Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետարանում միմյանց անպատվել են

Փետրվար 25,2012 13:57

Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանի ու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանի վիճաբանության ժամանակ Աստղիկը «ջրի երես է հանել» քաղաքապետի կողմից իրեն բազմիցս շանտաժի ենթարկելու եւ սպառնալու փաստը:

Իջեւանի քաղաքապետարանի շենքը:

«Առավոտի» 21. 02. 2012թ. «Խաղ՝ միլիոնի հետ» հրապարակմամբ տեղեկացվել էր, որ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դեմ, որի հիմքը հանդիսացել է Աստղիկ Եգանյանի՝ նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանի մոտ արած խոստովանությունը, թե ինքը եւ Վարուժան Ներսիսյանը մի գույքի հետ կապված օրինախախտում են արել եւ ապա, երբ իմացել են, որ Ղալումյանը հասկացել է այդ մասին, գաղտնի մտել են քաղաքապետարանի համապատասխան աշխատասենյակը եւ համակարգչում վերացրել թույլ տված ապօրինությունը:

Հինգշաբթի օրը, սակայն, հենց քաղաքապետարանում մեծ վիճաբանություն է տեղի ունեցել Աստղիկի եւ քաղաքապետի միջեւ: Ըստ ականատեսների, նրանք փոխադարձաբար միմյանց անպատվել են, իսկ Աստղիկը քաղաքապետին մեղադրել է սպառնալիքների միջոցով նախկին քաղաքապետի դեմ իրենից ցուցմունք կորզելու մեջ:

«Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ Աստղիկ Եգանյանը հաստատեց, որ Վարդան Ղալումյանը իրեն սպառնացել է, եւ պատմեց հետեւյալը. «Բոլորիս է հայտնի, որ նախկին եւ ներկայիս քաղաքապետերը իրար նկատմամբ անձնական թշնամանք ունեն, որը հին պատմություն է: Դա իրենց խնդիրն է, բայց, ցավոք, ներկայիս քաղաքապետը իր անձնական հարցերը լուծելու համար ուզում է մարդկանց ներքաշել խարդախությունների մեջ: Ինձ հետ եղել է հետեւյալը. Վարդանը հունվարի 26-ին, ժամը 7-ի սահմաններում, ինձ կանչեց իր աշխատասենյակ, մոտ 3-4 ժամ ինձ համոզում էր, որ ես Վարուժան Ներսիսյանի վրա կեղտոտ բաներ գրեմ, ավելի ստույգ այն, ինչը ինքը կասի: Ասում էր, որ եթե չգրեմ, ինձ աշխատանքից կազատի, երեխայիս կվնասի, քոլեջից դուրս կթողնի, չի թողնի Իջեւանում ման գանք, ընդհանրապես Հայաստանից կհեռացնի եւ նմանատիպ այլ բաներ: Սկզբում դիմադրում էի, բայց հետո տեսնելով, որ այդտեղից չեմ կարողանում դուրս գալ, բացի այդ, հոգեական շատ վատ վիճակում էի, համարձակությունս տեղի տվեց եւ համաձայնեցի գրել այն, ինչ ուզում է, շատ էի վախենում հատկապես երեխայիս համար եւ անաշխատանք մնալուց: Բերեց թուղթ դրեց դեմս եւ ասաց, որ արտագրեմ: Ես նույնությամբ արտագրեցի, ստորագրեցի: Դրանից հետո նոր միայն ինձ թողեց տուն գնալ: Տուն գնացի եւ մի քանի օր շոկի մեջ էի, իմ արածից անգամ ամաչում էի տնից դուրս գալ, մի քանի օր հետո, որ գնացի աշխատանքի, ինձ կանչեց ու ասաց, որ պետք է մտնեմ Ներսիսյանի տուն եւ ձայնագրեմ մեր խոսակցությունը, ասում էր գնա նստի, զրուցի ձեր անցած գործերից ու ձայնագրի: Ես ասացի, որ ավելի լավ է դիմում գրեմ՝ աշխատանքից ազատվեմ, քան նման բան անեմ, ինքն ասաց, որ ես չեմ կարող աշխատանքից ազատվել, ինքը ինձ չի ազատելու: Այդ ընթացքում ամեն առավոտ ժամը 9-ին ինձ կանչում էր, որ համոզի դա անեմ, բացի այդ, ասում էր, որ Ներսիսյանի տղայի վրա էլ մի բան գրեմ, մի բան մտածեմ: Ես դրանից էլ հրաժարվեցի, ասացի՝ նման բան լինել չի կարող: Ես ասում էի, որ ինձ չխառնեն իրենց անձնական հարաբերությունների մեջ: Ասում էի՝ դուք թշնամանք ունեք, ձեր հարցերը իմ միջոցով մի լուծեք: Այդ ժամանակ արդեն ասաց, որ ինձ կազատի աշխատանքից:

Ես հինգշաբթի օրը մտա իր մոտ՝ պարզելու, թե ինչի հիման վրա է ինձ ազատում աշխատանքից: Ասաց. «Այ, անբարոյական, կհեռացնեմ՝ կմտնես դատարան կբողոքես»: Դրանից հետո սկսեցինք իրար անպատվել, ամենավերջին հայհոյանքներով էր խոսում՝ քաղաքապետին ոչ վայել: Ես էլ իրեն համարժեք պատասխան էի տալիս»:

Աստղիկը մի միջադեպի մասին էլ պատմեց, որի մասին մինչ այդ չի բարձրաձայնել. «Նոր տարուն ես մտածեցի, որ մեր քաղաքապետն է, իմ ղեկավարը եւ գնացի իրենց տուն՝ շնորհավորելու տոնը: Մի կես ժամ նստեցի, հետո զգացի, որ շատ վատ եմ զգում: Ինձ հետ նման բան չէր եղել, որ ես խմիչքից վատանամ, թե ինչ էր արվել այդ խմիչքի հետ՝ չեմ կարող ասել: Տեղիցս վեր կացա, որ գնամ, վատացա եւ ընկա: Որոշ ժամանակ անց ես եկա մեր տուն, մի 40 րոպե տանը շատ վատ եմ եղել: Ես ոչինչ չեմ հիշում, թե ինչ է եղել նրանց տանը: Կարծում եմ՝ նա նախապես ամեն ինչ պլանավորած է եղել եւ դրանով ինձ նախապես հեղինակազրկելու եւ խայտառակելու միտում է ունեցել»:

Աստղիկ Եգանյանը վերջում հավելեց, որ ոչ մի կեղծիք եւ ապօրինություն էլ չի եղել: «Ներսիսյանը դրա հետ ոչ մի կապ չունի, իմ աշխատանքային ընկերն է եղել, եւ մենք շատ նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք եղել: Ես տեղյակ եմ եղել քաղաքապետարանի աշխատանքից եւ նման բան երբեք չի եղել: Եվ ես հիմա ամաչում եմ, որ հարկադրված ներքաշվել եմ նման կեղտոտ գործերի մեջ:

Ինձ կանչել են քննչական բաժին եւ ես ցուցմունք եմ տվել եղելությունից, որ ես հարկադրված, սպառնալիքի տակ եմ գրել նման բան»:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Հ. Գ. Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի աշխատաոճից դժգոհ է նաեւ ավագանու անդամների մի մասը, որոնք երեկ հանդես են եկել հայտարարությամբ: Այդ մասին «Առավոտը» կանդրադառնա առաջիկա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829