Այս տարի նշում ենք Հայ գրատպության 500-ամյակը: Եվ այդ կարեւոր հոբելյանը նշանավորվելու է պետական մակարդակով կազմակերպված տոնական խոշոր միջոցառումներով: Չհաշված արդեն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում Երեւանը Գրքի միջազգային մայրաքաղաք է հռչակված:
Բայց այդ ամենի խորապատկերում առնվազն տարօրինա՞կ չէ, որ նախատեսվել ու կատարվել է օրենսդրական փոփոխություն, որը հանգեցնելու է գրքի, մասնավորեցնենք՝ գեղարվեստական գրքի թանկացման:
Ի՞նչ է եղել։ Իսկ եղել է այն, որ անցյալ տարվա դեկտեմբերին փոփոխություն է կատարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում, ինչի հետեւանքով հատկապես փոքր հրատարակչությունների թողարկած գեղարվեստական գրքերն անխուսափելիորեն կթանկանան առնվազն 20 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ հրատարակիչներն արդեն որքան ժամանակ է, ինչ փորձում են հասնել նրան, որ ոլորտն ընդհանրապես ազատվի ավելացված արժեքի հարկից: Եվ կատարվում է… ճիշտ հակառակը։
Հրատարակիչների, ինչպես նաեւ Գիրք տարածողների ազգային ասոցիացիաները երեկ նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով այս անհասկանալի իրողության վրա։
Խնդրի հիմնական նրբությունները մանրամասն շարադրված են Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանի, գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանի եւ Գիրք տարածողների ազգային ասոցիացիայի նախագահ Խաչիկ Վարդանյանի ստորագրությամբ վարչապետին հղված նամակում։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»