Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն քնած ժամանակ չեմ հիշում, որ քաղցած եմ»

Փետրվար 28,2012 13:13

Բնակարանում ուտելիքի ապարդյուն փնտրտուքներից հետո ասում է վանաձորցի կինը

Այս մարդիկ միայն ճաշարանում են տաք սնունդ ուտում:

Ամեն օր՝ բացի շաբաթ-կիրակի, նիհար, փոս ընկած դեմքով, սպիտակախառն մազերով կինը հագնում է օգնություն ստացած կարմիր ու սեւ նախշերով վերարկուն ու շտապում բարեգործական ճաշարան, որտեղ նրան է սպասում իր նման կարիքի մեջ գտնվող եւս 160 վանաձորցի:

Ճաշարանի միջանցքում նրա քթին է դիպչում այդքան սպասված կերակրի հոտն ու էլ ավելի գրգռում արդեն յոթ տարի չհագեցող քաղցը:

Վանաձորցի Լաուրա Աղաբաբյանն օրվա մեջ ընդամենը մեկ անգամ է սնվում: Օրվա մնացած մասն էլ ոչ մի վայրկյան չի դադարում ուտելու մասին մտածելուց:

«Միայն քնած ժամանակ չեմ հիշում, որ քաղցած եմ»,- բնակարանում ուտելիքի ապարդյուն փնտրտուքներից հետո անկեղծանում է նա: Վանաձորցի կինը չի հիշում, թե երբ է վերջին անգամ կուշտ փորով հաց կերել, տանը լի սեղանի ու իր ձեռքով սիրելի աղցանը պատրաստելու մասին խոսելիս աչքերը փայլում են:

Ճաշարանում սնվելուց արդեն երեք ժամ անց անհաղթահարելի քաղցն իրեն զգացնել է տալիս, ինչն էլ մոռանալու համար մտովի տեղափոխվում է անցյալ, երբ կենդանի էին ամուսինն ու երեխան: «Երջանիկ ժամանակներ էին, ամուսինս ասում էր, որ այնպես է ընտանիքը պահելու, որ բոլորը մատով ցույց տան»,- հիշում է 61 տարեկան Լաուրան, ով ամուսնությունից երկու տարի անց ավտովթարից կորցրել է ամուսնուն, իսկ մի քանի տարի անց էլ բժշկական սխալը որդու կյանքն է խլել:

«20 տարեկանից անբախտ մնացի, կորստի ցավը քիչ էր, հիմա էլ էս յոթ տարի է՝ աշխատանք չունեմ, ուր էլ գնում եմ, ասում են տեղ չկա կամ էլ տարիքդ մեծ ա: Թոշակ ու նպաստ էլ չեմ ստանում»,- պատմում է Լաուրան: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շրջանակներում Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր քաղաքներում գործող բարեգործական ճաշարաններում սնվում է 480 մարդ: Լաուրա Աղաբաբյանը նրանցից մեկն է: Հ/կ-ի Լոռու համայնքային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանի համոզմամբ՝ ճաշարան այցելող մարդիկ ունեն շփման, հոգեբանական ու սոցիալական աջակցության կարիք: «Աշխատատեղեր չլինելը, սոցիալական ծանր վիճակը այս մարդկանց ստիպում են իրենց գոյությունը պահպանելու համար սնվել ճաշարանում»,- ասում է նա:

«Աղքատությունը ճնշող է, եթե մարդը նորմալ հագնված չէ, ու մտնում է մի տեղ, որտեղ բոլորը լավ են հագնված, բնականաբար, ճնշվում է: Ինքնավստահության պակաս կա այս մարդկանց մեջ, անլիարժեքության բարդույթներ ունեն»,- բացատրում է կենտրոնի սոցիալական աշխատող Սյուզաննա Քոչարյանը:

Կիսաքաղց վիճակում հայտնված Լաուրան ժամանակին աշխատել է կարի արտադրամասում, սակայն այժմ 32 տարվա աշխատանքային փորձ ունեցող կնոջ համար աշխատանքի ընդունվելու բոլոր դռները տարիքի պատճառով փակ են:

«Որ ամառները սրա-նրա տները մաքրում եմ, բուրդ լվանում, երջանիկ եմ լինում, այդ օրերին կարողանում եմ գոնե հաց գնել, իրիկունները ուտել»,- ասում է նա: Սակայն շեշտում է, որ բախտը հաճախ չի ժպտում՝ տարվա մեջ մի քանի օր, իսկ վերջես էլ մարդիկ նախընտրում են իրենք անել այդ գործերը՝ փող չծախսելու համար: Լաուրան անհամբերությամբ հաշվում է թոշակի տարիքին հասնելու օրերը, երբ կեսօրից հետո, ճաշարանում սնվելուց բացի, հնարավորություն կունենա քաղցը մի փոքր հաղթահարած անկողին մտնել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009 թվականի դրությամբ ՀՀ-ում բնակչության 34,1 տոկոսը աղքատ է:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829