Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները շահել են ՀՌԱՀ-ի դեմ դատը

Փետրվար 27,2012 14:09
ԵՊՀ ուսանողները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից խնդրում էին վերահսկել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտումները:

Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները «Իրավաբանի մասնագիտական հմտություններ» դասընթացի շրջանակներում որոշել էին մոնիթորինգ անցկացնել` պարզելու համար, թե որ հեռուստաընկերությունն է ամենաշատը խախտում «Գովազդի մասին» ՀՀ օրենքը, եւ հետամուտ լինել խախտող հեռուստաընկերության նկատմամբ պատասխանատվության կիրառմանը: Ուսումնասիրվել են «Արմենիա», «Շանթ», «Հ1», «Երկիր Մեդիա», «12 TV» եւ «ATV» հեռուստաընկերությունների եթերները:

Պարզվել է` «առաջատարը» «Արմենիա TV»-ն է: Նշենք, որ մոնիթորինգը կատարվել է 2011 թ-ի փետրվար-մարտ ամիսներին: Այդ ընթացքում ուսանողները պարբերաբար ձայնագրել են եթերները, որպեսզի խախտումների իրեղեն ապացույցներ էլ ունենան: «Պարզեցինք, որ խախտվում են ե՛ւ լրատվական թողարկումների ժամանակ գովազդ չտալու, ե՛ւ գովազդի լեզվի մասին, ե՛ւ գովազդի ժամաքանակի, ե՛ւ հովանավորչական գովազդի պահանջները: Մեր նպատակն էր բացահայտել անբարեխիղճ գովազդը եւ քայլեր ձեռնարկել տվյալ հեռուստաընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասում է խմբի դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Գրիգոր Բեքմեզյանը:

Լրատվական թողարկման ընթացքում եղել է գովազդ, եթեր է հեռարձակվել ռուսաց լեզվով գովազդ, որը հակասում է գովազդի լեզվի մասին դրույթին, 3 ժամվա մեջ 48 րոպե հեռարձակվել է գովազդ, այնինչ «Գովազդի մասին» օրենքի դեռ այն ժամանակ գործող դրույթներով` 1 ժամում թույլատրվում էր 10 րոպե գովազդ: Երբեմն խախտվել է նաեւ 20 րոպեից ոչ պակաս հաճախականությամբ գովազդ հեռարձակելու դրույթը, երբ գովազդը հայտնվել է եթերում 17-րդ րոպեից հետո: 1 րոպեից ավելի չթույլատրվող հովանավորչական գովազդը տեւել է շատ ավելի երկար:

Նախ ուսանողները բողոք են պատրաստել եւ ուղարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին` խնդրելով  «Արմենիա TV»-ին գրավոր նախազգուշացում տալ եւ արգելել անբարեխիղճ գովազդի հեռարձակումը, սակայն հանձնաժողովը բացասական պատասխան էր տվել: Ուստի ուսանողները կազմել են հայցադիմում եւ ուղարկել ՀՀ վարչական դատարան: Գործի լսումներին ՀՌԱՀ-ի ներկայացուցիչը մասնակցել է միայն մեկ անգամ:

Այս տարվա փետրվարի 15-ին ՀՀ վարչական դատարանը վճռել է ուսանողների պահանջն ամբողջությամբ բավարարել` պարտավորեցնելով ՀՌԱՀ-ին ընդունել վարչական ակտ «Արմենիա TV» ՓԲԸ-ի նկատմամբ` անբարեխիղճ գովազդ հեռարձակելու համար կիրառել գրավոր նախազգուշացում եւ արգելել դրա հեռարձակումը:

Այս նախաձեռնությունն առաջին հերթին ունի ուսուցողական նպատակ, եւ ուսանողների համար սա դատարանում հանդես գալու առաջին փորձն էր: «Գործը հետաքրքիր էր ոչ միայն մեր մասնագիտական տեսանկյունից, այլեւ նրա համար, որ հասարակության լայն զանգվածների շահերից էր բխում»,- ասում է 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Գրիգորյանը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829