Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արման Մուսինյանի` ազատ և արդար ընտրությունների գլխավոր խոչընդոտը Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբն է և նրա ղեկավարած ՀՀԿ-ն

Փետրվար 27,2012 15:38

Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի համար խորհրդարանական ընտրությունների արդյունքում մանդատ ձեռք բերելը ինքնանպատակ չէ և հավելեց. «Եթե նույնիսկ մենք ունենանք մեկ պատգամավոր, բայց անցկացվեն ազատ և արդար ընտրություններ, դա կհամարենք հասարակության գնահատականը և առաջինը կշնորհավորենք հաղթած ուժին: Այս պահին ազատ և արդար ընտրությունների մեկ գլխավոր խոչընդոտ կա. դա Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբն է և նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը: Եթե լինեն ազատ և արդար ընտրություններ, ՀԱԿ-ը խորհրդարանում կունենա ծանրակշիռ ներկայացվածություն, իսկ իշխող կուսակցության հետքն անգամ չի մնա: Պետք է ջարդել այս ընտրակեղծիքի մեքենան, որը հովանավորվում է վարչախմբի կողմից և հասնել խորհրդարանի վրա Հանրապետական կուսակցության ունեցած վերահսկողության վերացմանը»: 

Համամասնական –մեծամասնական ընտրակարգին վերաբերող քննարկումների մասին խոսելով`ՀԱԿ մամուլի խոսնակը նկատեց. «ՀՀ քաղաքական դաշտը գրեթե ամբողջությամբ համախմբվել է այն գաղափարի շուրջ, որ պետք է անցում կատարվի դեպի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի՝ բացառությամբ վարչախմբի պահապան ՀՀԿի: Երևի թե աշխարհում չգտնեք մի երկիր, որտեղ բոլոր քաղաքական կուսակցությունները համախմբված լինեն մեկ հարցի շուրջ և միայն մեկ կուսակցություն, որ կեղծված ընտրությունների միջոցով տիրապետում է կոճակների մեծամասնությանը, չորով ասի, որ այդպես չի լինելու և ոչ: Այստեղ քաղաքական մտածողության հատիկ անգամ չկա: Սա ամբողջությամբ կրիմինալ արտադրանք է, որը ցույց է տալիս Հանրապետական կուսակցության կրիմինալ բնույթը»:

Որպես վարչախմբի պահապան` պարոն Մուսինյանը նշեց միայն ՀՀԿ-ին: Այն հարցին` արդյո°ք ԲՀԿ-ն վարչախմբի պահապանը չէ, ՀԱԿ խոսնակը պատասխանեց. «ԲՀԿ-ն կողմ է քաղաքական մրցակցությանը և եթե մոտակա ամիսներին ու ընտրությունների օրը ցույց տա, որ ինքն իրապես շահագրգռված է ազատ և արդար ընտրություններով, ցույց տա հասարակական-քաղաքական դիմադրություն իրագործվող կեղծիքների դեմ, կարծում եմ` այդ դեպքում համագործակցության լայն դաշտ կբացվի: Ու դա կլինի հավաստիքը այն բանի, որ այս վարչախմբի հենասյունը, կեղծիքների իրագործողը, ապօրինությունների հիմնական իրականացնող ՀՀԿ-ն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829