի եւ մնում է Լոնդոնում մեդալների մեր հույսերից մեկը: Իսկ Իզաբելա Յայլյանը, որ 58 կգ քաշային կարգում ցույց տվեց երկամարտի 175 կիլոգրամ, շարունակելու է Մելինեի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ նախապատրաստվել օլիմպիական խաղերին՝ որպես փոխարինող:

Ի՞նչ ցույց տվեց այս առաջնությունը: Նախ, որ ընդհանուր առաջընթաց կա: Գրեթե բոլոր քաշային կարգերում 2-րդ եւ 3-րդ համարների աճն ակնհայտ է: Թեկուզ միայն այն, որ Գոռ Մինասյանը երկամարտում իր անձնական ռեկորդները գերազանցեց ամբողջ 14 կիլոգրամով: Իսկ որ ամենակարեւորն է՝ այդ աճը դեռ նրանց հնարավորությունների սահմանը չէ: 2012-ին ծանրամարտի մի շարք անչափ կարեւոր մրցումներ կան. ապրիլին՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Անթալիայում, մայիսին՝ աշխարհի երիտասարդների առաջնությունը Գվատեմալայում, օգոստոս-սեպտեմբերին՝ Եվրոպայի պատանիների առաջնությունը Ռումինիայում,  նոյեմբերին՝ Ուսանողական համաշխարհային 3-րդ առաջնությունը եւ նոյեմբեր-դեկտեմբերին՝ Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունը (երկուսն էլ՝ Իսրայելում):

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ասում է, որ Հայաստանի առաջնության արդյունքներով կորոշվի, թե աչքի ընկած մարզիկներից ով՝ ուր կմեկնի: «Անթալիա մեկնողների կազմն արդեն գրեթե որոշված է: Եվրոպայի մեծահասակների առաջնություն կմեկնեն միայն տղաները՝ 4 կամ 5 հոգի: Դա նրանց համար միջազգային մրցափորձի կուտակում է լինելու, ինքնադրսեւորման հնարավորություն: Սակայն տղաների մեջ, անկասկած, կլինեն մեկ-երկու հոգի, որոնք կպայքարեն նաեւ մեդալների համար: Գվատեմալա եւս միայն տղաներին կգործուղենք ու կոնկրետ պահանջներով: Նույնը լինելու է նաեւ մյուս բոլոր մրցումներում: Իսկ ինչ վերաբերում է աղջիկներին, հանրապետության առաջնությունում նրանց արդյունքները հույս են ներշնչում, որ արդեն 2013 թվականին նրանք (հասկանալի է՝ տղաներն էլ) պետք է որ ի վիճակի լինեն վարկանիշային մրցաշարերում պայքարել պատանեկան համաշխարհային օլիմպիադայի ուղեգրերի համար»,- ասում է ֆեդերացիայի նախագահը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829