Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 25-ին տեղի է ունցել «Ա-ից Ա. (Հայաստանից (Արմենիայից ) ԱՄՆ) Հարմոնիայի աշխարհ» խորագրով համերգ: Այն ներկայացնում էր Հայաստանի և ԱՄՆ-ի 8-ից 14 տարեկան երեխաների համատեղ ստեղծագործությունները`իրենց տեսակի մեջ եզակի երաժշտական կոմպոզիցիաներ:
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման խորհուրդը ներդաշնակությունն է, ինչը ես տեսնում եմ նաև հայ-ամերիկյան հարաբերություններում: Գնահատելով երկկողմ հարաբերությունները` ինձ համար շատ տպավորիչ ձևակերպում տվեց ԱՄՆ-ի դեսպանը. հայ-ամերիկյան հարաբերությունները վերելք են ապրում և, ըստ դեսպանի, դրանք երբևէ չեն գտնվել այնքան բարձր մակարդակում, ինչպիսին գտնվում է նախագահներ` Օբամայի և Սարգսյանի օրոք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ այսօր երկու երկրների հարաբերությունները բազմազան են և բազմաբովանդակ և իրենց մեջ ներառում են մարդկային գործունեության բոլոր ոլորտները` սկսած տնտեսական ոլորտից, վերջացրած քաղաքացիական հասարակության ձևավորման գործում տեխնիկական և ֆինանսական օժանդակությունից: «Մենք կարևորում ենք Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման և Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում: Մենք լի ենք վճռականությամբ` խորացնելու և ընդլայնելու մեր բարեկամական կապերը, որովհետև վստահ ենք, որ այդ կապերը նպաստելու են մեր ժողովուրդների բարգավաճմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը` շնորհավորելով հայ և ամերիկացի ժողովրդին`երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:
Համերգային նախագիծն իրականացվել է «Լույս» հիմնադրամի, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությամբ: Երաժշտական ստեղծագործություների դասերը վարել է հռչակավոր կոմպոզիտոր և նորարար Թոդ Մաքովերը:
Կարդացեք նաև
Համերգում երեխաների ստեղծագործությունները կատարվել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Դոգմա» ռոք խմբի կողմից: