Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը հանդիպում կունենան Բրյուսելում, որի ընթացքում, ի թիվս Սիրիայի, Իրանի ու տնտեսական ճգնաժամի, կքննարկեն նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում։
Ակնկալվում է, որ քննարկման ավարտին Խորհուրդը փաստաթուղթ, այսպես ասած` եզրակացություն կընդունի, որով եւս մեկ անգամ կընդգծի, որ պատրաստ է շարունակել աջակցությունը ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու բարգավաճմանը ողջ տարածաշրջանում։
Միաժամանակ, Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, նախարարները կընդգծեն տարածաշրջանում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու կարեւորությունը։
Ակնկալվում է, որ փաստաթուղթը նաեւ կամրագրի, որ պաշտոնական Բրյուսելը ցանկանում է ընդարձակել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում` նպաստելով կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ու շփման գծի ականազերծմանը։
Կովկասյան երեք երկրներում սպասվող ընտրություններից առաջ Խորհուրդը կանդրադառնա նաեւ ժողովրդավարությանն ու բարեփոխումներին` ընդգծելով, որ դրանց տեմպից է կախված Եվրամիության հետ հարաբերությունների ինտենսիվությունը։
Կարդացեք նաև
«Բարեփոխումներում առավել շատ ներգրավված գործընկերները ավելին կստանան Եվրամիության հետ համագործակցությունից, այդ թվում` ավելի սերտ քաղաքական ընկերակցություն, աստիճանական ինտեգրում ներքին շուկայում, քաղաքացիների ավելի ազատ տեղաշարժ եւ ԵՄ-ի աջակցություն», – փաստում է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջը։
Փաստաթուղթը , ըստ «Ազատություն» ռադիոկայանի, կընդունվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` մարտի սկզբին Բրյուսել կատարելիք այցի նախաշեմին, որի ընթացքում անդրադարձ կլինի երկրում կատարված բարեփոխումներին ու առաջիկա ընտրություններին։
«Արդեն հայտնի է, որ Հայաստանի նախագահը հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ, եւ կարծում եմ` Բարոզուն առիթը բաց չի թողնի` կրկնելու այն, ինչ այս օրերին ասում են եվրոպացի բոլոր պաշտոնյաները` Հայաստանը պետք է անցկացնի ազատ եւ արդար ընտրություններ», – ասում է Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը։