Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանրակացարանի գործին վարչապետն է խառնվել

Փետրվար 28,2012 12:55

Ըստ բնակիչների՝ այն ապօրինի է սեփականաշնորհվել

Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում գտնվող հանրակացարանում 20 տարուց ավելի է՝ բնակվում են մանկատանը մեծացած երիտասարդներ, փախստականներ եւ սոցիալապես անապահով ընտանիքներ: Այդ ընտանիքների մի մասը ժամանակին աշխատել է Էլեկտրալամպերի գործարանում եւ մինչ բնակարան ստանալը՝ բնակվել է հանրակացարանում, սակայն այդպես էլ նոր տան երես չեն տեսել եւ այդտեղ էլ մնացել են: Բնակիչների ներկայացմամբ՝ այդ տարիների ընթացքում պարտաճանաչ վճարել են բնակարանի վարձը եւ մյուս կոմունալ վճարները՝ հուսալով, որ մի օր կսեփականացնեն իրենց սենյակները: Սակայն երբ դիմել են սեփականաշնորհելու համար, հայտնաբերել են, որ շենքն արդեն սեփականատեր ունի, որն էլ պնդում է, թե շենքն իրեն է պատկանում եւ ոչ ոքի անգամ մի թիզ չի տա:

Բնակիչներից մեկի՝ Աշոտ Միքայելյանի պատմելով՝ հանրակացարանը նախկինում պատկանել է թիվ 9 ուսումնարանին, որի հետ «Աշխատանքային ռեզերվներ» կազմակերպությունը 2003 թվականին պայմանագիր է կնքել, ըստ որի՝ իրավունք է ստացել շենքի 1-ին հատվածն ու 2-րդ հատվածի միայն 4-րդ հարկն անհատույց օգտագործել, որը վերանվանվել է «Օլիմպիական պատրաստման կենտրոն»: Ըստ բնակիչների՝ երբ այդ պայմանագրի ժամկետը լրացել է, կազմակերպությունը 2008-ին դիմել է կադաստրի պետական կոմիտե՝ շենքն ամբողջությամբ սեփականացնելու: Ընդ որում, ինչպես բնակիչներն են վստահեցնում՝ «Աշխատանքային ռեզերվներ» կազմակերպությունը կադաստրին ոչ լիարժեք տեղեկություններ է տրամադրել՝ հայտնելով, որ շենքն անմարդաբնակ է: Մինչդեռ այդ շենքում 28 ընտանիք է բնակվում: Բնակիչները «Առավոտի» հետ զրույցում մեկ առ մեկ ներկայացրին կոմունալ վճարների բոլոր այն կտրոնները, ըստ որոնց՝ իրենք 1991 թվականից սկսած՝ բնակվում են այդ հասցեում:

Հանրակացարանի բնակիչներն արդեն 1 տարուց ավելի է՝ հրաժարվում են բնակվարձը վճարել, պատճառաբանելով, որ գանձումներն անօրինական են: Նրանց խոսքերով. «Իսկ շենքի սեփականատեր կոչվածը մեզ սպառնում է որ դուրս շպրտելու, եթե վարձերը չմուծենք: Անգամ բնակիչների սենյակներ է ներխուժում եւ վարձի տեղը՝ եղած գույքը վերցնում: Այս տարիների ընթացքում մեզ անգամ տեղեկանք չէր տալիս, որ բնակիչները կարողանային «Փարոսից» օգտվել կամ պոլիկլինիկա դիմել»:

Մեկ այլ բնակչի՝ Նաիրա Պետրոսյանի ներկայացմամբ էլ՝ «Ըստ օրենքի, այդ հասարակական կազմակերպությունը, որը տարածքը ստացել է անհատույց օգտագործման համար, իրավունք չունի մեզ հետ պայմանագիր կնքելու ու վարձավճարներ ստանալու: Իսկ ինձ հետ պայմանագիր է կնքել, որով պարտավորվում էի բնակվճար կատարել, դեռ մի բան էլ կազմակերպության կնիքն է խփել: Ոտքից գլուխ այդ կազմակերպությունը կեղծարարությամբ է զբաղվում»:

Խնդրի առնչությամբ բնակիչները դիմել էին կառավարություն, որն էլ դատի է տվել այդ կազմակերպությանը, սակայն արդեն 3 տարի է, ինչպես բնակիչներն են ասում՝ դատական գործընթացը ձգձգվում է, իսկ շենքի սեփականատերը շարունակում է բնակիչներից վճարներ պահանջել:

«Մենք նաեւ դիմել էինք նախագահի աշխատակազմ, մեզ պատասխանել էին, որ սեփականատերն իրավունք չունի մեզանից գումարներ գանձելու՝ մինչեւ դատական գործընթացը չավարտվի»,- ասաց Նաիրա Պետրոսյանը:

Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել էր հանրակացարան. բնակիչների հավաստմամբ՝ խնդիրը մանրամասն ներկայացրել են, որից հետո վարչապետը խոստացել է, որ կսեփականացնեն բնակարանները: Հանրակացարանի բնակիչները դիմել էին նաեւ Երեւանի քաղաքապետարան, մարդու իրավունքների պաշտպանին, քաղաքաշինության նախարարություն, տարածքային կառավարման նախարարություն եւ մի շարք այլ գերատեսչություններ: Երեւանի քաղաքապետարանը հանրակացարանի բնակիչ Աշոտ Միքայելյանին պատասխանել է. «Ըստ օրենքի՝ Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանները Երեւանի քաղաքապետի որոշմամբ անհատույց օտարվում են այն քաղաքացիներին, ովքեր մշտապես հաշվառված եւ փաստացի բնակվում են այդ բնակարաններում՝ ներկայացնելով բնակարանի հատկացման վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր…»:

Բնակիչների խոսքերով՝ «Բայց հայտնվել է մեկը, որը պետական գույքը ապօրինաբար սեփականացրել է, իսկ մեզ զրկել մեր իրավունքներից: Թող իրավապահ մարմիններն իրավիճակն ուսումնասիրեն ու կեղծարարությունը բացահայտեն: Առավել եւս, որ վարչապետը մեզ թույլատրել է սեփականացնել մեր տնօրինած սենյակները»:

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Սարգիս Հովհաննիսյանը խոստացել է առաջիկա օրերին հանդիպել հանրակացարանի բնակիչների հետ: «Գոնե լսեն ու հասկանան, որ մեր պահանջն օրինական է»,- ասացին բնակիչները:

«Առավոտի» հետ զրույցում «Օլիմպիական պատրաստման կենտրոնի» տնօրեն Ստյոպա Հարությունյանը վստահեցրեց, որ շենքը օրինական ճանապարհով է ձեռք բերել, եւ առկա է կադաստրի վկայական. «Էդ իրենք են ապօրինի մտել շենք: Ես նոր եմ սոցապնախարարությունից դուրս եկել, այդ հարցը քննարկման փուլում է, տեսնենք՝ ինչ կլինի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829