Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Պահանջվում է կինեմատոգրաֆիական գրաֆին, ցանկալի է ձրի, բայց անպայման հաստ պատերով (ծնթ. կինեմատոգրաֆիական է կոչվում բևեկնախեժից պատրաստված որևէ ջրաման կամ այլ անոթ` կինոներում սրա-նրա գլխին տալու համար: Կենսաքիմիական հատկություններ. առանձնապես ցավ չի պատճառում, բայց ակնթարթորեն վերացնում է գլխի թեփը): Բոլոր բարի կամքի տեր քաղաքացիներին, ինչպես նաև դեռևս քաղաքացիություն չունեցող ներգաղթյալներին գրաֆինի դիմաց կտրվի որոշակի փոխհատուցում` ըստ նվիրաբերած գրաֆինի պատերի հաստության:
Փաստերի շարադրանք կամ նախապատմություն
Ստորև բերվում է մի հատված սպառողների միություն-ակադեմիայի կողմից տուժող ճանաչված մի հուզված քաղաքացու ցուցմունքից, որն ընկճախտի սուր նոպա էր ունեցել անձը դեռևս չպարզված ոմն ընկերաբան-սոցիոլոգի տված իռացիոնալ` տեղ-տեղ բավականին դժվարամարս տեղեկությունների պատճառով: Տուժողը նոպայի հետևանքով ձեռք է բերել լեզվամտածողական որոշակի շեղումներ (մտքերը շարադրում է երգեցիկ` ռեպ կամ շարական ոճով), ինչի առթիվ հայցում ենք ընթերցողների ներողամտությունը.
«Երբ նա խոսեց` ցամաքեցին տեստոստերոն ու էնդորֆին
Էլեկտրոդը դըրի սրտիս` նայեցի օսցիլլոգրաֆին,
Լեղապատառ, շտապ զանգեցի ընտանեկան բժիշկ Ռաֆին,
Կրիզը անցավ` ճամփու դրի իրեն ու իր բերած ՌԱՖ-ին…
Աստծո սիրույն, հեռու տարեք էդ անողորմ դեմոգրաֆին`
Թիվ գրելիս , երևի թե չի էլ նայում պարագրաֆին,
Կարագի տեղ կըսաղացնի լափած մազութ ու պարաֆին`
Բարի՜ մարդիկ, ո՞վ կտա ինձ հաստ պատերով մի գըրաֆին…
«Հազիվ էի արտաբերել վերջին` գրաֆին բառը,- գրում է տուժողը,- երբ ողջ շենքից, միգուցե և թաղամասից, այնպիսի որոտ լսվեց, ինչպիսին լսվում էր «Հրազդան» ստադիոնում, երբ երանելի ժամանակներում «Արարատը» գրավում էր «Նեֆթչիի» դարպասը, (որին էլ հետևում էր հա՜- յե՜ր, օ լե՜, օլե օլե օլե՜) կամ երբ մութ ու ցուրտ տարիներին հանկարծ լույսերն էին տալիս (ուռռա՜ ): Այդ անսպասելի համաժողովրդական ցնծությունից դեռ ուշքի չէի եկել, երբ հեռուստացույցը խափանվեց. ըստ երևույթին ձայնային ալիքի ավերիչ ազդեցությունն իր գործն արել էր: Ինչ արած, պատահում է: Որպես բազում փորձություններով անցած, չինովնիկական տարբեր հոսանքների ու շերտերի կողմից երբեմն չհասկացված, սակայն հենց դրա շնորհիվ էլ մի լավ կոփված քաղաքացի (խնդրում եմ գյուղական ծագումս չշահարկել` այն գործի հետ որևէ առնչություն չունի), համբերեցի մինչ հաջորդ օրը: Առավոտվա թերթերից կարողացա իմանալ և դուրս գրել ապագա խորհրդարանի կազմի վերաբերյալ սույն գործով ամբաստանյալ ընկերաբան-սոցիոլոգի արած հարցումների վերջին, ինչպես հետո պիտի պարզվեր` առանձնապես ոչնչով աչքի չընկնող, բայց դրա հետ մեկտեղ` աննախադեպ հետևյալ արդյունքները.
1. ՀՀԿ . . . . . . . . . . . . . . 5%, միանձնյա առաջատար` ջախջախիչ մեծամասնություն
2. ՕԵԿ . . . . . . . . . . . . . սրա թիվը պարզել հնարավոր չի եղել, բայց ցանկալի է, որ անցնի
3. ԲՀԿ . . . . . . . . . . . . . 5,5%, հնարավոր է, որ սա էլ մի կերպ անցնի
4. Ժառանգություն . . . +-0/0%, վտանգավոր, շատ անորոշ իրավիճակ է (այդ թվում և մրցակիցների համար)
5. ՀԱԿ . . . . . . . . . . . . -5,5%, սա որ անցնի էլ, կարողա չանցնի.
Եթե լինես թուզ մեղրածոր` կամ էլ հյութեղ, քաղցր կոկոս,
Մեկ է, երբեք չես անցնելու` թեկուզ ստանաս հարյուր տոկոս:
Լավ չի, չէ՞ ՜…»
Այնուհետև ձեռագիրը դառնում է անընթեռնելի, ուստի ձեռնպահ ենք մնում հետագա շարադրանքից:
Ինչևէ, համոզված լինելով, որ տուժողն արդեն հուսալի ձեռքերում է, և նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում, ներկայացնում ենք վիկտորինայի հարցը.
Ո՞վ է տուժողի իրավահաջորդի և ժողովրդական լայն զանգվածների կողմից փնտրվող ամբաստանյալ ընկերաբան-սոցիոլոգը: Այս բարդ և խճճված հարցի պատասխանը առաջինը գուշակողին սպասում է մեծ անակնկալ:
Գլխավոր մրցանակ. երեք շիշ ձեթ` առանց պիտակի, բայց առաջին թարմության և պիտանելության ժամկետի մեջ (ըստ մեր հովանավորների` օգտագործողների հետ ոչինչ էլ չի պատահել, իսկ ասեկոսեներ տարածող չկամեցողների ինքնությունը հատուկ ծառայությունները կպարզեն շատ շուտով` ընտրություններից անմիջապես հետո):
Խրախուսական մրցանակներ.
- Ճիշտ պատասխանի դեպքում առաջին մեկնաբանության հեղինակը մեր հովանավոր ԿԸՀ կողմից կստանա բազմակի օգտագործման մեկ ունիվերսալ (համամասնական-մեծամասնական) քվեաթերթիկ` ֆորս-մաժորային ազդեցություններից հոլոգրաֆիկ պաշտպանությամբ, մասնավորապես` այն վավերականությունը չի կորցնի, եթե անգամ մեծամասնական ընտրակարգը ձեզ հայտնի որոշ ուժերի ճնշման տակ ամոթահար լինի և վերջապես որոշի անէանալ:
- Lավագույն մեկնաբանության համար կստանաք խմբագրության շնորհակալագիրը` նույնիսկ եթե այն տարբերվի խմբագրության տեսակետից կամ հակառակ լինի նրա ընդհանուր ուղղվածությանը:
Մրցութային հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Քաջիկ Արեյան, համատեղության կարգով`
Սպառողների միություն-ակադեմիայի արտահաստիքային թղթակից-անդամ