Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջում էլ ոստիկաններ ու մի 15 հայի դեպորտ», «փարթիներ» եւ կարոտ. Հայ երիտասարդները դրսում

Փետրվար 26,2012 15:15

Մենք քայլում ենք Երևանով և չենք էլ մտածում, որ դա կարող է ինչ-որ մեկի համար երազանք լինել: Այսօրվա պայմաններում Հայաստանից դուրս ապրում են մի քանի անգամ ավելի շատ հայ երիտասարադներ, քան հենց Հայաստանում: Մենք այսօր չենք փորձի գտնել պատճառները կամ առաջարկել լուծումներ, այլ կներկայացնենք արտերկում ապրող հայ երիտասարդներից մի քանիսին և նրանց հետաքրքրությունները:

Հենրիկը 16 տարեկան է, 7 տարի է, ինչ բնակվում է Իսպանիայում: Երևանում երբեք չի եղել. «Ես ծնվել եմ Ախուրյան գյուղում: Մեծ ցանկություն ունեմ Երևանը տեսնելու: Ամբողջ Հայաստանն եմ ուզում տեսնել, կարոտել եմ հայկական միջավայրը»: Ինչպես ասում է՝ հոգնել է շուրջբոլորը իսպաներեն լսելուց:

Իսպանացիների հետ քիչ է շփվում, պատճառաբանում է. «Հայերից շատ են տարբերվում, իսկ նրանք, ովքեր շփվում են, մոռանում են, որ հայ են ու կորցնում են իրենց: Ցավոք, այդպիսիները շատ են»: Հենրիկը նաև բռնցքամարտիկ է, հույս ունի հասնել մեծ բարձունքների, մեզ էլ խոստանում է մրցել եռագույնի տակ:

Տիգրանն իր ապագան Հայաստանում դեռ չի տեսնում: Շուտով կլրանա 5 հինգ տարին, ինչ բնակվում է Ֆրանսիայում: 20 տարեկան է: Ապագա հաշվապահ է, նաև զբաղվում է ֆուտբոլով. «Խաղում եմ մի ակումբում, որը հանդես է գալիս ֆրանսիական ոչ պրոֆեսիոնալ լիգայում»: Ֆրանսիայում իրեն շատ բան է դուր գալիս, թվարկում է. «Ազատ մտածելակերպ, ազատ ապրելաոճ: Երբ դուրս ես գալիս, բոլորի դեմքին ժպիտ կա, և ամեն մեկը ստանում է հնարավորություն իր նպատակին հասնելու համար»: Ինչպես ասում է՝ շատ է կարոտում բարեկամներին, ընկերներին և Երևանը: Հիմնականում շփվում է հայերի հետ, սակայն ֆրանսիացի ընկերներ ևս ունի: Պատմում է, որ երբ ազատ ժամանակ են ունենում, հայերով հավաքվում են. «Ստեղծում ենք փոքրիկ Հայաստան ու հայկական ձևերով ուտում, խմում ենք :)»:
Կազմակերպում են նաև «փարթիներ». «Ու հայերը հավաքվում են ուրախանալու: Ամեն մեկը պարում ա ինչ գիտի: Ուս ուսի տված: Արդեն էդ ժամանակ երաժշտությունը կարևոր չի, մենք պարում ենք մեր պարը  🙂 »: Տիգրանը հասցրել է որոշ չափով ճանաչել ֆրանսիացիներին: Խնդրեցինք` նշել հայերի և ֆրանսիացիների տարբերություններ. «Ասենք, եթե գնաս ֆրանսիացու տուն, չի բերի դեմդ սեղան փռի, իսկ հայերը հյուրասեր են: Կամ ֆրանսիացու մեքենան եթե փչանա, կտանի եսիմ ինչքան գումար կտա, որ նորոգեն, բայց հայը իր հայկական ձեռքերով կնորոգի 🙂 »: Չնայած Տիգրանը մոտ ապագայում Հայաստան վերադառնալու պլաններ չունի, սակայն իր կողքին՝ որպես կին, տեսնում է միայն հայ աղջկա. «Իմ սկզբունքներից մեկն ա՝ իմ ապագան կապել հայ աղջկա հետ»:

21-ամյա Ալեքսանդրը հիշում է՝ 4 օր առաջ լրացավ 4 տարին, ինչ նա Ֆրանսիայում է: Վերջին անգամ Հայաստանում է եղել փետրվարի 22-ին՝ առավոտյան ժամը 7:00 –ին: Պատմում է, որ Ֆրանսիա մեկնելուց մեկ տարի անց ցանկանում էր տոմս առնել ու վերադառնալ Հայաստան. «Բայց դե հարմարվեցի: Եթե հարմարվում ես, քիչ թե շատ հեշտանում ա»: Իսկ դժվարություններ շատ են եղել. «Բոլորի համար էլ այստեղ ապրելու և աշխատանքի իրավունք ունենալն ա խնդիր: Մինչև էդ իրավունքներն ստանալը էնքան դժվարությունների միջով ենք անցնում, որ պատմելու չի»: Այժմ  սովորում է, զբաղվում է ըմբշամարտով: Ժամանակին պարի դասերի է հաճախել, մի քանի օր անց հրաժարվել է այդ մտքից. «Որովհետև քոչարիից բացի` ուրիշ պար չէին պարում: Ոնց որ Արարատ սարը խորհրդանշում ա Հայաստանը, քոչարին էլ խորհրդանշում ա ստեղի հայ ժողովրդին»,- ծիծաղելով պատմում է Ալեքսանդրը: Փարիզում ևս հայերը կազմակերպում են «փարթիներ», սակայն, որպես կանոն, բոլորն ավարտվում են նույն սցենարով. «Ուզում ա նոր տարվան, անկախության տոնին նվիրված լինի, ինչ ուզում ա` լինի, կռիվը, ոնց որ միշտ, կա: Վերջում էլ ոստիկաններ ու մի 15 հայի դեպորտ»:

 

 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829