Այսօր Քաղաքագետների միությունում հերթական լսումների ժամանակ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ներկայացրեց ընտրակեղծիքների դեմ պայքարի նոր առաջարկ: Տեսնելով, որ 2000 միջազգային դիտորդ չի գալու Հայաստան՝ ՀՅԴ-ն պատրաստվում է ստեղծել «Արդար ընտրությունների կամավորական շարժում». «Մեր հասարակության մեջ վստահաբար կա 2000, 4000, 10 հազար մարդ, որ կուզենա, որ այս ընտրություներն արդար անցնեն: Այդ 10 հազար մարդը պետք է հրապարակ դուրս գա, պետք է պարտադրի արդար ընտրություններ այս երկրում: Ընտրությունները կարող են արդար լինել, եթե դա պարտադրվի այս իշխանությանը: Եթե կան մարդիկ, որ պատրաստ են զենքը վերցնել` հայրենիքը պաշտպանել, նույն այդ մարդիկ արդար ընտրությունները երաշխավորելու համար պատրաստ կլինեն կամավոր արձանագրվել: Միակ ձեւը սա է»:
Ըստ Հրանտ Մարգարյանի, ընտրվելու են «օրենք հասկացող, խելքը գլխին, քաջ, համարձակ եւ անշահախնդիր» մարդիկ: Հարցին` կամավորները կկարողանա՞ն լուծել այդ խնդիրը` պարոն Մարգարյանը պատասխանեց. «Այդ կամավորներն ազատագրել են Ղարաբաղը, երկրի մեջ վիճակ են ստեղծել, ինչո՞ւ պիտի չկարողանան: Ես չեմ էլ պատկերացնում, որ այդ կամավորները պետք է հաստաբազուկ, հաստավիզ մարդիկ լինեն, կարող են լինել ցանկացած բարոյական արժեքների համակարգ ունեցող եւ արժեքների հավատացող մարդիկ»:
Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս են ընտրելու կամավորներին եւ խուսափելու «ծպտյալներից»` պարոն Մարգարյանը պատասխանեց. «Պետք է արձանագրվեն, դրանից հետո նայած ով ինչ տեսակ սշխատանքի ավելի ընդունակ է` համապատասխան պատրաստություն պետք է տեսնեն եւ նաեւ պետք է մեր սիստեմով զտնենք այսպես ասած ծպտյալներին»: Կամավորական շարժման անդամները պարտադիր չէ, որ կուսակցական լինեն:
Կարդացեք նաև
Լսումներին մասնակցում էր նաեւ «Ժայռ» հ/կ նախագահ Ալեքսանդր Մինասյանը: Խոսելով ընտրացուցակները չհրապարակելու իշխանության որոշման մասին` նա ասաց, որ բազմաթիվ երկրներ կան, որտեղ մարդիկ տուրքեր են մուծում, եթե ընտրություններին չեն ուզում մասնակցել, եթե դա կիրառվի մեր երկրում, մարդիկ նախ կուզենան մասնակցել, անտարբեր չեն լինի, նրանց ձայնն էլ չեն կարողանա օգտագործել:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պարոն Մարգարյանին տեղեկացրեց, որ արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից «խոսք է վերցրել», եւ պլենառ նիստ են շուտով անելու` հանրային վերահսկողության բոլոր տարբերակները քննարկելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ