Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում Թումանյան 15 Ա շենքի 3-րդ հարկի պատուհանին փակցված հովանոցը պոկվել և ընկել է։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «լսեցինք ուժեղ ձայն, մեկ էլ էն տեսնենք, որ մի քանի երիտասարդներ հովանոցի տակից մի երիտասարդի դուրս բերեցին և շտապ ավտոմեքենայով տեղափոխեցին, հավանաբար՝ հիվանդանոց»։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցները՝ Երևանի փրկարարական ծառայության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը։
Հովանոցն ունի մոտ 3 մ երկարություն և 1,5 մ լայնություն, ծանրությունը՝ մոտ 100 կգ։
Կարդացեք նաև
Ի դեպ, նշված շենքում նմանատիպ մի քանի հովանոց կա և չկան լուրջ երաշխիքներ, որ մյուս հովանոցներն էլ չեն պոկվի։
Նշված շենքի տանիքներից կախված են նաև հսկայական սառցաբեկորներ, իսկ հարևանությամբ բնակվողներն արդարացիորեն բողոքում էին, որ պատկան մարմինները համապատասխան աշխատանք չեն կատարել։
Այս պահին ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները փորձում են պարզել վիրավոր երիտասարդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ