Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյյան Տապանը» խրախճանքի օբյեկտ չի դառնա. նպատակը մշակութային է

Փետրվար 27,2012 15:47

Մտավորականներից, ճարտարապետներից ու զինվորականներից բաղկացած խումբը միաձայն որոշում է կայացրել «Նոյյան Տապան» համալիրը կառուցել

«Հաղթանակ» զբոսայգու հարակից ժայռաբեկորների, ծառազուրկ եւ ոչ կանաչապատ բարձունքում՝ Արարատ լեռան դեմ դիմաց: Այսօր «Սլաք» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԱՐԱՄԵ ընկերության նախագահ Մարտուն Հարությունյանը:

Տապանի կառուցումն իրագործելու համար հիմնական ներդրողներից մեկը հենց նրա ընկերությունն է լինելու: Միջոցառմանը ներկա «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն Թորոս Ումրիկյանն ասաց, որ խիստ մոտավոր հաշվարկներով՝ պատմամշակութային տապանի կառուցումը կարժենա $20 միլիոն եւ պետբյուջեից դրա համար ոչ մի կոպեկ չի ծախսվի: Բացի ԱՐԱՄԵ-ից, «Նոյյան տապանի» կառուցմանը, ներդրումների տեսքով, կմասնակցի նաեւ «Հաղթանակ» զբոսայգին շահագործող «Որախ ժամանց» ՍՊԸ-ն:

Թորոս Ումրիկյանի խոսքերով, նպատակահարմար չեն գտել, որ բիզնեսմենները ներդրումներ անեն՝ մտավախություն ունենալով, որ այն չվերածվի խրախճանքի օբյեկտի. «Նախագծում բիզնես չի լինելու եւ նպատակն ի սկզբանե էլ եղել է մշակութային օջախ ունենալը»:

Ասուլիսին ներկա Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի մեկնաբանմամբ էլ, տապանի կառուցման նպատակը մեր երկրում համերաշխության մի հենակետ ունենալն է, որտեղ կայցելեն մարդիկ աշխարհի տարբեր երկրներից՝

անկախ կրոնական պատկանելությունից, ազգից ու ռասայից, քանի որ այստեղից է սկսվել մարդկությունը. «Իհարկե նախընտրելի է, որ այն կառուցվեր  Արարատ լեռան վրա, բայց առաջիկա 100 տարիներին նման բան տեղի չի ունենա»:

Հարցին, թե տարիներ առաջ  «Նոյյան տապանը» նախատեսված էր Խոր Վիրապ եկեղեցուն հարակից տարածքում, ինչն ավելի մոտ էր Արարատ լեռանը եւ արդյոք բիզնե՞սը չէր պատճառը, որ այն տեղափոխվեց Երեւան, պարոն Ումրիկյանը պատասխանեց, որ հաշվի առնելով Արտաշատի այդ հատվածի պատմական տարածք լինելը, որտեղ առայժմ պեղումներ իրականացված չեն, չէր կարելի այդտեղ ինչ որ բան կառուցել:

Նշենք, որ «Նոյյան Տապանը» նախատեսված է կառուցել բնական չափերով՝ ինչպես որ նկարագրված է Աստվածաշնչում: Երկարությունը կլինի 132 մետր, լայնությունը՝ 22 մետր, բարձրությունը՝ 13 մետր: Կառույցի կրող կոնստրուկցիաները կլինեն երկաթբետոնից, արտաքին երեսպատումը՝ փայտից: Այն կլինի եռահարկ. առաջին հարկը կծառայի որպես թանգարան, որտեղ Նոյ նահապետի ընտանիքի անդամների եւ կենդանական աշխարհի կրկնօրինակները կցուցադրվեն եւ տապանի վերաբերյալ հնադարյան իրեր ու գիտական տվյալներ: Երկրորդ հարկում՝ կինոթատրոն, կոնֆերանս- դահլիճ եւ մանկական խմբակների դասասենյակներ կնախատեսվեն: Վերջին հարկն էլ կծառայի որպես հյուրատուն զբոսաշրջիկների համար: Բացի այդ, մասնաբաժիններ կհատկացվեն տարբեր ազգերի զինանշանները, դրոշները զետեղելու համար:

Ըստ նախնական տվյալների, այն կառուցվելու է մինչեւ միչեւ 2015 թվականը, այսինքն՝ Եղեռնի 100- ամյա տարելիցին ընդառաջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829