Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իջեւանում «պալատական» նոր կրքեր են բորբոքվում

Փետրվար 28,2012 13:10

Ավագանիները  քաղաքապետի գործելաոճը բնութագրում են որպես ինտրիգային եւ բողոքում նրա գործունեության դեմ

«Առավոտն» իր նախորդ համարում ներկայացրել էր Իջեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանի «վիքիլիքսյան» հայտարարությունն այն մասին, որ քաղաքապետ Վարդան Ղալումյանն իրեն բազմիցս շանտաժի ենթարկելով եւ սպառնալիքներով՝ իրենից ցուցմունք է կորզել նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դեմ: Հիշեցնենք, որ Եգանյանը այդ մասին ցուցմունք է տվել նաեւ Իջեւանի քննչական բաժանմունքում: Իսկ Եգանյանի այդ բացահայտումներից հետո համայնքի ավագանու գործող 13 անդամներից 6-ը հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց դժգոհությունն են արտահայտում քաղաքապետի նման գործելաոճից: Հայտարարության մեջ գրված է. «ՏԻՄ օրենքով առաջնորդվելու փոխարեն՝ քաղաքապետը զբաղված է քաղաքապետարանի աշխատակիցներին ահաբեկելով, համայնքի բնակիչներին դատական գործընթացների մեջ ներգրավելով, հերյուրանքներ տարածելով, ինչպես նաեւ փորձում է իր կողմից ներկայացված անհիմն նյութերով իրավապահ մարմիններին թյուրիմացության մեջ գցել»:

Ավագանիները դժգոհ են նաեւ քաղաքապետի կողմից անիրատեսական բյուջե ներկայացնելու հանգամանքից, ինչի դեմ էլ իրենք բոյկոտում են ու չեն մասնակցում քվեարկություններին, քանի որ այդ բյուջեն համարում են անիրատեսական: «Քաղաքապետի կողմից ներկայացված ոչ իրատեսական բյուջեն չի արտահայտում քաղաքի եւ նրա բնակիչների շահերը, մեր կողմից բարձրացված առաջարկությունները եւ փոփոխությունները անտեսվում են քաղաքապետի կողմից, որի հետեւանքով ներկայացված բյուջեն չի հաստատվում: Քաղաքապետարանի եւ նրա ենթակա կազմակերպությունների աշխատանքների արհեստական պարալիզացումը, աշխատավարձերի չվճարումը, համայնքում աշխատանքների չիրականացումը քաղաքապետի կողմից անհիմն պատճառաբանվում է համայնքի բյուջեի չընդունմամբ: Այն քաղաքապետի կողմից անգործության եւ ՏԻՄ օրենքի 55 հոդվածի չիմացության հետեւանք է, համաձայն որի՝ եթե ավագանին մինչեւ տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով»,- գրված է հայտարարության մեջ:

Ավագանիները քաղաքապետի աշխատանքը որակում են «ապակառուցողական», ինչը կազմալուծում է քաղաքի բնականոն զարգացումը: Նրանք քաղաքապետին կոչ են անում. «Զերծ մնալ անձնավորված եւ ամբիցիոզ գործելաոճից, հարգել ՏԻՄ օրենքի պահանջները եւ երկու օրը մեկ անգամ չհիմնավորված արտահերթ նիստեր չհրավիրել, վերանայել ներկայացված բյուջեն՝ հաշվի առնելով ավագանիների առաջարկությունները, զբաղվել համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմամբ»: Ավագանիներն իրենց հայտարարությունն ուղարկելու են նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը:

Ավագանիները հավաստիացնում են, որ իրենց նպատակները քաղաքականացված եւ անձնավորված չեն, այլ բխում են քաղաքի բնակիչների շահերից եւ միտված են քաղաքի բնականոն զարգացմանը: Այստեղ, սակայն, նկատելի է մի օրինաչափություն. այն ժամանակ, երբ դեռեւս քաղաքապետ էր Վարուժան Ներսիսյանը, իսկ ներկայիս քաղաքապետ Վարդան Ղալումյանը դեռեւս ավագանու անդամ էր, ինքն էր բոյկոտում ավագանու նիստերը եւ անգամ կազմակերպեց անվստահություն քաղաքապետի նկատմամբ, մամուլով հանդես եկավ մեղադրանքներով, ինչին հաջորդեց Ներսիսյանի կողմից դրանց հակափաստարկները: Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրության ողջ քարոզարշավի ժամանակ Ղալումյանը Ներսիսյանի հանդեպ մեղադրանքներ էր ներկայացնում, թե չի բարձրացնում աշխատավարձերը, նպաստները, թոշակները՝ «մոռանալով», որ դրանք համայնքի ղեկավարի պարտականությունների մեջ չեն մտնում: Հիմա ստացվում է, որ Ղալումյանի դեմ, երբ նա արդեն քաղաքապետի կարգավիճակում է, իր գործելաոճն է օգտագործվում, այժմ էլ իր դեմ են բողոքում ավագանիները: Ավագանիների բոյկոտը, կարծես թե, Իջեւանում դարձել է ավանդույթ, որի «հիմնադիրը» ներկայիս քաղաքապետն է:

Ավագանու անդամ Նարինե Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մենք ուզում ենք հանգիստ աշխատել, գործ անել, ընդհանուր հայտարարի գալ: Բայց ստացվում է, որ քաղաքապետը մեզ ուղղակի ուզում է արհամարհել, մեր ոչ մի կարծիքն ու առաջարկությունը հաշվի չի առնում: Մենք դեմ ենք համայնքի բյուջեն սեփական եկամուտների մասով կրճատելուն, ինչու, երբ այն ամեն տարի ավելացել է, բայց մեր խոսքը հաշվի չի առնվում: Աշխատավարձերը չի կարողանում վճարել, բայց քաղաքապետարանում նոր հաստիքներ է ստեղծել: Իսկ ամենացավալին, որ քաղաքապետը բանսարկություններով է զբաղված, դա անհանդուրժելի է»:

Հայտարարության տակ ստորագրած մյուս ավագանի Հրաչ Ներսիսյանը, ով նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայրն է, «Առավոտի» հարցին, թե միգուցե իր մեջ ավելի շատ խոսում է եղբայրը, քան ավագանին եւ բնակիչը, պատասխանեց. «Այն մասով, որ եղբորս ու նրա տղային բանսարկությամբ ուզում էին դարձնել հանցագործ, խոստովանեմ, որ այդտեղ, իհարկե, իմ մեջ խոսում է եղբայրը, եւ թող ոչ ոք չասի, թե իմ փոխարեն այլ կերպ կվարվեր, դա չի ների անգամ ոչ հարազատ մարդը, ուր մնաց՝ եղբայրը: Իսկ ինչ վերաբերում է մյուս հարցերին, այդտեղ ես շարքային բնակիչ եմ եւ ավագանի: Ի վերջո, իմ եղբոր քաղաքապետության ժամանակ ամեն տարի համայնքի բյուջեն սեփական եկամուտների մասով ավելացել է, իսկ նոր քաղաքապետը դա նվազեցնում է մոտ 1,5 մլն դրամով, ես, եւ առհասարակ ցանկացած տրամաբանող մարդ, ինչպես կարող եմ դա ընդունելի համարել, անկախ այն բանից՝ եղբայր է, եղբայր չէ: Արդեն երկրորդ ամիսն է մոտենում՝ աշխատավարձ չի տալիս մանկապարտեզներին, մշակույթի օջախներին, սպորտդպրոցին, թանգարանին, ինչու, այն դեպքում, երբ Վարուժանը անցած տարին փակել է 1մլն 800 հազար դրամի մնացորդով: Գոնե այդ գումարից աշխատավարձեր տա»:

Ըստ ավագանու անդամների, քաղաքապետը ջրմուղին հունվար ամսվա համար վճարել է 800 հազար դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարիների համար ողջ տարվա կտրվածքով այդ գումարը կազմում էր մոտ 600 հազար դրամ: Հարկ է նշել, որ «Հայջրմուղկոյուղու» Իջեւանի մասնաճյուղի տնօրենը քաղաքապետի ազգական Վոլոդյա Ղալումյանն է՝ ավագանու անդամ Վահե Ղալումյանի հայրը:

«Առավոտը» փորձեց այս եւ մյուս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ քաղաքապետ Վարդան Ղալումյանից: Վերջինս, սակայն, մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ քաղաքապետարանի հեռախոսահամարներն անհասկանալի պատճառներով անջատված են:

ՆԱԻՐԱ  ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829