Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սկիզբ քսան տարի անց՝ լավ է ուշ, քան երբեք

Փետրվար 28,2012 13:17

Այս օրերին տեղի է ունենում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Հարավային Կորեա, Վիետնամ եւ Սինգապուր, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ուղիղ քսան տարի առաջ։ Չնայած նախկինում տեղի ունեցած որոշ այցերի, Հայաստանը նշված երկրների հետ չի ունեցել քաղաքական եւ տնտեսական ակտիվ հարաբերությունների պատմություն ու, թերեւս, դրանք ակտիվացնելու համար նախադրյալների ստեղծմանն է ուղղված նախարարի այցը։ Սակայն կան նաեւ այլ գործոններ, որոնք ուղղակիորեն շահագրգռում ու պարտավորեցնում են Հայաստանին դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Տնտեսական գործոն. «Ասիական տնտեսական հրաշքը», որը համաշխարհային տնտեսության երկրորդ շունչն է համարվում, ներառում է ոչ միայն Չինաստանի տնտեսական բումը, այլեւ ասիական «չորս վագրերի» թռիչքային զարգացումը։ Հարավային Կորեան ու Սինգապուրը այդ չորս վագրերից երկուսն են։ Տարիներ շարունակ մենք դժգոհում ենք, որ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ ոչ միայն ճյուղային առումով, այլ նաեւ ըստ ներդրում անող գործընկերների։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամից դժվարությամբ ոտքի կանգնող Եվրոպայի ֆոնին ռուսական տնտեսական գերակա ներկայությանը լավագույն այլընտրանք կարող է լինել ասիական ներդրումային շուկան։ Այս շուկայի միլիարդավոր ազատ դոլարների եւ մենեջմենթի ներհոսքը ապահովելու համար են պայքարում Արեւելյան Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներ։ Անգամ Մերձավոր Արեւելքի երկրներն են մրցակցում այս երկրներից ներդրումներ ապահովելու գործում: Հայաստանի տնտեսության ներդրումային պակասորդը լրացնելու եւ ասիական արդյունավետ կառավարումը Հայաստան բերելու համար ուղղակի անհրաժեշտություն եւ նախապայման է երկկողմ հարաբերությունների ակտիվացումը եւ իրավապայմանագրային դաշտի ստեղծումը, ինչին էլ միտված է նախարարի ընդգրկուն այցը տարածաշրջան։

Քաղաքական գործոն. Հարավային Կորեան, Սինգապուրը եւ Վիետնամը վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հրատապ եւ օրակարգային խնդիրների նկատմամբ դրսեւորել են գերազանցապես պասիվ դիրքորոշում, եթե, իհարկե, հաշվի չառնենք Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում Հարավային Կորեայի ներգրավվածությունը։ Ոչ ագրեսիվ տնտեսական էքսպանսիայի չինական մոդելը կարծես թե օրինաչափություն է դառնում բուդդայական մշակույթ ունեցող երկրների համար, ինչը չի կարելի ասել մահմեդական հարավարեւելյան Ասիայի մյուս պետությունների համար, զորօրինակ՝ Ինդոնեզիայի, Մալայզիայի, Բրունեի։ Վերջիններս, մահմեդական համերաշխության եւ Իսլամական համագործակցության կազմակերպության սկզբունքներից ելնելով, մշտապես պաշտպանում են ադրբեջանական եւ թուրքական նախաձեռնությունները, այդ թվում եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Դրա վերջին վառ օրինակը եղավ 2008 թվականի տխրահռչակ բանաձեւը, որի կրկնությունը տեղի չունեցավ ի շնորհիվ հաջորդող տարիների ակտիվ եւ կանխարգելիչ դիվանագիտության։ Եթե սրան ավելացնենք Չմիավորման շարժման կազմակերպությունում Ադրբեջանի «համակուսակից» հարավարեւելյան Ասիայի փոքր պետություններին, ապա ստացվում է, որ վերոհիշյալ տարածաշրջանում հակակշիռների ձեւավորումը առավել քան հրատապ է։ Իսկ դա կարելի է անել, կրկնվում են, զարգացնելով հարաբերությունները բուդդայական Ասիայի այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը եւ Վիետնամը։ Այստեղ էական կարող է լինել նաեւ նշված երկրների էներգետիկ ինքնուրույնությունը Ադրբեջանից։

Ի վերջո, այս երկրների ձայները ՄԱԿ-ի նման կառույցներում, միջազգային այլ կազմակերպություններում ունեն նույն արժեքը՝ մեկ պետություն-մեկ ձայն։ Եվ այս երկրները եւս ունեն խորհրդարաններ, որոնք կարող են պատահական բանաձեւեր ընդունել, հատկապես հաշվի առնելով, որ մնալով պասիվ եւ օրակարգային հարցերում չընդգրկված, նրանց քաղաքական մարմինները չունեն բավական տեղեկացվածություն՝ իրական փաստերի եւ պատկերացում՝ կայացվող որոշումների հետագա վտանգավորության վերաբերյալ։

Եվս մեկ փաստարկ. մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց տարածաշրջանային դեսպանություններ են հիմնել Սեուլում, եւ Հայաստանը չի կարող իրեն նման շռայլություն ցույց տալ՝ չիրականացնել բարձրաստիճան այցելություններ:

Միայն այն հանգամանքը, որ, օրինակ, Կորեայի եւ Հայաստանի արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում նախապատրաստել եւ ստորագրել համաձայնագրեր տնտեսական, ներդրումային, գիտակրթական, մշակութային եւ մաքսային համագործակցության մասին, վկայում են այցի լրջության եւ նպատակաուղղվածության մասին: Շատ պետք է ջանալ կամ պարզապես պետք է առնվազն քսան-երեսուն տարի հետ գնալ, որպեսզի նման այցի կարեւորությունը թերագնահատվի:

Լավ հարաբերություններ սփյուռքի բացակայության պայմաններում. Հայաստանի անկախացումից ի վեր սփյուռքը ակտիվ դերակատարություն է ունեցել ոչ միայն երկրի ներքին գործընթացներում, այլեւ անուղղակի ազդեցություն է ունեցել իրենց բնակության երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների վրա եւ դերակատարություն՝ մասնավորապես Ցեղասպանության բանաձեւերի ընդունման ուղղությամբ։ Իրականում, բավական տարբեր, բարդ եւ միաժամանակ պարտավորեցնող է հարաբերություններ զարգացնել այն պետությունների հետ, որտեղ չկա եւ չի էլ եղել զգալի հայկական ներկայություն։ Նախարար Նալբանդյանի այցի թիրախային երկրները հենց այդպիսիք են։ Սակայն, մասնավորապես, Հարավային Կորեայի եւ Վիետնամի հետ կան որոշակի ընդհանրություններ, որոնց հիման վրա կարելի է կառուցել տվյալ երկրների՝ ձեռնպահությունից դեպի հայամետություն սահուն անցումը։ Երկու երկրներն էլ Հայաստանի նման դարձել են մեծ տերությունների՝ «բաժանիր, որ տիրես» քաղաքականության զոհ, ներքաշվել են պարտադրված պատերազմի մեջ՝ իր բոլոր նյութական եւ մարդկային կորուստներով եւ ստորացման (humiliation) հոգեբանական շերտավորմամբ։

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ ընդհանրությունների տնտեսական, քաղաքական եւ զգայական հիմքի վրա դիրքորոշումների համերաշխության ձեւավորումը ասիական տարածաշրջանում առավել քան հրատապ է, իսկ այս ենթատեքստում արտգործնախարարի այցը՝ առավել քան անհրաժեշտ։

ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
ՀՀԿ պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829