Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գովազդի եթերաժամի սակագներն այս տարի ողջամի՞տ են

Փետրվար 27,2012 20:15

Լուսանկարը` media.am-ի

ԿԸՀ սահմանած ժամանակացույցի համաձայն՝ մինչեւ մարտի 5-ը հեռուստաընկերությունները պետք է հրապարակեն, թե ինչ սակագներ են սահմանելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքական գովազդի համար:

Ինչպես գիտենք, ամեն ընտրություններին, որքան էլ հեռուստաընկերությունները վստահեցնում են, որ սահմանել են ողջամիտ գին, այնուամենայնիվ հեռուստաեթերի գները հարուցում են մի շարք քաղաքական ուժերի եւ պատգամավորության թեկնածուների դժգոհությունը: Այսօր Aravot.am-ը մի քանի հեռուստաընկերություններից հետաքրքրվեց, թե արդեն որոշե՞լ են մոտավորապես ինչ գին են սահմանելու 1 րոպեի դիմաց եւ դրանք իսկապե՞ս ողջամտության սահմաններում են:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը տեղակացրեց, որ իրենք արդեն որոշել են սակագները. «Մեկ րոպեն չի տարբերվելու այն գներից, ինչ գոյություն ունի առեւտրային գովազդի դեպքում, մոտավորապես կազմելու է 30-35 հազար դրամի կարգի: Մենք ժամային սահմանափակում էլ չենք դնելու: Օրենքով սահմանված կարգով մեր իրավունքներն օգտագործելու ենք, տարբերություն  չենք դնելու, ոնց որ այլ գովազդներն ենք ընդունում, նույն կերպ ու նույն սակագներով էլ քաղաքական գովազդն է լինելու»: Մեր դիտարկմանը, որ ամեն տարի սովորական առեւտրային գովազդի սակագները տարբերվում էին քաղաքական գովազդից՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ամեն տարի ոնց, բայց այս տարի ասում եմ այն, ինչ որոշված է»:

«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանի խոսքերով՝ «Դեռ վերջնական գինը որոշված չէ, մոտ օրերս որոշում կկայացնենք: Կարող եմ ասել, որ կիառելու ենք միջինացված գին: Ինչպես տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ սահմանեցինք 1 րոպե 8000 դրամ, երեւի այդքան էլ կսահմանենք հիմա»: Պարոն Հարությունյանը հայտնեց, որ իրենց առեւտրային գովազդի 1 րոպեն դարձյալ մոտավորապես այդքան է:

«Ա թի-վի» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Խաչատրյանն էլ նշեց, որ դեռ չեն որոշել սակագները. «Դեռ չենք կարող հրապարակել, բայց սկզբունքորեն այն շատ չի տարբերվելու առեւտրային գովազդի գներից, միջինացված գին է լինելու, ինչը որ օրենքը պահանջում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829