Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սանմաքրման ձեռնարկություններին հանձնարարել է շուրջօրյա և հետևողական աշխատանքներ իրականացնել փողոցները ձնամաքրման աշխատանքների ընթացքում օգտագորված ավազից մաքրելու ուղղությամբ, ինչպես նաև հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպելու կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները:
«Ճաքալցման աշխատանքները կամ ժամանակին թերի են կատարվել, կամ համապատասխան որակը չի ապահովվել: Ամեն դեպքում ճանապարհներին անհարմարություններն ակնհայտ են: Չնայած ներկայում տարվող աշխատանքները ժամանակավոր բնույթ են կրում, սակայն եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ասֆալտապատման ծրագրերի շրջանակում կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն ընդգծել է, որ ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում շահած այն կազմակերպությունները, որոնք չեն ապահովի անհրաժեշտ որակ, ասֆալտի վերականգնման աշխատանքները կիրականացնեն սեփական միջոցներով:
Կարդացեք նաև
«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ գարնանային հեղեղումներից խուսափելու նպատակով կազմվել է անհրաժեշտ միջոցառումների ծրագիր և ժամանակացույց: Զեկուցվել է նաև, որ պատրաստ է ոռոգման ջրանցքների և ջրատարների մաքրման գարնանային աշխատանքների ծրագիր, որը կմեկնարկի մարտի 1-ից:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ամփոփվում են հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման վերաբերյալ իրականացված մոնիտորինգի արդյունքերը: Տարոն Մարգարյանը նկատել է, որ, չնայած, կանոնակարգման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց ընդհանուր առմամբ վիճակը գոհացուցիչ չէ: Քաղաքապետը նշել է, որ բոլոր նախադրյալները կան ընթացիկ տարում հասարական տրասպորտի աշխատանքը բարելավելու և սպասարկման որակը բարձրացնելու համար, ինչին կնպաստի նաև երթուղային նոր ցանցի ներդրումն ու նոր ավտոբուսների շահագործումը:
Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են մայրաքաղաքում վերանորոգման անհրաժեշտություն ունեցող թվով 20 կանգառասրահները, կանգառագոտիներն ու 300 գծամետր ռետինե բարձակները: Առանձին հատվածներում վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են:
Անդրադառնալով սեփական եկամուտների` մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման գործընթացին, կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ համատիրությունների նախագահների հետ աշխատանքներ են տարվել աղբահանության վարձավճարների գանձման կարգի և ժամկետների տեղեկացման վերաբերյալ, քանի որ հունվարի 1-ից աղբահանության վճարը` որպես տեղական վճար, ենթակա է պարտադիր վճարման: Սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում կկիրառվեն համապատասխան տուգանքներ:
Համատիրությունների առավել արդյունավետ գործունեության և այդ նպատակով համատիրությունների խոշորացման գործընթացի հետ կապված քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել դաշտը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Անդրադառնալով վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների օբյեկտների սեփականատերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը` քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ գործընթացն ակտիվացել է և նախապատրաստական աշխատանքներ են տարվում հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ուղղությամբ:
Հանձնարարվել է նաև մարտի 1-ից շարունակել մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման աշխատանքները:
«Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մայրաքաղաքում ապօրինի հատված յուրաքանչյուր ծառի համար: Կանաչ գոտիները պետք է լինեն մեր ամենօրյա հսկողության տակ: Անթույլատրելի են նաև ապօրինի էտումներն ու այլ միջամտությունները»,-նշել է Տարոն Մարգարյանը և հանձնարարել բնապահպանության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին առավել հետևողական լինել:
Հաշվի առնելով, որ գարնանը մայրաքաղաքում նկատվում է գյուղատնտեսական մթերքների առևտրի աշխուժացում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել փոքրածավալ գյուղմթերքի նոր շուկաների կառուցման վայրերի վերաբերյալ: Նշվել է, որ ներկայում Երևանում գործող գյուղմթերքի փոքրածավալ շուկաներին նախորդ շաբաթ ավելացան ևս 2-ով` Ավան և Շենգավիթ վարչական շրջաններում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել նախատեսվող միջոցառումների համալիր ծրագիրը և նախապատրաստական աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:
Անդրադառնալով «Հին Երևան» ծրագրին և առանձնացնելով դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, քաղաքապետը նշել է, որ ծրագրի գաղափարը պետք է իր բոլոր կողմերով ներկայացնել հանրությանը:
«Պետք է քայլեր ձեռնարկենք և հնարավորին կարճ ժամկետում իրականություն դարձնենք այս գեղեցիկ նախագիծը, ինչի արդյունքում թե երևանցիների և թե մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքի կենտրոնում կունենանք ինչպես զբոսաշրջային, այնպես էլ պատմական ու գեղագիտական ինքնատիպ մի միջավայր»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն