Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ նախարարները մտահոգվեցին

Փետրվար 28,2012 12:47

Եվրամիությունը որոշել է լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով: Թե ինչո՞ւ են մեր երեք պետություններն արժանացել նման «պատվի»՝ կարելի է ենթադրել: Միջին Արեւելքում, Ռուսաստանում, ինչպես նաեւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները սեւեռում են եվրոպացիների ուշադրությունը մեր տարածաշրջանի վրա: Չեմ կարծում, որ նրանք շատ մեծ սպասելիքներ ունեն Հարավային Կովկասի երկրներից. ԵՄ-ի առավելագույն ակնկալիքն այն է, որ մենք լինենք կանխատեսելի եւ հասկանալի: Ահա թե ինչու երեկ ԵՄ անդամ 27 երկրների արտգործնախարարները քննարկեցին վիճակը Հարավային Կովկասում եւ ընդունեցին փաստաթուղթ, որի բովանդակությունը հայտնի կդառնա այսօր:

ԵՄ արտգործնախարար Քեթրին Էշթոնը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, իր «խորը, խորը մտահոգությունները» (այդպես էլ ասաց՝ այդ բառը երկու անգամ կրկնելով) հայտնեց այն ամենի շուրջ, ինչ կատարվում է Հայաստանում եւ Ադրբեջանում՝ ղարաբաղյան խնդրի հետ կապված:

Ընդունվելիք փաստաթղթում հավանաբար նշվելու է Եվրամիության պաշտոնյաների համար Լեռնային Ղարաբաղ առանց նախապայմանների մուտք ապահովելու կարեւորությունը: Ի՞նչ է թաքնված այդ նուրբ դիվանագիտական ձեւակերպման տակ: Բանն այն է, որ Ադրբեջանը շատ դեպքերում պնդում է, որ արտասահմանցիներն՝ ընդհանրապես եւ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները՝ մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ մուտք գործեն իրենց թույլտվությունը ստանալուց հետո, հակառակ դեպքում նման պաշտոնյան կամ գործիչը հարեւան երկրում կարող է հայտարարվել persona non grata: Հավանաբար հենց այս՝ թույլտվություն ստանալու նախապայմանն են ուզում վերացնել ԵՄ ներկայացուցիչները:

Եվրամիության արտգործնախարարներին մտահոգել են նաեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը խոստացավ կենտրոնանալ արդար եւ ազատ ընտրությունների անցկացման հարցի վրա: Այստեղից կարելի է ենթադրել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները եվրոպացիների կողմից գնահատվելու են ավելի խիստ չափանիշներով, քան դա եղել է 2007-2008 թվականներին: Հատուկ ուշադրություն է դարձվելու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի բազմակարծությանն ու դատական համակարգի անկախությանը: Ուղղություններ, որտեղ վերջին չորս տարում որոշ շարժ կա, սակայն փոփոխություններն ընթանում են դանդաղ եւ վարանող քայլերով:

Առաջին անգամ նման մակարդակով խոսվում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ մեր երկրում այդ երեւույթը հասել է այնպիսի մասշտաբների, որ հեռավոր Բրյուսելում է նույնիսկ նկատելի դարձել: «Այս ոլորտում իրական առաջընթացը շարունակում է մնալ տնտեսական զարգացման եւ բարգավաճման հիմքը»,- ասվում է ընդունվելիք փաստաթղթի նախագծում: Կարելի է ավելացնել նաեւ, որ կոռուպցիան խանգարում է ոչ միայն տնտեսական բարգավաճմանը, այլեւ արդար ընտրությունների անցկացմանը եւ ինչու չէ՝ նաեւ ղարաբաղյան խնդրի լուծմանը: Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական էլիտայի անվերահսկելի հարստացման եւ ղարաբաղյան խնդրի միջեւ միայն առաջին հայացքից է, որ կապ չկա:

Բայց դա արդեն այլ թեմա է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829