Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում

Փետրվար 25,2012 14:00

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի մեկենասությամբ լույս է տեսել հայկական «Դյուցազնագիրք» շարքի առաջին գիրքը, որտեղ ամփոփվել են Հայաստանի անկախության տարիների ընթացքում հայի արտասովոր տեսակի, ուժի, անկոտրում կամքի եւ հնարամտության նվաճումները:

Մեր «Դյուցազնագիրքը» յուրօրինակ «Գինեսի» ռեկորդների գիրք է: Բայց այն «Մայր գրից» տարբերվում է իր լրջությամբ՝ նրանով, որ ամենաանհեթեթ արդյունքների փոխարեն գրանցվել են հայի տեսակի միայն իսկապես գնահատման արժանի ցուցանիշները:

Գագիկ Ծառուկյանը գրքի նախաբանում գրել է. «Այս գիրքը «Գինեսի» հայկական ռեկորդների յուրօրինակ հանրագիտարան է, որը նախերգանքն է մեր ապագա մեծ նվաճումների: Հայ ժողովուրդը աշխարհին հայտնի է գրականության, մշակույթի, գիտության, արվեստի եւ, հատկապես, մարզաշխարհի տաղանդավոր ներկայացուցիչներով: Վստահ եմ, որ մեր ազգը այսուհետ իր բազկի հզոր ուժով, դարերի փորձությունների միջով անցած իր իմաստնությամբ, զարմանալի կենսունակությամբ, հայրենիքի եւ ընտանիքի հանդեպ ունեցած անշեղ հավատով կվերստեղծի երբեմնի դրախտավայր Հայաստանը, որի հիմքերը դնում ենք մենք՝ մեր դյուցազն նախնիների ժառանգորդներս»:

Գրքի հեղինակ Վարդան Թովմասյանն իր հերթին գրքում նշել է, որ ամփոփվել են հայորդիների վեց տասնամյակից ավելի նվաճումները, որոնք պաշտոնապես գրանցվել են մեր հանրապետության «Դյուցազնագիրք» պաշտոնական հանձնաժողովում: Բայց շնորհանդեսի ժամանակ իր խոսքում նաեւ հայտարարեց, որ արդեն իսկ գրանցվել են նոր ռեկորդներ, որոնք ներկայացված են պաշտոնական հաստատման, իսկ շատերն էլ սպասում են գրանցման իրենց հերթին:

Շնորհանդեսին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ եւս վստահեցրեց, որ ինքը խրախուսելու եւ աջակցելու է ցանկացած նախաձեռնություն, հատկապես՝ մարզական ոլորտի, եթե այն նպաստելու է մեր երկրի հեղինակության բարձրացմանն ամբողջ աշխարհում: Եվ, ի հաստատումն իր խոսքերի, «Դյուցազնագրքի» ստեղծագործական կոլեկտիվին առաջարկեց շարունակել սկսած լավ գործը՝ խոստանալով, որ հայկական «Գինեսի» ռեկորդների նոր նվաճումներն անձամբ կհրատարակի: Ու տեղում նոր ստեղծվող «Դյուցազնագիրք» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցեց չորս միլիոն դրամ: «Որքան շատ լինեն հայոց նոր ձեռքբերումները, այնքան հաճախակի դրանք կտպագրվեն հերթական նոր գրքերում՝ անկախ դրանց անհրաժեշտության հաճախականությունից»,- խոստացավ Գագիկ Ծառուկյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829