Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյանը չի ուզում կորցնել ազատությունը

Փետրվար 28,2012 12:51

ԱԺ նախկին փոխխոսնակը առայժմ անկուսակցական կմնա

– Պարոն Ռուբինյան, կողմնորոշվեցի՞ք՝ ինչպե՞ս եք շարունակելու Ձեր հետագա քաղաքական գործունեությունը: «Ազատ դեմոկրատներին» անդամակցելո՞ւ եք:

– Երկար մտածելուց հետո որոշեցի, այնուամենայնիվ, ձեռնպահ մնալ որեւէ կուսակցության անդամակցելուց:

– Ինչո՞ւ:

– Այդքան տարի ինձ վրա կրել եմ պատասխանատվությունը՝ ՀՀՇ-ի անդամ լինելով: Հիմա հազիվ ազատվել եմ դրանից եւ պատասխանատու եմ միայն ինձ համար, իմ արածի ու չարածի համար: Ազատություն է, որը արագ նորից կորցնել չեմ ուզում: Պարզ է ձեր հարցի էությունը՝ ընտրություններ են մոտենում. պարզ ասեմ՝ հանուն նրա, որ հայտնվեմ որեւէ ընտրացուցակում, չեմ պատրաստվում որեւէ կուսակցության անդամագրվել:

– Իսկ մեծամասնական ընտրակարգով Ձեր բախտը կփորձե՞ք:

– Չէ, չեմ փորձի, որովհետեւ քաղաքական պայքար չկա: Եթե քաղաքական պայքար լիներ, մեծամասնականով միգուցեեւ մտածեի: Բայց այդ դեպքում էլ դժվար թե, որովհետեւ այնպիսի ֆինանսական արգելափակոց է դրված, որն ինձ համար այս պահին անհաղթահարելի է:

– Պատրաստվում եք քաղաքականությունից է՞լ դուրս գալ:

– Քաղաքականությունից դժվար թե դուրս գամ: Պարզապես խորհրդարանական ընտրությունները չեմ դիտարկում որպես քաղաքական թեժ պայքար: Որովհետեւ, այնուամենայնիվ, պետք է կամ հիմար լինես, որ հավատաս Սերժ Սարգսյանի երաշխիքներին, թե՝ արդար ընտրություններ են լինելու, կամ զառամախտով տառապես, որ չհիշես, թե նույն Սերժ Սարգսյանն ինչպիսի դերակատարում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի «արդար» ընտրություններում:

Ցավոք, եղավ այն, ինչ կանխատեսվում էր: Փաստորեն, հանցավոր ռեժիմի հովանու ներքո կամ քավորությամբ պիտի անցնեն այս ընտրությունները: Չեմ ասում, որ չարժե պայքարել: Պայքարել արժե, բայց էական բան չի փոխվելու: Պայքարել արժե, որովհետեւ հիմա մատների վրա հաշված պատգամավորներ կան՝ «Ժառանգության» ներկայացուցիչները, ովքեր ակտիվ պատգամավորական գործունեություն են ծավալում, եւ լավ կլինի, որ այդ թիվը կրկնապատկվի կամ եռապատկվի, ակտիվ պատգամավորներ շատ լինեն: Բայց արդեն հասկանալի է, որ այս ընտրությունների միջոցով չի կարող լինել ռեժիմի հեռացում: Այս ընտրությունները կարող են օգտագործվել ռեժիմի հեռացման պայքարը թեժացնելու համար, բայց, ցավոք, դրա նախանշաններն էլ դեռ չեն երեւում:

– Այսինքն՝ կարծում եք, որ ՀԱԿ-ի պայքարն առանձնապես արդյունքներ չի՞ տալու:

– Դեռ պայքար չկա: Նախորդ՝ նստացույց էր, ցույց էր, հանրահավաք էր, դրանից հետո, ըստ էության, որեւէ քաղաքական պայքար կամ նոր ձեւեր կիրառելու մասին հայտարարություն, նախանշան չեմ տեսնում, եթե չհաշվենք Հրազդանի ընտրությունները, որտեղ դասական մասնակցություն էր եւ «դասական» պարտություն՝ ներկա ռեժիմի թելադրանքի տակ: Հիմա, եթե նույնը պետք է կրկնվի, պարզ է, որ որեւէ պայքար կամ արդյունավետ պայքար դա համարել չի կարելի: Իսկ նոր ձեւերի՝ ճնշման, ժողովրդական ալիք բարձրացնելու, անհնազանդության մեթոդների վերաբերյալ խոստումներ կան, բայց դրանք սկսում են հակասել նախորդ տարվա գարնանն արված հայտարարություններին, թե դրանք ՀԱԿ-ի համար անընդունելի են: Այդտեղ էլ պետք է ինչ-որ պարզաբանումներ, ճշգրտումներ արվեն: Շուտով հանրահավաք է, կտեսնենք՝ ինչ-որ նոր բան կասեն, թե ոչ:

– Դուք մասնակցելու ե՞ք մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին:

– Չեմ կարող ասել: Իհարկե, հետաքրքիր է, բայց ընտանեկան խնդիրներ ունեմ:

– Ներկայացվող՝ իշխանության կողմից ուղղորդված սոցիոլոգիական հարցումներն ու վերլուծությունները «կանխատեսում» են, որ հաջորդ ԱԺ-ում լինելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ սցենարն իրականանա, եւ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» դուրս մնան:

– Եթե հավատում եք արդար ընտրությունների, իհարկե՝ հիմարություն են այդ թվերը եւ կանխատեսումները: Իսկ եթե խոսքն այն մասին է, որ ընտրությունները կեղծվելու են ռեժիմի կողմից, ապա էլի հիմարություն է, որովհետեւ ռեժիմն ինչպես ցանկանա՝ այնպես էլ կանի, էլի, ի՞նչ իմաստ կա ժողովրդի կարծիքը հետախուզելու: Հիմա կարող է դրսից լինեն ճնշումներ, համակերպվելով կամ արձագանքելով այդ ճնշումներին՝ ենթադրենք, որոշեն ՀԱԿ-ին տալ 15-20 տեղ կամ էլ որոշում են, որ ընդհանրապես չեն տալիս, փոխարենը մեկ ուրիշի են տալիս: Տարբեր տարբերակներ կարող են լինել, բայց դրանք ժողովրդի իրական կարծիքի եւ ժողովրդավարության հետ առնչություններ չունեցող հարցեր են:

– ԲՀԿ-ն վերահաստատեց իր հավատարմությունը իշխող կոալիցիային, մինչդեռ ՀԱԿ-ում դեռեւս շարունակում են հուսալ, որ ԲՀԿ-ն կարող է իրավիճակ փոխել: Համենայնդեպս, Հրանտ Բագրատյանն «Առավոտին» տված հարցազրույցում չէր բացառել, որ ԲՀԿ-ն կարող է վերակողմնորոշվել: Նման զարգացումները հավանական համարո՞ւմ եք:

– Դա ինձ համար հետաքրքիր թեմա չէ, որովհետեւ ԲՀԿ-ն նույն հանցավոր ռեժիմի հենասյուներից է: Ես չեմ ասում, որ իշխանության մեջ որեւէ հակասություն չկա, եւ որ հենց նույն ԲՀԿ-ն չի ձգտում ավելի ընդլայնել իր ազդեցությունն իշխանության մեջ՝ մի քանի ավելի մանդատ, մի քանի ավելի պաշտոններ: Կան, եւ հանցախմբի ներսում դրանք բնական ձգտումներ են: Բայց մեզ՝ հասարակ ժողովրդին, հասարակությանը դրանից ի՞նչ: Այդ հակասությունները կարող են սրվել այնքան ժամանակ, մինչեւ ընդհանուր ռեժիմը չզգա իր գոյության համար վտանգ: Հենց որ դա զգացին՝ իրենք կհամախմբվեն, ինչպես որ համախմբվեցին 2008 թվականի մարտի 1-ին: Այդ դեպքում դառնում է մի պատ, որը պետք է ջարդես, որպեսզի կարողանաս երկիրը զարգացման ուղիով տանել:

– Երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ իրենք կամավորականների են հավաքագրում՝ իշխանություններին ազատ ու արդար ընտրություններ պարտադրելու համար: Գործնականում Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:

– Հավաքագրումը՝ այո: Ավելի արդյունավետ ձեւ էլ կա՝ ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունները կարող են համագործակցության պայմանագիր ստորագրել եւ համատեղ շտաբներ ձեւավորել այդ ուղղությամբ: ՌԴ-ում էլ նման գործընթացներ կան:

Հնարավոր է համատեղել ուժերը եւ պայքարել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829