Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն Ազգային Ժողովում հյուրընկալեց տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 20-ից ավելի ուսանողների: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ-ում քաղաքական ընդդիմության դերի, առաքելության եւ ներկայացուցչության կարեւորությունը: Խոսվեց նորանկախ ՀՀ-ի անցած քսանամյա ուղու, քաղաքական ու քաղաքացիական օրակարգերում առկա մարտահրավերների եւ դրանց հաղթահարման մասին: Հովհաննիսյանը պատասխանեց երիտասարդներին հուզող տարբեր հարցերի, որոնք առնչվում էին ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը, Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԺԿ-ին «Ժառանգություն» կուսակցության անդամակցությանը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում ՀՀ ընտրական գործընթացների եւ ընտրական համակարգում ձեւավորված արատավոր երեւույթների, ինչպեսեւ քաղաքական ու քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտության մասին: Հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, ինչը հնարավորություն կընձեռի էապես մեծացնել քաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության աստիճանը:
«Ժառանգություն» կուսակցություն