Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության աշխատակից, 45-ամյա Էդվարդ Հակոբյանը, վարելով «Օպել» մակնիշի 68 ՍՕ 052 համարանիշի ավտոմեքենան, Երևանի ՄաՆանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որին այնուհետև տեղափոխել է թիվ 6 շտապօգնության կայան, այնուհետև բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել վրաերթի ենթարկված անձին Էրեբունի բժշկական կենտրոն։ Այս պահին Էրեբունի բժշկական կենտրոն է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Ասոյանը, ում հանձնարարականով ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ աշխատանքներ՝ պարզելու համար վրաերթի ենթարկված անձի ինքնությունը, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված վրաերթի գործով զբաղվելու է ՀՀ ՊՆ քննչական վարչությունը, քանի որ վրաերթ կատարողը, ինչպես նշել ենք, ՊՆ աշխատակից է։