Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին զգուշացրել են, որ այսուհետ օրինապահ գյուղացիներն էլ չեն մուծի հողի հարկը

Փետրվար 27,2012 11:34

Թիվ 41 ԸԸՀ-ի շենքը վարչապետի այցի շնորհիվ ունեցավ նոր դուռ

Փետրվարի 26-ին, կիրակի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը կուսակցական այցով ժամանել էր Իջեւան: Նրան ուղեկցում էին նաեւ մի շարք նախարարներ` ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Այդ առթիվ Իջեւանի քաղաքային կոմունալ ձեռնարկության աշխատողները ջարդել, մաքրել էին ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության գրասենյակի շենքի առջեւի սառույցը, ավլել այդ փողոցը:

Վարչապետը կուսակցության գրասենյակից հետո այցելել է թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այդ օրը փոխված էր թիվ 41 ԸԸՀ շենքի մուտքի դուռը` հին, մաշված դռան փոխարեն «եվրոդուռ» էր:

Տավուշի ՀՀԿ-ական գյուղապետերը, դպրոցների տնօրենները եւ այլք վարչապետի հետ հանդիպել են մարզպետարանի դահլիճում: Եթե որեւէ այլ կուսակցություն կամենա ոչ աշխատանքային օրը Տավուշի մարզպետարանում հավաք անցկացնել, դահլիճը կտրամադրե՞ն: Կուսակցական հավաքին մասնակցել են ԱԺ հանրապետական պատգամավորներ Գագիկ Մելիքյանը,Գագիկ Մինասյանը, Հակոբ Հակոբյանը (Տավուշի թիվ 41 ընտրատարածք):

Մարզպետ Արմեն Ղուլարյանը փորձել է սահմանափակել վարչապետին տրվող հարցերի թիվը, գյուղապետերին հորդորելով առաջադրել ոչ թե իրենց համայնքին առնչվող, այլ ընդհանուր բնույթի հարցեր: Սակայն Տիգրան Սարգսյանը ներկաներին հորդորել է անկաշկանդ ձեւով հարցեր ուղղել իրեն: Համայնքապետերից մեկը հարց է առաջադրել հողի հարկի պարտքերը չեղյալ համարելու կառավարության օրենսդրական նախաձեռնության մասին, որից, համայնքի ղեկավարի խոսքերով, տուժում են օրինապահ, հողի հարկը մուծած գյուղացիները: Մտավախություն կա, որ այսուհետեւ նրանք եւս հարկ չեն մուծելու` ակնկալելով, որ 5 տարի անց` ընտրությունների շեմին իրենց պարտքերը չեղյալ կհամարվեն: Վարչապետն ասել է, որ հողի հարկի պարտքը չեղյալ համարելու օրինագիծը դեռ պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից, որ այն վերաբերում միայն տույժ-տուգանքներին, ոչ թե պարտքի մայր գումարին:

Սահմանամերձ Դիտավանի բնակիչ, մանկահասակ 4 տղաների հայր, բարձրագույն իրավաբանական կրթությամբ գործազուրկ Դավիթ Սահակյանը վարչապետին ասել է, որ իր ընտանիքն ապրում է 44 հազար դրամ ընտանեկան նպաստով, եթե ինքը 70-80 հազար դրամ աշխատավարձով գործ ճարի, կզրկվի նպաստից: Նաեւ բողոքել է, որ իր բազմազավակ ընտանիքին սահմանամերձ Դիտավանում տնամերձ չեն տվել, որի պատճառով ապրում է Իջեւանում, Ռուսաստանում գտնվող բարեկամի տանը: Դավիթն ասել է, որ հիպոթեքային վարկ ստանալու հնարավորություն չունի եւ հարցրել` կառավարությունն ի՞նչ է անում սահմանագոտու բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար: Վարչապետը խոստացել է լուծել Դ. Սահակյանին Դիտավանում հողամաս տրամադրելու հարցը: Տիգրան Սարգսյանի խոսքերով` իրենք ցանկանում են, որ ընտանիքներն ապրեն ոչ թե նպաստով, այլ կերակրողի ստացած բարձր, ամսական 300 հազար դրամ աշխատավարձով: Այդ խոսքերից հետո դահլիճը ծափահարել է:

–          Բացի վարչապետից եւ մի քանի պատգամավորից, դահլիճում նստածներից ո՞վ է 300 հազար դրամ աշխատավարձ ստանում,- «Առավոտի» թղթակցին բողոքեց Դավիթը:

Հավաքում վարչապետի ձեռամբ ՀՀԿ անդամատոմսեր են ստացել շուրջ մեկ տասնյակ դպրոցների տնօրեններ, բժշկական հիմնարկների, պետական այլ հիմնարկների աշխատողներ եւ այլք:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829