Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. ժամը 22։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Ագարակ գյուղի բնակիչ Հայկ Աբրահամյանը, վարելով BMW մակնիշի 15 ՕԼ 220 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մ գլորվել ձորակը։ Վթարի վայրից վարորդին և ուղևորին, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշտարակի քաղաքային հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկասպես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանը։ Նրա հանձնարարականով ավտոմեքենան ձորակից դուրս է բերվելու և տեղափոխվելու է ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հրապարակ։ Այս պահին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները վթարի վայր են բերել տալիս վերամբարձ կռունկ, քանի որ միայն այդ եղանակով հնարավոր կլինի ավտոմեքենան դուրս բերել ձորակից։