Հայաստանի երիտասարդական կենտրոնում անցկացվեց այսօր` փետրվարի 25-ին, «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբի հերթական բաց հանդիպումը: Քննարկման թեման էր «Աբսուրդը Ֆրանց Կաֆկայի երկերում»: Մասնակցում էին ակումբի առաջին եւ երկրորդ խմբի անդամները: Մասնակիցները հիմնական շեշտը դրել էին հեղինակի «Դատավարություն» եւ «Կերպարանափոխություն» վեպերի վրա:
Ակումբի հիմնական նպատակն է, որքան հնարավոր է շատ գիրք կարդալ, կրթվել եւ ինչպես նշեց մասնակիցներից մեկը. «Կոտրել այն կարծրատիպերը, թե երիտասարդներն այսօր գիրք չեն կարդում»:
Ակուբի հյուր «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Նելլի Զարգարյանը փորձեց այս երկու վեպերը վերլուծել հոգեբանական տեսանկյունից. «Ծնողը, որը հուզական կապի մեջ չէ երեխայի հետ, բնականաբար երեխան անձնական կապեր ստեղծել եւ հենարան գտնել չի կարող»,-ընդգծում է նա:
Քննարկման մասնակիցների կարծիքներն իրարամերժ էին. մի մասը կարծում էր, որ չկար աբսուրդ, իսկ մյուսները պնդում էին, որ Կաֆկայի երկու գործերն էլ ինքնին, ամբողջությամբ աբսուրդ են:
«Աբսուրդը հենց անիմաստություն ա ու անիմաստությունն էլ հենց իմաստ ունի կյանքում»,-նկատում է ակումբի անդամ-մասնակից Անի Մկրտչյանը:
Նույնիսկ մասնակիցները զուգահեռներ անցկացրեցին գրքերի եւ ներկայում կատարվելիք իրադարձությունների վերաբերյալ. «Վերջերս շատերն են խոսում ժողովրդավարության մասին, հատկապես երբ մոտենում է ընտրությունները, բայց քչերն են ընկալում` թե դա ի՞նչ է . Հայաստանը եւս մեկ քայլ է անում դեպի ժողովրդավարություն կամ առհասարակ, նման բան կա՞: Նույնն էլ գրքում է, բոլորը խոսում են դատի մասին, նրան պատժելու մասին, նրա մեղքի մասին, բայց նման բան չկա»,-ասում է ակումբի անդամ Ջեմա Շահինյանը:
Մասնակիցներն եկան վերջնական հայտարարի, որ անկախ նրանից` որ բոլորն ունեն ընտանիք, ընկերներ, ծանոթներ միեւնույնն է մարդը միայնակ է այս աշխարհում:
Քրիստինա Միրզոյան