Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կոնգրեսականները հորդորել են Քլինթընին հրաժարվել իր խոսքերից

Փետրվար 28,2012 11:10

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 304 բանաձևի հիմնական հեղինակներ, Կալիֆորնիա նահանգի դեմոկրատ Ադամ Շիֆը և Իլինոյս նահանգի հանրապետական Ռոբերտ Դոլդը երկուշաբթի օրը նամակ են հղել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընին, որտեղ պահանջել են հրաժարվել Հայոց ցեղասպանությունը «պատմական քննարկումների առարկա» անվանելու վերաբերյալ իր խոսքերից:

Կոնգրեսականների Շիֆի և Դոլդի նամակը ստորագրվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի իրենց 59 գործընկերների կողմից:

Արտգործնախարար Քլինթընին հղված նամակը ստորագրած կոնգրեսականները մասնավորապես նշել են, որ «որպես բաց հարց Հայոց ցեղասպանության պատմականորեն անճիշտ նկարագրությունը, բացի ամերիկահայերին և ցեղասպանության այլ զոհերին վիրավորանք հասցնելու, խրախուսում է Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացվող ցեղասպանության ժխտման ամոթալի արշավը»:

Ըստ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության, կոնգրեսականները նաև հիշեցրել են ԱՄՆ-ի արտգործնախարարին, որ 2006 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին հղված նամակում ինքը, ԱՄՆ-ի ներկա նախագահ  Բարաք Օբամայի հետ միասին, որպես «Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված համակարգված և նպատակաուղղված ցեղասպանության արշավ» է նկարագրել Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ «մեր պետության, ինչպես նաև միջազգային հանրության շահերից է բխում անցյալը և մարդկության դեմ իրականացված հանցագործությունները հիշելու անհրաժեշտությունը, որպեսզի դրանք այլևս երբեք չկրկնվեն»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր շնորհակալությունն է հայտնել կոնգրեսականներ Շիֆին և Դոլդին, ինչպես նաև ԱՄՆ-ի արտգործնախարարին Հայոց ցեղասպանությունը «պատմական քննարկումների առարկա» անվանելու վերաբերյալ խոսքերից հրաժարվել պահանջող նամակը ստորագրած իրենց բոլոր գործընկերներին:

«Հուսով ենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարը, ի պատասխան կոնգրեսականների կողմից հղված նամակին և ամերիկահայ համայնքի աճող զայրույթին, վերջապես կճանաչի և կփորձի հնարավորինս չեզոքացնել այս տխուր միջադեպի բացասական ազդեցությունը Միացյալ Նահանգների շահերն ու ամերիկյան արժեքները առաջ քաշելու, ինչպես նաև ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից իրականացվող դիվանագիտական աշխատանքի վրա», – իր հայտարարությունում նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829