Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետին ժամադրում են Մաշտոցի այգում

Փետրվար 27,2012 17:41

Երեւանի քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հայտարարությունները Մաշտոցի այգում կրպակներ տեղադրելու վերաբերյալ հակասում են միմյանց: Այսօր «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեցին «Մենք ենք այս քաղաքի տերը» եւ «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները:

Ըստ նախաձեռնության անդամ Գոռ Հակոբյանի. «Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը Հանրային խորհրդի լսումների ժամանակ հայտարարել է, որ այդ խանութները, որոնք այդ տարածքում կառուցում են, քաղաքապետարանի սեփականությունն են եւ մենք դեռեւս չգիտենք, թե դրանք ինչպես ենք օգտագործելու: Քաղաքապետն ասում է՝ այդ տարածքները փոխհատուցում են այն խանութներին, որոնք Աբովյան փողոցից հանեցինք: Հակասությունն այն է, որ եթե դա Երեւանի սեփականությունն է, էլ ի՞նչ փոխհատուցման խնդիր կա»:

Բնապահպանական ակտիվիստները դիմել են քաղաքապետարան՝ պահանջելով բոլոր այն որոշումները, թե ինչ հիմքով է քաղաքապետարանն այդ խանութները տեղադրել Մաշտոցի այգում, ինչո՞ւ են հանրային տարածքներն օգտագործել խանութների համար եւ ի՞նչ օգուտ է ստացել քաղաքապետարանը: Նաեւ պահանջել են սեփականատերերի անունները, որպեսզի հասկանան, թե քաղաքապետարանը ո՞ւմ է տրամադրում հանրային սեփականությունը: Հարցին, եթե պարզվեն սեփականատերերի անունները, ի՞նչ քայլեր կնախաձեռնեն, ակտիվիստները պատասխանեցին, որ իրենց պայքարը սեփականատիրոջ դեմ չէ, այլ քաղաքապետարանի ղեկավարության:

Բնապահպանական եւ քաղաքացիական ակտիվիստների խոսքերով՝ մեկ տարի առաջ Փափազյան փողոցի կրպակները ապամոնտաժեցին, իսկ սեփականատերերին, որպես փոխհատուցում, ինչ-որ հեռու վայրերում տարածք տվեցին կամ էլ չեն տվել, իսկ ահա Աբովյան փողոցի «բուտիկների» սեփականատերերին նման փոխհատուցում են տալիս. «Ինչո՞ւ է անարդարություն գործում: Մենք չենք ուզում անձնավորել խնդիրը: Ուզում ենք արդարություն լինի. մի դեպքում ոստիկաններն օգնում են, որ կրպակները հանվեն, մյուս դեպքում օգնում են, որ կառուցվի»:

Նախաձեռնության անդամ Գոռ Հակոբյանի վստահեցմամբ, քաղաքապետարանի հետ նամակագրությունից պարզվել է, որ Աբովյան փողոցում տեղադրված կրպակներն էլ են եղել հանրային տարածքների հաշվին:

Քանի որ քաղաքապետարանի մոտ ակցիայի ժամանակ, ակտիվիստներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ չհաջողվեց հանդիպել, ուստի նրանք քաղաքապետին են հրավիրում այգի. «Մենք այգուց չենք հեռանում, սպասում ենք քաղաքապետին եւ դեռ հույս ունենք, որ նա կգա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829