Երգչուհի Ջյուսը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի ամիս առաջ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» մրցույթին մասնակցելու առաջարկություն է ստացել ու մերժել: Ումի՞ց է ստացել այդ առաջարկությունը՝ նա չմանրամասնեց:
Մրցույթի մասնակցության առաջարկը մերժել է, իսկ երգիչ-երգչուհիների ՝ մրցույթի մասնակցության բոյկոտին միանալու առաջարկությունը չէր մերժի, պարզապես դրա մասին չի իմացել. «Ես կարծում եմ, որ պետք է անպայման չգնալ, որովհետեւ մեր բաքսյորները գնացել են, իրենց քարերով խփել են: Եվրոպական հեռարձակողների միությունը չի կարող ապահովել մեր երգչի անվտանգությունը»: Նա ասաց, որ մրցույթին մասնակցելուց հրաժարվելը միայն անվտանգության ապահովման մտավախությամբ պայմանավորված չէ. «Բացի դրանից, ուրիշ պատճառ էլ կար, պետք է ծախսել շատ մեծ գումարներ՝ միլիոններ, որ լինի ե՛ւ լավ շոու, ե՛ւ լավ հագուստ, ե՛ւ լավ դեկորացիա, ե՛ւ լավ երգ: PR –ը պետք է ամբողջ աշխարհով լինի, թերթիկներ, ռոլիկներ, եսիմ ինչ: Հետո էլ պետք է փարթի կազմակերպես «Եվրատեսիլից» հետո: Մեծ աշխատանք է, որը մեզ մոտ դեռ չի արվում: Պետք է կամ գնալ մեծ գումարներով եւ լավ թիմով, կամ էլ, ընդհանրապես, պետք չէ գնալ, որ միջին չլինես»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ