Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի մի քանի դպրոցականներ չգիտեն, թե ով է ՀՀ երրորդ նախագահը

Փետրվար 25,2012 19:48

Մոտ մեկ ամիս է  Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, հայտնի գործարար Արման Սահակյանը «Իմ հայրենիքը» խորագրով   ինտելեկտուալ մրցույթ-փառատոն է  անցկացնում գյումրեցի 7-12-րդ դասարանցիների շրջանակում: Նա 162 հաղթողներին խոստացել է  ուղևորություն  հայրենիքի տեսարժան վայրեր, իսկ առաջին հորիզանականը զբաղեցնողին` ճամփորդություն դեպի Հունաստան:

Aravot.am-ի հետ զրույցում փառատոնի կոորդինատոր, արևելագետ  Արտակ Ավետիսյանը  տեղեկացրեց, որ առաջադրված 100 հարցերը եղել են թե դպրոցական առարկայախմբից` աշխարհագրությունից, հայոց պատմությունից, մշակույթից,   և  թե ճանաչողական-ընդհանուր իմացաբանական, արժեքային դաշտից, որոնց պատասխանը, ըստ մեր զրուցակցի,  պարտավոր է իմանալ յուրաքանչյուր հայ` անկախ տարիքից:

Արտակ Ավետիսյանի ասելով, դպրոցականները  հայտնի դեմքերից ու  ազգային գործիչներից առանց բացառության ճանաչել են Գարեգին Նժդեհին, Հրանտ Դինքին, Ֆրունզիկ Մկրտչյանին, նաև  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որքան էլ զարմանալի լինի բոլոր մասնակիցները քաջածանոթ են եղել նաև Գյումրու քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանին: «Ո՞վ է Հայաստանի խորհրդային հանրապետության Գյումրու քաղաքային կոմիտեի կին քարտուղարը» հարցին երեխաների մոտ 80 տոկոսը պատասխանել է` Դոնարա Ասքանազովնան, Դոնարա Հարությունյանը, կամ  Դոնարան` կողքը հարցական նշանով, քանի որ չի հիշել ազգանունը.«Ես վստահ եմ, որ Դոնարա Հարությունյանը մնացել է ավագ սերնդի մեջ որպես դրական կերպար, ընտանիքներում անպայման խոսվել է այս  տիկնոջ մասին,  նա մեր քաղաքի քաղաքագլուխներից է եղել` անկախ էն ժամանակվա կառավարման ձևից, եթե չլիներ էդ դրական վերաբերմունքը,  էս պատասխանները չէին լինի, որովհետև 1987 թվականին պաշտոնանկ եղած տիկնոջ մասին  գրում են 1997թ.-ին և դրանից հետո  ծնված երեխաները, այսինքն պաշտոնանկությունից 10 տարի անց ծնված երեխան էդ պաշտոնանկությունից մոտավորապես 35-40 տարի հետո վստահ նշում է այդ տիկնոջ անունը: Կարելի է ասել, որ Դոնարա Հարությունյանը Գյումրու համար պատմություն է ու դրական պատմություն է, թեև տարօրինակ է, որ արվեստի, մշակույթի գործիչ չէ, բայց լրացնում է գյումրեցի մեծերի շարքը. Ֆրունզիկի, Ավետիք Իսահակյանի կողքին է», – ասում է մեր զրուցակիցը:

Իսկ այն հարցին, թե ո՞վ է Հայաստանի հանրապետության   3-րդ նախագահն, տասնյակ երեխաներ տվել են  Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները: «Սա փորձում ենք վերագրել ընտանիքում քաղաքական համակրություններին, որովհետև ամեն օր  հեռուստատեսության առջև նստող մարդը  առնվազն պաշտոնական լրահոսից  լսում է , որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, եթե հոյակապ են ճանաչում Գարեգին Նժդեհին, Վարդան Ղուկասյանին, վստահ եմ, որ ճանա չում են նաև Սերժ Սարգսյանին, սա փոքրիկ չարաճճիություն եմ համարում, նրանք փաստորեն իրենց քաղաքական կողմնորոշման համար  հրաժարվումեն նաև իրենց միավորից», -ասում է Արտակ Ավետիսյանը: Ըստ նրա, բոլոր աշակերտները,  առանց բացառության, գիտեն որտեղ է Թռչկան ջրվեժը, իսկ սա ապացույցն է այն բանի, որ վերջիններս շատ են օգտվում սոցիալական ցանցերից: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադևոսյանն էլ  զավեշտալի պատասխանների մեջ առանձնացնում է այն, որ դպրոցականները հայ ֆիդայապետ, զորհրամանատար, հայ ազգային-ազատագրական շարժման մասնակից, գեներալ   Անդրանիկ Օզանյանին շփոթել են  Ստալինի հետ` ամենայն հավականությամբ  պատճառը եղել է լուսանկարը, նրանցից մեկն էլ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի լուսանկարի դիմաց գրել է Քիմ Քարդաշյան: Ի դեպ, կազմակերպիչները նշում են, որ Գյումրու ավագ, ու այսպես ասած համբավավոր վարժարանների  աշակերտները իրենց ինտելեկտով շատ են զիջում  շարքային դպրոցների աշակերտներին: Որպես ինտելեկտուալներ, նրանք  առանձնացնում են  Գյումրու թիվ 11 թաղային  դպրոցի սաներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ             

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829