Այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի, 1992 թվականին Խոջալուում տեղի ունեցած դեպքերի ականատես, հետախուզական խմբի հրամանատար Վլադիմիր Վարդանովի եւ լրագրողների միջև: «Մեր նպատակն է պատմել, թե ինչ է եղել իրականում»,-ասաց Բակուր Կարապետյանը:
Արդեն 20 տարի է, ինչ ադրբեջանական կողմը տեղեկատվական պատերազմ է վարում` կեղծ լուրեր տարածելով Խոջալուում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին: Այսօր Ադրբեջանական քարոզչական մեքենան Խոջալուում կրած պարտության 20-ամյակի առթիվ, 50 երկրներում իրականացնում է քարոզչական արշավ`ցուցադրվում են ֆիլմեր, կազմակերպվում հանրահավաքներ եւ կոնֆերանսներ, իսկ հայկական կողմը լռում է իրական փաստերի մասին: Բակուր Կարապետյանի մեկնաբանմամբ, ադրբեջանական կողմն այս ամենն անում է, որովհետև տեղի են ունեցել Սումգայիթի դեպքերը, որոնք կապված չեն պատերազմի հետ, իսկ Խոջալուի դեպքերը ռազմական օպերացիայի արդյունք են:
Հրապարակախոսը պատմեց, որ 1991-1992 թվականներին անընդհատ ռմբակոծվում էին Ստեփանակերտը եւ Ասկերանը՝ Շուշիից, Աղդամից, Խոջալուից. «Ինքս էլ մի քանի անգամ ռմբակոծության տակ եմ ընկել, ու ստիպված էինք պատսպարվել նկուղներում: Խոջալուն բաժանում էր Ղարաբաղը 2 մասի, բոլոր կարեւոր ճանապարհները անցնում էին այնտեղով, ուստի մեզ համար Խոջալուն վերցնելը կենսական անհրաժեշտություն էր դարձել»:
Վլադիմիր Վարդանովը նշեց. «Նորմալ է, որ անգրագետ զինվորական գործողությունների ընթացքում կարող են զոհեր լինել, բայց մեղքը պետք չէ ուրիշի վրա բարդել»: Վլադիմիրի վկայմամբ իրենք ի սկզբանե նպատակ չեն ունեցել մեծ թվով զոհեր տալ, հետախուզության ժամանակ հենց իրենք են հանդիպել փախստականներին հենակետերի տարածքում ու թողել են, որ անցնեն. «Խաղաղ բնակիչ զոհ ունենալը հանցանք է»:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով ադրբեջանական տվյալները զոհերի մասին (613 զոհ, 2000 վիրավոր)`նա ասաց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
Այժմ «Շուշի» հիմնադրամը պատրաստվում է Հաագայի միջազգային դատարանում դատի տալ ադրբեջանական իշխանություններին՝ բացահայտ կեղծիքի եւ միջազգային հասարակությանը մոլորեցնելու համար:
Անի ՄԿՐՏՉՅԱՆ