Սպասվող խորհրդարանական ընտրություններում ԱԺ անկախ պատգամավոր, ‘’Ալեքս Գրիգ”-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը կրկին կառաջադրի իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով: “Հա, ես նորից առաջադրվում եմ”,-այսօր խորհրդարանում Henaran.am-ի թղթակցին ասել է Սամվել Ալեքսանյանը: Պատգամավորը հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել թիվ 7 ընտրատարածքից:
Հիշեցնենք, որ այս նույն ընտրատարածքից Սամվել Ալեքսանյանը պատգամավոր է դարձել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում: Henaran.am-ի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ ինքը գործարարությամբ չի զբաղվում, իսկ նրա մտերիմ ընկերը` պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կողքից ռեպլիկ արեց, թե “ինքը գործարար չէ, ինքը “Նիգ-Ապարանի” նախագահն է”: Սամվել Ալեքսանյանն ասել է, որ ընտրվելու իր շանսերը “շատ լավ” է գնահատում:
Ինչ վերաբերվում է Ռուբեն Հայրապետյանին, վերջինս էլ է պատրաստվում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել: “Կուսակցությունը ոնց որոշի, տենց էլ կանենք, որոշի, որ դնելու ենք, կդնենք”,-ասել է նա: Հարցին, թե նման որոշում արդեն կայացվե՞լ է, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է.”Առայժմ` ոչ, կարծում եմ կդնեմ”:
Henaran.am-ի դիտարկմանը, թե ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ այլեւս չի առաջադրվելու, պատգամավորը պատասխանել է.”Հիմա էլ հայտարարում եմ, որ դնում եմ: Ի՞նչ ա եղել, իմ իրավունքը չի՞, թե՞ կարող ա պատահի արգելում եք ինձ երկրորդ հայտարարությունն անել”:
Կարդացեք նաև
Ռուբեն Հայրապետյանը հավելել է, որ դեռ չի որոշել, թե որ ընտրատարածքից կառաջադրվի.”Հնարավոր ա, որ Կենտրոնում դնեմ կամ Զեյթունում դնեմ: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, Հայաստանում որտեղ ուզեմ, ընդեղ էլ կդնեմ”: Հիշեցնենք, որ նա պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից: