Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Փետրվար 25,2012 14:02

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսաներորդ

ՌՈՒՍԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Եվ Լիպոն մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, դու ես ինձ ձեռ առնում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով եմ ձեռ առնում», եւ Լիպոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ամենագիտության իմաստով», եւ Ջավախյանը ժպտալով Լիպոյին ասաց՝ «ամենագետ ըլնելդ աշխարհին ա հայտնի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց բախտդ չի բերել», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ չի բերել», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «ամենագիտության գծով Նոբելյան մրցանակ չկա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «Նոբելյանը մենակ համեստներին են տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նախ համեստ պիտի ըլնես, հետո՝ գրող, հետո՝ շնողնեցի, հետո՝ արծաթավաճառ, հետո՝ ձեռնբաց ու մաղարիչ անող», եւ ես ժպտալով Լիպոյին հարցրի՝ «էդ բաները որտեղի՞ց գիտես», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «իրանց կանոնադրության մեջ ա գրած», եւ Ջավախյանը ժպտալով Լիպոյին ասաց՝ «էս թեմայով որ լուրջ ես խոսում, աչքիս բարձրանում ես», եւ Լիպոն փռթկացնելով ասաց՝ «էդ Նոբելյանի կանոնադրությունն ընենց են գրել, որ Ջավախանց Լյովիկից բացի ուրիշ ոչ մեկը շանս չունենա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «ոնց գցում-բռնում եմ, լրջությունը քեզ ավելի ա սազ գալի» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով Լիպոյին հարցրեց՝ «հենց գիտես թե՝ էդ մրցանակը ստացողնին սաղ ինձնից մենձ ե՞ն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «մեջներն ինձանի թուլերն էլ կան», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ սաղին կարդացել ե՞ս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որոշ չափով», եւ Լիպոն ծիծաղելով ասաց՝ «հատկապես իրանից թուլերին ա կարդացել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ըսենց ասում, խոսում ու հանաք ենք անում, բայց ամենակարեւորը մոռանում ենք», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Ջավախյանը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «ամենակարեւորն էն ա, որ մեր հայերին վաբշե Նոբելյան մրցանակ չի հասնում», եւ Լիպոն հարցրեց՝ «ինչի՞ չի հասնում» եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «էդ արդեն դու պիտի իմանաս. ամենագետը դու ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թե չէ՝ որ ուզենան հայերից մեկնումեկին Նոբելյան մրցանակ տան, հեշտուհանգիստ թեկնածու կգտնեն», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «քեզնից լավ թեկնածո՞ւ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «ավելի լավ կանես՝ էդ ասածիս վրա մի քիչ մտածես», եւ Լիպոն հարցրեց՝ «ո՞ր ասածիդ վրա», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ որ ասում եմ՝ հայերին Նոբելյան չի հասնում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասենք թե չի հասնում. ե՞ս ինչ մեղք ունեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն մինս էլ մեղքի մեր բաժինն ունենք», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «օրինակ, քո մեղքը ո՞րն ա, համեստ ջան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, իմ մեղքը հենց համեստությունն ա», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «այսինքն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «այսինքն, ես էլ եմ քո պես իմ Նոբելյանի հարցին անլուրջ վերաբերվում», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «քեզ ո՞վ ասեց, որ ես քո Նոբելյանի հարցին անլուրջ եմ վերաբերվում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «դու ինձանի լավ գիտես, որ էդ ըտենց ա» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «էդ ասածս ոչ թե կոնկրետ իմ մրցանակին ա վերաբերվում, այլ՝ ամբողջ ազգին», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «պարզ խոսա՝ բան հասկանանք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «սրանից ավելի պարզ ո՞նց ասեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «ամենագետ մարդ ես, բայց էդ հասարակ բաները չես հասկանում», եւ Լիպոն հարցրեց՝ «ի՞նչը չեմ հասկանում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «չես հասկանում, որ մինչեւը մենք մեզ լուրջ չվերաբերվենք, ուրիշները լուրջ չեն վերաբերվի», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «լուրջ չվերաբերվելը ո՞րն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «լուրջ չվերաբերվելն էդ հասարակ բաները չհասկանալն ա», եւ Լիպոն հարցրեց՝ «ո՞ր հասարակ բաները», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի հազար տարեկան գիտություն ու մշակույթ ունեցող ազգի համար էդ Նոբելյան կոչվածն առանձնապես մեծ բան չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ իրանց ա պատիվ, որ Նարեկացի ունեցող ազգն էդ մրցանակից ունենա», եւ Լիպոն հարցրեց՝ «ո՞ւմ ա պատիվ», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «էդ մրցանակը տվողներին», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ջավախյանին ասաց՝ «էրեւում ա՝ հույսդ լրիվ կտրել ես», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց եմ հույսս կտրել», եւ Լիպոն պատասխանեց ու ասաց՝ «Նոբելյան մրցանակից», եւ Ջավախյանն ավելի զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց ենթադրեցիր, որ հույսս կտրել եմ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգացել եմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդ ե՞րբ եմ հույս ունեցել, որ հիմի էլ կտրեմ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ թվում էր՝ ունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինձ միշտ թվացել ա, որ քեզ լափ էլ արժանի ես համարում էդ մրցանակին», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ էլ ճիշտ ես զգացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ արժանի եմ համարում, էդ չի նշանակում թե՝ էդ մրցանակի հետ կապված հույսեր եմ փայփայում», եւ Լիպոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «բայց ինչի՞ չպիտի հույսեր փայփայես», եւ Ջավախյանը զննող հայացքով բավական երկար նայեց Լիպոյին ու հարցրեց՝ «ինձ լրիվ ե՞ս գժի տեղ դրել, ադա», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ եմ գժի տեղ դրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որ ասում եմ՝ հայերին Նոբելյան չի հասնում, ո՞նց կարող ա էդ մրցանակի իմաստով հույսեր փայփայեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու Լիպոյին հարցրեց՝ «ես կարող ա՞ հայ չեմ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «հայ ես», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «մի վախտ ասում էիր, որ մեջդ վրացական արուն կա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հորական կողմի ազգուտակիս մեջ վայ թե վրացի էղել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «անցյալ դարերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց էդ մի քանի կաթիլ վրացական արունը չի կարա դեր խաղա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «կարող ա լավ էլ դեր խաղա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ առումով», եւ Լիպոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Նոբելյան մրցանակի առումով», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «մոռանում ես, որ վրացոնց էլ Նոբելյան չի հասնում», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ չի հասնում», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «որ հասնելիս ըլներ, գոնե մի անգամ ստացած կըլնեին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ որ՝ իրանք մեզանի հազար անգամ շուստրի են» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համ էլ՝ մեզանի հազար անգամ կամեցող են», եւ Լիպոն հարցրեց՝ «ի՞նչ իմաստով են կամեցող», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրար նկատմամբ չկամ չեն», եւ Լիպոն հարցրեց՝ «մենք իրար նկատմամբ չկամ ե՞նք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ինձանի լավ գիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուղղակի շուն ես հաչացնում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ես կարող ա՞ Նոբելյան ստանալդ չեմ ուզում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «թե՞ Արմենը չի ուզում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզ ա, որ էրկուսդ էլ կուզեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որովհետեւ իմ Նոբելի առումով էրկուսդ էլ շահագրգռված անձ եք», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում. շահագրգռված ենք, որ մեր համեստ ախպերը Նոբելյան մրցանակի լաուրեատ դառնա», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով ասաց՝ «ուրիշ առումով էլ եք շահագրգռված», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ուրիշ ի՞նչ առումով ենք շահագրգռված», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «զուտ նյութական առումով», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «մաղարիչը նկատի ունե՞ս», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «ձեր քսան տոկոսնին նկատի ունեմ», եւ Լիպոն ժպտալով ասաց՝ «մեր քսան տոկոսների մասին լրիվ մոռացել էի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «ինչքան մոռանաք՝ էնքան իմ օգուտն ա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «մեր էդ քսան տոկոսների հաշվով հանաք ենք անում», եւ ես ժպտալով Լիպոյին ասացի՝ «դու քո անունից խոսա. ես հեչ էլ հանաք չեմ անում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորն էն ա, որ ե՛ս հանաք չեմ անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձեր էդ քսան տոկոսնին, փաստորեն, ձեր հալալ քրտինքով եք վաստակել», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով Ջավախյանին ասաց՝ «էդ քսան տոկոսն ինձ իսկականից հասնում ա. ես էդ Նոբելյանիդ հաշվով ահագին պրոպագանդա եմ արել» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով նախ ինձ նայեց, հետո նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «բա Արմե՞նն ինչով ա իրա էդ քսան տոկոսը վաստակել», եւ Ջավախյանը Լիպոյին ասաց՝ «մի քիչ առաջ բացատրեց», եւ Լիպոն ասաց՝ «ի՞նչ բացատրեց», եւ ես ժպտալով Լիպոյին ասացի՝ «ամենակարեւոր բաները մոռանում ես», եւ Ջավախյանն ինձ ասաց՝ «ինքը ըտենց ա» եւ մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «Արմոյի էս վեպը որ հանկարծ անգլերեն թարգմանվի ու տպվի, ինձ մեկից մեկ էդ Նոբելյանը կտան», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «Արմենի վեպը որ անգլերեն թարգմանվի, քե՞զ ինչի պիտի Նոբելյան տան», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որովհետեւ Արմոյի վեպի հալալ կեսն իմ Նոբելյան մրցանակի մասին ա», եւ Լիպոն խորամանկ ժպտալով Ջավախյանին ասաց՝ «բայց Արմենի վեպը որ անգլերեն տպվի, կարող ա Նոբելյան մրցանակն Արմենին տան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «վարիանտ չկա», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ վարիանտ չկա», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «անավարտ գործերին Նոբելյան մրցանակ չեն տալի», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կավարտի՝ կտան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դժվար էլ ավարտի» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «Արմոյի էս վեպը վայ թե անավարտ էլ մնա», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հեղինակը», եւ Լիպոն զարմացած ինձ հարցրեց՝ «էս ի՞նչ ա ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտ ա ասում», եւ Լիպոն ավելի զարմացած ինձ հարցրեց՝ «այսինքն, էս վեպդ վաբշե չես վերջացնելո՞ւ», եւ Ջավախյանն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «չէ» եւ ժպտալով ավելացրեց՝ «ասեցինք՝ նետ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «Արմենը որ մտքին դնի, պոեզիայի գծով էլ կարա Նոբելյան ստանա» եւ ինձ թաքուն աչքով անելով հարցրեց՝ «ճիշտ չեմ ասո՞ւմ», եւ ես ժպտալով Լիպոյին ասացի՝ «հիմի էլ ինձ ե՞ս ձեռ առնում», եւ Ջավախյանը Լիպոյին ասաց՝ «պոեզիայի գծով Նոբել ստանալն ավելի դժար գործ ա», եւ Լիպոն հարցրեց՝ «ինչո՞վ ա դժար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պոեզիան նախ պիտի անգլերեն կամ ամենաքիչը ֆրանսերեն թարգմանվի, առանձին գրքով տպվի, հետո նոր Նոբելի ներկայացվի», եւ ես ժպտալով Ջավախյանին ասացի՝ «իմ ոտանավորները համ անգլերեն են տպվել, համ էլ՝ ֆրանսերեն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց առանձին գիրք էլ ա հարկավոր», եւ ես համաձայնվելով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ինձ թվում ա՝ արձակի գծով էլ ա անգլերեն թարգմանվելն ու գիրք տպելը պարտադիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «արձակը հնարավոր ա», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «պոեզիան հնարավոր չի՞», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ հնարավոր չի», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որովհետեւ պոեզիան անթարգմանելի ա», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «հեղինակը», եւ Լիպոն զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «էս ի՞նչ ա ասում», եւ ես ժպտալով Լիպոյին ասացի՝ «ճիշտ ա ասում», եւ Ջավախյանը հաղթական ժպտալով Լիպոյին ասաց՝ «մանավանդ Արմոյի՛ պոեզիան ա անթարգմանելի», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Արմենի բանաստեղծությունները շատ պարզ են», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզն ավելի դժար ա թարգմանվում, քան՝ բարդը» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «էս արդեն ե՛ս եմ քեզ ասում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «բա քո գրածները ո՞նց են թարգմանելու» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «դու էլ պակաս պարզ չես գրում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմն արձակ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «արձակը հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իմ գրածնին որ ուրիշ լեզվով թարգմանում են, համարյա բնագրին հավասար ա ստացվում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ հավասար ա ստացվում. գրածներդ քանի՞ անգամ են թարգմանվել», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Լիպոյին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան որ թարգմանել են, ինձ լրիվ հերիք ա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ինչերե՞ն են թարգմանել», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «ռուսերեն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Պազոլինիի թերթի մեջ որ պատմվածքս ռուսերեն թարգմանած տպել էին, շատ էլ լավ էր ստացվել», եւ Լիպոն խորամանկ ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ լավ ա ստացվել. էդքան լավ ռուսերեն գիտե՞ս», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Լիպոյին ու ասաց՝ «ինչքան որ գիտեմ՝ ինձ լրիվ հերիք ա», եւ սրանով ու էսքանով ուզում եմ Լիպոյի ու Ջավախյանի էդ իրիկնային զրույցն ավարտել, որովհետեւ հենց հիմա զգացի, որ էդ զրույցն ու էդ խոսակցությունը որեւէ հեռանկար չի պարունակում՝ մանավանդ Նոբելյան մրցանակի առումով, եւ Ջավախյանի ու Լիպոյի իրիկնային էդ խոսակցությունն ավարտում եմ Ջավախյանի էդ պատմվածքի ռուսերեն թարգմանության մասին խոսակցությամբ, որովհետեւ «Ազատամտություն» օրաթերթի ռուսերեն տարբերակում ռուսերեն թարգմանված ու տպագրված Ջավախյանի էդ պատմվածքը բավական հետաքրքիր ու բովանդակալից կյանք ու ճակատագիր ունեցավ. ռուսերեն թարգմանված ու տպագրված Ջավախյանի էդ առայժմ առաջին ու վերջին պատմվածքը Նոբելյան մրցանակի հանձնաժողովի աչքից վրիպեց, ճիշտ է, բայց փոխարենը՝ ադրբեջանցիների աչքից չվրիպեց, ավելի ճիշտ՝ ադրբեջանցիների ու վրացիների աչքից չվրիպեց, իսկ ավելի ստույգ՝ վրացիների ու ադրբեջանցիների կամքով ու կամեցողությամբ Ջավախյանի էդ պատմվածքի ռուսերեն տարբերակը ռեգիոնալ մրցանակի արժանացավ՝ կովկասյան ժողովուրդների բարեկամության գծով, եւ դա էն բացառիկ դեպքերից էր, երբ մրցանակն իրավամբ արժանավորին ու արժանի ստեղծագործությանն է բաժին հասնում, եւ որպեսզի դուք էլ էս ասածիս հավատաք, պիտի մանրամասնելով ասեմ, որ Ջավախյանի էդ պատմվածքն իսկապես ժողովուրդների բարեկամությանը եւ մասնավորապես հայերի ու ադրբեջանցիների բարեկամությանը ձոնված մի բացառիկ նմուշ է, եւ չնայած էդ պատմվածքն իրական դեպքի հիման վրա է գրված, եւ չնայած Ջավախյանն էդ պատմությունը Չաղ Ֆելոյից է լսել, եւ չնայած էդ պատմությունը Չաղ Ֆելոյից ուրիշներն էլ են լսել, եւ չնայած ժամանակին ինքս էլ եմ էդ պատմությունը Չաղ Ֆելոյից լսել, այդուհանդերձ, մեջներիցս հենց Ջավախյան Լեւոնն է գլխի ընկել ու հասկացել, որ էդ պատմությունը կարող է պատմվածքի նյութ դառնալ, ավելի ճիշտ՝ Ջավախյանը, ի տարբերություն մյուսներիս, համարձակվել է Չաղ Ֆելոյի պատմած էդ պատմության հիման վրա պատմվածք գրել, որովհետեւ էսօրվա դրությամբ իսկապես մեծ ռիսկ ու մեծ համարձակություն է պահանջվում հայ ու ադրբեջանցի ժողովուրդների գոյություն ունեցած ու չունեցած երբեմնի բարեկամությունը հիշելու ու հիշեցնելու համար. ավելի ստույգ՝ Ջավախյանն իր էդ հայերեն ու ռուսերեն պատմվածքում ոչ թե հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությունն էր մերկապարանոց հիշել ու շեփորահարել, այլ՝ մի ադրբեջանցու օրինակով համարձակվել էր նկարագրել ու ցույց տալ, որ ոմն ադրբեջանցի որոշ ու որոշակի մարդկային հատկություն է ունեցել ու հանդես բերել, ընդ որում՝ միանգամայն դրական մարդկային հատկություն, եւ որպեսզի ավելի լավ պատկերացնեք՝ ինչի մասին է խոսքը, հիմա կփորձեմ համառոտ վերապատմել Չաղ Ֆելոյի պատմած եւ Ջավախյանի վերապատմած ու պատմվածքի վերածած էդ, ուրեմն, եղելությունը, որի հիմնական բովանդակությունը հետեւյալն է. ութսունականների վերջերին՝ Սումգայիթի ու Բաքվի վայրագություններից հետո, երբ հայերը միանգամայն քաղաքակիրթ կերպով հայոց Մասիսի գյուղերից դուրս էին հրավիրում մասիսաբնակ ադրբեջանցիներին, դուրս հրավիրվող ադրբեջանցին դուրս հրավիրող հային մոտենալով՝ վերջինիս է մեկնում երեք հատ սովետական կարմիր տասանոց, եւ դուրս հրավիրողը կարծելով թե՝ դուրս հրավիրվողն իրեն փրկագին ու կաշառք է առաջարկում, կոպտորեն հարվածում է դուրս հրավիրվողի վզակոթին, եւ երբ պարզվում է, որ էդ դուրս հրավիրվողն էդ երեսուն ռուբլին Արտաշ անունով իր համագյուղացուն է պարք եւ իրեն դուրս հրավիրողի միջոցով ուզում է իր էդ պարտքը վերադարձնել, ադրբեջանցու էդ երեք տասանոցները, բնականաբար, անխոս ընդունվում են, եւ, ըստ ամենայնի, հետագայում հանձնվում են Արտաշ անունով էդ հայ պարտատիրոջը. այսինքն, ենթադրվում է, որ դուրս հրավիրող հայը դուրս հրավիրվող ադրբեջանցու էդ երեք հատ սովետական կարմիր տասանոցներն ընդունելով՝ հետագայում հասցրել ու հանձնել է պարտատիրոջը՝ Արտաշին, եւ սա անձամբ իմ ենթադրությունն է, որովհետեւ Չաղ Ֆելոն ընդամենը ականատեսի պատմածն էր մեզ վերապատմում, եւ ոչ մի խոսք չկար էն մասին՝ արդյոք ադրբեջանցու փոխանցած էդ տասանոցներն Արտաշ անունով պարտատիրոջը հասնո՞ւմ են, թե՝ չէ, եւ ընդհանրապես՝ ականատեսից լսված ու Չաղ Ֆելոյի միջոցով աջուձախ սրան ու նրան վերապատմված էդ պատմության մեջ որոշակին էդ հայ պարտատիրոջ Արտաշ անունն էր, մեկ էլ՝ սովետական էդ կարմիր տասանոցների քանակությունը՝ երեք, եւ Չաղ Ֆելոյի վերապատմության մեջ Մասիսի շրջանի էդ գյուղի անունը նույնիսկ չէր նշվում, մինչդեռ Չաղ Ֆելոյի վերապատմության հիման վրա գրված Ջավախյանի մրցանակակիր ու երկլեզվյան էդ պատմվածքում ե՛ւ գյուղն անուն ունի, ե՛ւ դուրս հրավիրողն ու դուրս հրավիրվողը, եւ, բնականաբար, պարտատերն էլ կա. այսինքն, ինչպես միշտ, Ջավախյանն էս անգամ էլ ուրիշից լսած պատմությունն իբրեւ ականատես է պատմում՝ չզլանալով իր բոլոր գործող անձանց անուններ շնորհել, եւ, ինչպես միշտ, Ջավախյանի էս գրության մեջ էլ միայն էն մարդու անունը չկա՝ ումից որ ինքն էդ պատմությունը լսել է. այսինքն, Ջավախյանի էս պատմվածքում բոլոր գործող անձինք իրենց անուններով կան՝ բացի լուսահոգի Չաղ Ֆելոյից, եւ որ ասում եմ՝ բոլոր գործող անձինք իրենց անուններով կան, առաջին հերթին նկատի ունեմ էդ մասիսաբնակ ադրբեջանցուն, որի անունը Ջավախյանի էդ պատմվածքում Հասան է, մինչդեռ Չաղ Ֆելոյի վերապատմության մեջ դույն ադրբեջանցին անուն չուներ, ավելի ճիշտ՝ Չաղ Ֆելոն իր վերապատմության մեջ էդ ադրբեջանցու անունը չէր նշում՝ էն պարզ պատճառով, որ էդ պատմության իրական ականատեսն էդ իրական դեպքը Չաղին պատմելիս որեւէ կոնկրետ անուն չէր նշել՝ բացառությամբ մասիսցի էդ հայ պարտատեր Արտաշի, ում որ դույն ադրբեջանցին սովետական երեսուն ռուբլի էր պարտք եւ իրեն գյուղից դուրս հրավիրողին թախանձագին խնդրում էր, որպեսզի վերջինս սովետական էդ երեք կարմիր տասանոցներն իր համագյուղացի էդ, ուրեմն, Արտաշին փոխանցի, եւ, Չաղ Ֆելոյի պատմածից էդպես էլ չիմացանք՝ ի վերջո էդ երեք կարմիր տասանոցներն իրենց իրական տիրոջը հասնո՞ւմ են, թե՝ ոչ, եւ չնայած էս հարցի պատասխանը չափազանց կարեւոր ու չափազանց էական է, այդուհանդերձ, մենք Չաղի պատմածից ու Ջավախյանի գրածից էդ կարեւորագույն հարցի պատասխանն էդպես էլ չստացանք, բայց հավաստի գիտենք, որ հայն ադրբեջանցու թախանձագին խնդրանքին անսալով՝ այնուամենայնիվ, ընդունում է սովետական էդ կարմիր տասանոցները, որոնք Չաղ Ֆելոյի պատմության մեջ ընդամենը երեք հատ էին, իսկ Ջավախյանի պատմվածքում՝ ուղիղ հիսուն հատ, որովհետեւ Ջավախյանի պատմվածքում էդ ադրբեջանցի Հասանը ոչ թե երեսուն ռուբլի, այլ մի ամբողջ կով է պարտք լինում իր համագյուղացի հային, որի անունը Ջավախյանի պատմվածքում ոչ թե Արտաշ է, այլ՝ Աշոտ, ու էդ Աշոտն էլ, ըստ Ջավախյանի պատմվածքի, ոչ թե մասիսցի ինչ-որ հայ է, այլ ոչ ավել ոչ պակաս՝ Ջավախյանի հարազատ պապը, եւ շատ հնարավոր է՝ շարքային ու միամիտ ընթերցողը հավատա Ջավախյանի գրածին, որովհետեւ շարքային ու միամիտ ընթերցողը, ի տարբերություն ձեր խոնարհ ծառայի, ինչքան որ Ջավախյանի գրական ու գեղարվեստական տրյուկներից է անտեղյակ, նույնքան էլ էդ պատմության Չաղ Ֆելոյի տարբերակին է անծանոթ, եւ էս ամենից էլ բացի, շարքային ու անտեղյակ ընթերցողը հեշտուհանգիստ կարող է հավատալ էդ պատմության ջավախյանական վերսիային, որովհետեւ Ջավախյանի պատմվածքում դեպքերն ու իրադարձությունները ոչ թե Մասիսի շրջանի ինչ-որ անանուն գյուղում են տեղի ունենում ու զարգանում, այլ Ալավերդու կողմերը, ավելի ստույգ՝ Թուրքի Այրումում:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել