Այսօր` փետրվարի 26-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի 1.5-րդ կմ-ի հատվածում մերկասառույցի պատճառով իրար են բախվել Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Ամիրյանի վարած «Լեքսուս RX300» մակնիշի 02 ՏՕ 030 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 31-ամյա Ալիկ Բաղդասարյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 28 ՍԼ 181 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լեքսուս»-ի ուղևորներ, 52-ամյա Անահիտ Ամիրյանն ու 23-ամյա Պերճ Ամիրյանը առաջին բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ «Օպել»-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ 21-ամյա Ազատուհի Գրիգորյանն ու 24-ամյա Աննա Գրիգորյանը տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի Ծաղկաձորի ջոկատի ՃՈ աշխատակիցները` ջոկատի հրամանատար Պետրոս Մաթևոսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արսեն Սուխոյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տուգանային հրապարակ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Վթարի վայրում ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե ժամանակին մերկասառույցը հեռացվեր, ապա նման վթար տեղի չէր ունենա: