Այսօր «Ինտերնյուսում» ցուցադրվեց Տիգրան Պասկեւիչյանի սցենարով, Արա Շիրինյանի նկարած ֆիլմը, որը ստեղծվել է «Դարձ ի շրջանս յուր» նախագծի շրջանակներում եւ պատմում է 1946-1949 թթ Մեծ հայրենադարձության մասին: Տիգրան Պասկեւիչյանը հիշեցրեց, որ նախագիծն ունի 2 բաղադրիչ` ֆիլմը եւ www.hayrenadardz.org կայքը: Դրանք միմյանց լրացնելով, փորձելու են լույս սփռել Մեծ հայրենադարձության եւ դրա ցավոտ հետեւանքների վրա:
«Դարձ ի շրջանս յուր» նախագիծը իրականացվել է «Եվրասիա Համագործակցություն» հիմնադրամի դրամաշնորհով` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:
Տիգրան Պասկեւիչյանի խոսքով, մինչ օրս պարզ չէ, թե իրականում ինչ է եղել, ինչ պատմական նախադրյալներ կային, մանավանդ քիչ գրականություն կա հայրենադարձության մասին: Ֆիլմի հեղինակներնը հիմնականում օգտվել են Հովիկ Մելիքսեթյանի աշխատությունից, որ նվիրված է բոլոր ներգաղթերին: Օգտագործվել են Սուրեն Բուրսալյանի, Հարութ Պարսամյանի եւ այլոց հուշերը, Թոմ Մուրադյանի «ԿԳԲ, բասկետբոլ եւ սեր» գիրքը, տեսագրել են 40 մարդու: Ընդ որում հայրենադարձության հետեւանքները ականատեսի աչքերով պատմող այդ մարդկանց միջին տարիքը 75-78 է: Ստեղծագործական խումբը ֆիլմի վրա աշխատել է 1 տարի, նկարահանումներն իրականացվել են նաեւ ԱՄՆ-ում եւ Լիբանանում: Հեղինակները խոստովանում են, որ ֆիլմի մի քիչ մռայլ է, բայց ներկայացված է իրականությւոնը, մանավանդ Հայաստան արտագաղթողներին հայրենիքի մասին հայտնի է եղել ընդամենը այն, որ Խորհրդային Միությունը, որի կազմում Հայստանն էր, հաղթել է Ֆաշիստական Գերմանիային: Նրանք գաղափար անգամ չեն ուցել տիրող ռեժիմի, Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնռեսական վիճակի եւ այլնի մասին: Հետո են հասկացել, որ հայրենիքն ամենեւին էլ դրախտավայր չէ:
«Մեծ հայրենադարձությունը, որը կազմակերպվեց համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, ուներ երեք հիմնական պատճառ, որոնցից յուրաքանչյուրի առաջնայնությունը մինչ օրս պարզված չէ: Առաջինը պատերազմի հաղթողի` Սովետական Միության եւ Թուրքիայի հետպատերազմյան շրջանի հարաբերություններն են: ԽՍՀՄ–ը հաղթողի դիրքերից պետք է փորձեր վերնայել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նախապես կնքված պայմանագիրը եւ Սովետական Հայաստանին վերադարձնել Կարսի նահանգը: Քաղաքական եւ դիվանագիտական պատրվակներից բացի, այս գործին պետք է ծառայեր նաեւ աշխարհասփյուռ հայերին Հայրենիքում հավաքելու հրամայականը: Երկրորդը Խորհրդային Հայաստանի այդ ժամանակվա դեմոգրաֆիկ վիճակն էր, որը կարող էր հանգեցնել հանրապետության կորստին: Բնակչության նվազ քանակը (ՀԽՍՀ–ն 300 հազար զոհ էր տվել պատերազմում) Հայաստանը Վրաստանի կամ Ադրբեջանի կազմում ինքնավարություն դարձնելու լուրջ նախապայման էր: Մեխանիկական աճի միջոցով պետք էր վերականգնել դեմոգրաֆիական բալանսը եւ պահպանել Հայաստանի «սուվերենությունը»: Երրորդ պատճառը Սովետական Միության վարկանիշի ամրապնդումն էր: Պատերազմի հաղթողը պետք է ցույց տար, որ կոմունիստական հասարակարգը հմայիչ միջավայր է եւ որ հարյուր հազարավոր մարդիկ խանդավառ ոգեւորությամբ ձգտում են ընդունել սովետական քաղաքացիություն:
Երեք պատճառներից որն է ճիշտ, թողնենք պատմաբանների դատին: Փաստ է, սակայն, որ սովետաթուրքական սահմանը մնաց անփոփոխ, որ նախապես հայտարարված 300-500 հազար հայերից ներգաղթելու հնարավորություն ստացավ միայն 95 հազարը, իսկ վարկանիշի ամրապնդման մարմաջը հանգեցրեց հազարավոր մարդկանց անձնական ողբերգության»,- ասվում է ֆիլմում:
Կարդացեք նաև
Ներգաղթողներին ոգեւորել էր մասնավորապես Ստալինի հետ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գեւորգ Չորեքչյանի հանդիպումը, որը իրավունք տվեց հրավիրել Ազգային եկեղեցական ժողով ու ընտրել կաթողիկոս: Հայաստան ներգաղթող հայերը չգիտեին, որ միֆ են իրենց վերադարձի հետ պատմական հայրենիքի հողերի վերադարձի մասին գեղեցիկ պատմությունները:
Տիգրան Պասկեւիչյանը ֆիլմի ցուցադրությունից հետո կայացած քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստան ներգաղթած 90000 հայերից 77000-ը, ըստ չճշտված տվյալների, արտագաղթել է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ