Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն առաջարկել է` քվեարկել խղճի մտոք

Փետրվար 27,2012 20:10

Փետրվարի 28-ին ԱԺ-ում քննարկվելու է խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունը: Դեռ անցած շաբաթ yerkir.am-ի հետ զրույցում  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, թե երկուշաբթի օրը խմբակցության նիստի ընթացքում կքննարկեն եւ կորոշեն, թե ինչպես են քվեարկելու այս օրինագծին: Զոհրաբյանն ասել էր, որ խմբակցության այսօրվա նիստում է որոշվելու նաեւ, թե արդյոք ԲՀԿ-ն  կմիանա՞ երեքշաբթի օրը ԱԺ-ի մոտ ՀՅԴ-ի նախաձեռնած ցույցին, թե՞ ոչ:

Այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե այո, քննարկվել է օրինագծի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության որդեգրելիք դիրքորոշման հարցը: «Իհարկե, մենք  խմբակցության նիստ կգումարենք նաեւ այս հարցի քվեարկությունից առաջ` չորեքշաբթի առավոտյան, բայց  մեր դիրքորոշումն այդ առնչությամբ  հետեւյալն է. սկզբունքորեն մենք միանշանակորեն պաշտպանում ենք խորհրդարանի` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին աստճանական անցումը, ինչը,  ուզում եմ հիշեցնել, ամրագրված է մեր կուսակցության 2007թ. ռազմավարական ծրագրում եւ հաստատվել է համագումարի կողմից: Սակայն այս պահին հարցի առնչությամբ խմբակցությունում կան  տարբեր տեսակետներ. մեկն այն է, որ անհրաժեշտ է օր առաջ կատարել այդ փոփոխությունները եւ  պաշտպանել մեր գործընկերների առաջարկած նախագիծը: Նաեւ տեսակետ կա, թե`  ընտրություններից 2 ամիս առաջ խաղի կանոն փոխելը նպատակահարմար չէ: Լսելով խմբակցությունում առկա տեսակետները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է, որ խմբակցությունը կկայացնի ազատ քվեարկություն` յուրաքանչյուրը քվեարկի իր խղճի մտոք: Կարծում եմ, սա ճիշտ որոշում է, եւ խոսում է խմբակցությունում առկա, նաեւ  ներկուսակցության  ժողովրդավարության մասին»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի նախաձեռնած ցույցին, ապա պատգամավորի փոխանցմամբ, ԲՀԿ-ականները ցույցին չեն մասնակցի, բայց խորհրդարանում օրինագծի քննարկմանն ակտիվորեն կմասնակցեն:

Նկատի ունենալով, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կողմնակից է խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցումին, հարցրինք` հնարավո՞ր է, որ վաղը քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկեն այս փուլում գոնե կրճատել մեծամասնական տեղերի քանակը:  «Նման առաջարկներ մենք բազմիցս, նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ արել ենք: Մեզ համար դա եւս ընդունելի ճանապարհ է: Եթե հիշում եք, ես ինքս առաջարկեցի նաեւ, որ եթե այս պահին խնդիրը զուտ ժամանակի ու ընթացքում խաղի կանոն չփոխելու առումով իր լուծումը չի ստանալու, միգուցե, արժե աշնանը խնդիրը դնել խորհրդատվական հանրաքվեի, ինչի հնարավորությունը «Հանրաքվեի մասին» օրենքում արված փոփոխությունը մեզ տալիս է, եւ լսենք նաեւ հանրության ձայնը: Այսինքն, տարբերակները բազմաթիվ են,  բայց մեզ համար մեկ բան հստակ է` եթե մենք ուզում ենք ունենալ քաղաքական մոտիվացիայով առաջնորդվող խորհրդարան եւ կայացած քաղաքական կուսակցություններ, ապա դրա ճանապարհը մեկն է` անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829