Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալից պահանջել են ջնջել դատախազի նկարը

Փետրվար 27,2012 15:16

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում/դատավոր՝ Գ.Վարդապետյան/ պետք է շարունակվեր Դոնարա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դոնարա Մկրտչյանը մեղադրվում է անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Նոքի 6-րդ զանգվածի Գյուրջյան փողոցի 17/1 հասցեում գտնվող նախկին հացի փռին կպած աստիճանահարթակն ու դիմացի հողատարածքի խաղողի վազերի փայտե եւ երկաթե հենասյուներն ապամոնտաժելու եւ վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխելու համար: Ըստ մեղադրանքի, դրանով իսկ տիկինն «իրացրել է իր ենթադրյալ իրավունքը»: Դոնարա Մկրտչյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ քաղաքից չբացակայելու մասին:Մինչ ստորագրություն ընտրելը՝ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Դոնարայի նկատմամբ, այն դեպքում, երբ տիկինն ակտիվ հասարակական կյանքով է զբաղված եւ ֆիզիկապես մասնակցում էր հանրահավաքներին, բողոքի ցույցերին:

Քրեական գործով տուժող է ճանաչվել իրանահայ Մելանյա Ղազարյանը, որի սեփականության իրավունքի դեմ ոտնձգություն է դիտվել կատարվածը: Նախաքննության ժամանակ Մ. Ղազարյանը հայտնել էր, թե նշված խաղողի վազերն ու հենասյուները, 240 000 դրամ արժողության աստիճանահարթակը իրենցն է: Իսկ Դոնարա Մկրտչյանն էլ , որը դատարանի որոշմամբ, 90-ականներից տնօրինել էր վերոհիշյալ հասցեում գտնվող հացի փուռն ու տարածքը, պնդում է հակառակը՝ որ այդ ամենն իր ստեղծածն է:

Դոնարա Մկրտչյանը հրաժարվել է ցուցունք տալ, ստորագրել որեւէ փաստաթղթի տակ:

Նրա շահերը ներկայացնում էր հանրային պաշտպան Էդգար Արամյանը, որից այսօր հրաժարվեց Դ.Մկրտչյանը:

«Այն տպավորությունն էր, թե նա պաշտպանում էր մեղադրողի՝ Մկրտիչ Ենգիբարյանի շահերը:Ես խնդրել էի, որպեսզի պաշտպանս բացարկ հայտնի դատախազի դեմ, քանի որ ունեմ ողջամիտ կասկած դատախազի նկատմամբ»,- ասաց Դ,Մկրտչյանը:

Նախորդ դատական նիստից առաջ Դ.Մկրտչյանը հեռախոսով նկարել է մի դրվագ. «Դատախազը ուղղորդում էր տուժողին, նկատողություն արեցի, սակայն հաշվի չառնելով՝ դատախազը շարունակեց: Նկարեցի իմ բջջային հեռախոսով, իսկ դատախազը խիստ բարկացավ , սպառնում էր,  պահանջում, որ ջնջեմ նկարները, եթե ոչ՝ սպառնաց սանկցիա կիրառել եւ ինձ պատժի կենթարկել»: Պաշտպանը միանում է մեղադրողին եւ պահանջում, որպեսզի ամբաստանյալը ջնջի լուսանկարները: Հեռախոսը վերցնելով՝ նկարներն ի վերջո ջնջվում է: Այդ պատճառով ամբաստանյալը հրաժարվեց պաշտպանից: Դատական նիստը այդ իսկ պատճառով հետաձգվեց:

Մարտի 13-ին, ժ.14.30-ին կշարունակվի նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829