Այսօր՝ փետրվարի 27-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը՝ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ, Ավետիս Մանուկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև 1-03 ծառայության աշխատակիցները։ Դեպքի վայրում են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Գևորգյանի և Դավիթաշենի բաժանմունքի պետ Հրաչյա Բաբայանի գլխավորությամբ։ Արդեն փրկարարները ճոպանի օգնությամբ իջնում են գետը, որպեսզի գետից դուրս բերեն տղամարդու դին։
Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ տղամարդը, ով կլինի մոտ 40–ից 45 տարեկան «Ռավ 4» մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, որից հետո իրեն ցած նետել կամրջից։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը «Ռավ 4»-ի մեջ հայտնաբերել է մեկ շիշ բացված կոնյակ։
Քիչ անց ոստիկանությունը պարզել է, որ ինքնասպանություն գործած անձը Երևանի բնակիչ, 34-ամյա Գ. Ս.–ն է, ով աշխատում էր «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունում որպես բաժնի ղեկավար։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ