Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի, Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ այսօր Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կազմակերպել է մարզիչների որակավորման բարձրացման միջազգային սեմինար:
Մասնակցում են Հայաստանի՝ 4, Վրաստանի՝ 2 եւ Ղազախստանի` 3 մարզիչներ: Սեմինարն անցկացնում է միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ստավրոս Գեոպրեպոլը՝ Հունաստանից: Այս սեմինարի կազմակերպումը Հայաստանում հնարավոր է եղել անցած տարվա նոյեմբերին Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջազգային ֆեդերացիայի համաժողովում՝ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Գիլոյանի համառ ջանքերի շնորհիվ:
Երկու փուլով անցկացվելիք սեմինարի (գեղավարգ եւ արգելքների հաղթահարում) ավարտին, որի ընթացքում անցկացվելու են տեսական եւ գործնական պարապմունքներ, մարզիչները կստանան համապատասխան որակավորում:
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հովիկ Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սա ընդամենն առաջին քայլն է այդ կարեւոր գործում եւ ֆեդերացիան ծրագրել է նմանատիպ սեմինարները, այսուհետեւ՝ արդեն ավելի բարձր կարգի եւ ուղղվածության, հաճախակի կազմակերպել Հայաստանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ