Փետրվարի 24-ին կայացել է «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ- հայցով դատական նիստ: Հայցադիմումում նշված է, որ 2011թ. հունիսի 21-ին Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրով հեռարձակվել է տեսանյութ, որի մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավն արատավորող ոչ հավաստի տեղեկություններ: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն հայցով պահանջում է պարտավորեցնել Ն. Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիային» հրապարակավ ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի, Ն. Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտությամբ բռնագանձել 3 միլիոն դրամ` որպես փոխհատուցում, եւս 264 հազար դրամ (որպես դատական ծախս), որից 200 հազար դրամը` փաստաբանին վճարած վարձատրության գումար եւ 64 հազարը` որպես վճարված պետական տուրքի գումար:
Լրագրող Նաիրա Խաչիկյանը երբեւէ դատին չի ներկայացել, նրա շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Գարիկ Գալիկյանը: «Իջեւան ստուդիան» դատարանում ներկայացուցիչ կամ փաստաբան չունի, հեռուստաընկերության ներկայացուցիչները երբեւէ չեն մասնակցել նիստերին:
«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի փաստաբան Նաիրա Խաչատրյանը հայտնեց, որ փետրվարի 24-ի նիստում ցուցադրվել են Հ2-ով Ն. Խաչիկյանի պատրաստած տեսանյութը եւ դրանից հետո Հ2-ի լրագրողի պատրաստած, օբյեկտիվ իրավիճակը ներկայացնող ռեպորտաժը: Նաիրա Խաչիկյանի փաստաբան Գարիկ Գալիկյանը դատարանում համարել է, որ երկրորդ տեսանյութը առաջինի հերքումն է: Սակայն Նաիրա Խաչատրյանը չի ընդունել այդ պնդումը: Վերջինիս խոսքերով` օրենքով հստակ սահմանված է, թե ինչ է հերքումը:
Նախորդ դատական նիստերում դատավոր Արման Կուրեխյանը հայտարարել էր, որ Նաիրա Խաչիկյանի ռեպորտաժում «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի վերաբերյալ պնդումների ճշմարտացիությունը դատարանում ապացուցելու պարտավորությունը դրված է պատասխանողի, իսկ հայցում նշված փոխհատուցման գումարի չափը հիմնավորելը` հայցվորի վրա:
Կարդացեք նաև
Նշենք, որ Ն. Խաչիկյանի ռեպորտաժում հնչել էին արտահայտություններ ,թե Իջեւանում ճանապարհի կառուցապատման ժամանակ «Իջեւանի ՃՇՇ»-ն գումարների յուրացում, մսխում է կատարել, հանված սալիկները վաճառվել են եւ այլն: Սակայն այդ ժամանակ ճանապարհաշինական ընկերությունը աշխատանքների համար պետբյուջեից դեռ գումար չէր ստացել, հանված սալիկներն էլ պահեստավորված են եղել: Փաստաբան Գալիկյանը դատարանում հայտարարել է, որ չի կարող ապացուցել ռեպորտաժում հնչած պնդումների իրավացիությունը: Նաիրա Խաչատրյանն ասել է, որ «Իջեւանի ՃՇՇ»-ն ճանապարհաշինական աշխատանքներ է կատարում ոչ միայն Տավուշի , այլ նաեւ այլ մարզերում, որ այդ ռեպորտաժով ընկերության գործարար համբավին վնաս է հասցվել: Դատավորն առաջարկել է հաշտության կնքել: Փաստաբան Գ. Գալիկյանը համաձայնվել է միայն Ն. Խաչիկյանի կողմից ներողություն խնդրելուն, բայց ոչ` գումարի փոխհատուցմանը: Դրան համաձայն չի եղել հայցվորի ներկայացուցիչը:
Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 7-ին, որի ժամանակ կհետազոտվեն դատարան ներկայացված գրավոր ապացույցները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ