Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օրենքը բանակը չի դարձնում քաղաքական պրոցեսների մասնակից

Փետրվար 28,2012 12:41

Պնդում է արդարադատության նախարարը, իսկ ընդդիմադիրները հակառակ կարծիքի են

Խորհրդարանը սկսեց քննարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը։ Սա այն օրինագիծն է, որը դեռ նախորդ քառօրյայում բուռն քննարկումների տեղիք տվեց, այդուհանդերձ, ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ այս օրինագծով հնարավոր է դառնում զինված ուժերի ներգրավումը պետության ներքին գործերին: Ըստ օրինագծի հեղինակների՝ նման բան չկա եւ չի կարող լինել: Ըստ ամենայնի, այս օրինագծում ինչ-որ բան դուր չէր եկել նաեւ կառավարությանը, քանի որ ԱԺ հերթական քառօրյայից անմիջապես առաջ կառավարությունը հետ կանչեց օրինագիծը՝ լրամշակելու նպատակով, եւ ապա հարցը հրատապ ճանաչելով՝ կրկին բերվեց խորհրդարան։ Երեկ, աշխատանքային օրվա ավարտին, խորհրդարանը սկսեց քննարկել օրինագիծը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացնելով օրինագիծը՝ հայտարարեց. «Ժողովրդի դեմ ոչ թե բանակը չի կարելի հանել, այլ անգամ մեկ տեղամասային տեսուչի, եւ այս նախագիծը ոչ միայն չի կարող նման բան նախատեսել, այլեւ դրան անդրադառնալ, եւ ցանկացած օրենք, եթե դրա նման բան պարունակի, պարզապես կլինի հակասահմանադրական»:

Արդարադատության նախարարը նաեւ հավելեց. «Եթե ինչ–որ մեկի մտքով անցնում է, որ սա կարող է գործիք լինել ընդդեմ քաղաքական հակառակորդների, ապա նման լեքսիկոնը (բառապաշարը- Մ. Ե.) պետք է դուրս գա մեզանից։ Իմ ճիշտ լինելը եւ ձեր մտահոգությունների անհիմն լինելը ժամանակն է ցույց տալու»: Այդուհանդերձ, ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները բավականին ակտիվորեն ձեռնամուխ եղան օրինագծի քննարկմանը եւ հայտնեցին իրենց մտահոգությունները:

Արդարադատության նախարարը ի պատասխան Վահան Հովհաննիսյանի հարցի՝ ասաց. «Երբ Դուք չեք հավատում իմ ազնվությանը, թույլ տվեք նաեւ ես Ձեր ազնվությանը չհավատամ այս հարցադրումներում: Սա որպես նախաբան, իսկ երբ Քադաֆիին եք մեջբերում, մեր երկիրը Քադաֆի չի եւ չի էլ լինելու այդպիսին: Այո, 60-65 թվականից եղել են արտակարգ դրություններ եւ այլն, սակայն այս օրենքը դրա հնարավորությունը չի տալու, այս օրենքը դա բացառելու է: Այս օրենքը հենց հնարավոր իշխանությունը յուրացնողների դեմ գործիք է»: Ըստ նախարարի՝ արդեն իսկ ոստիկանությունում սկսվել է բարեփոխումների գործընթացը, եւ «չպետք է վախենալ», որ բանակը կարող է օգտագործվել: Ի պատասխան՝ Վահան Հովհաննիսյանը ասաց, թե ինքը ոչ թե կասկածի տակ է դնում նախարարին, այլ կառավարությանը, ինչին էլ ի պատասխան՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Ես կառավարության անդամ եմ»: Վահան Հովհաննիսյանը կրկին պարզաբանեց. «Սահմանադրությունը հստակ նկարագրում է այն իրավիճակները, որտեղ հանրապետության նկատմամբ կա հարձակում, եւ չի ասվում, որ դա անպայման արտաքին ինտերվենցիան է. հարձակումը կարող է լինել նաեւ պետական հաստատության վրա՝ ներսից, եւ այդ դեպքում կարելի է մտցնել ռազմական դրություն, ո՞վ է խանգարում, եթե դրան է հերթը հասել, մտցրեք ռազմական դրություն եւ օգտագործեք բանակը: Մենք կասկածում ենք ոչ թե Ձեր ասածներին, մենք տեսնում ենք, որ չի համապատասխանում օրենքը Սահմանադրությանը»: Նախարարն էլ իր հերթին ընթերցեց Սահմանադրության համապատասխան հոդվածները եւ պնդեց իրենը: Արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը «բանակը որեւէ կերպ քաղաքական պրոցեսներին մասնակից չի դարձնում, որովհետեւ ասացի եւ կրկնում եմ՝ այս օրենքը բանակը չի դարձնում քաղաքական խնդիրների, քաղաքական պայքարում հակառակորդի նկատմամբ օգտագործելու միջոց: Այսինքն՝ քաղաքական հակասությունը ինքնին չի առաջացնելու նման իրավիճակ, քաղաքական հակասությունը, որը վտանգ կսպառնա սահմանադրական կարգին, այդ դեպքում՝ այո: Եվ այս օրենքը բանակը որեւէ կերպ քաղաքական պայքարի մասնակից չի դարձնում»: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ արդարադատության նախարարը յուրովի է մեկնաբանում Սահմանադրությունը՝ «Սահմանադրության մեջ չկա պարտավորություն՝ սահմանադրական կարգի պահպանման մասին», իսկ ըստ նախարարի էլ՝ եթե իր իրավագիտակցության աստիճանը եւ իրավական նորմերի իր ընկալումը չի համապատասխանում պատգամավորի ընկալմանը, «ապա դա չի նշանակում, որ Դուք եք ճիշտ: Եթե ինքնիշխանությունը կորցրած հայրենիքն է Ձեր հայրենիքը, եթե ես իմ երկրի ինքնիշխանության պաշտպանությանը չեմ մասնակցելու, կներեք՝ էդ որ պաշտպանությա՞նն եմ մասնակցելու»:

Ստեփան Սաֆարյանն էլ իր հերթին հարցրեց՝ մի՞թե այդքան վատ է գրված Սահմանադրությունը, որ ամեն ոք կարող է կարդալ եւ տարբեր կերպ ընկալել. «Շատ վատ է, երբ ՀՀ քաղաքացու համար գրված փաստաթուղթը կարող է ունենալ 3 միլիոն մեկնաբանություն»:

«Ճակատամարտը» կշարունակվի այսօր:

 ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829