Թատերարվեստում եւ կինոարվեստում կա «երկնագույն հերոս» արտահայտությունը, որի «ծնունդը» պայմանավորում են հմայիչ արտաքինով դերասանները: Ի դեպ, այն ամենեւին կապ չունի ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետ: «Երկնագույն հերոսների» օրինակները բազմաթիվ են՝ Ժան Մարե, Ժերար Ֆիլիպ, Ալեն Դելոն, Լեոնարդո դի Կապրիո, Գենադի Բորտնիկով, Սերգեյ Բոնդարչուկ, Օլեգ Ստրիժենով եւ այլն: Ժամանակին հայ թատրոնում նման դերերի համար ընտրվել են Իսահակ Ալիխանյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գեղամ Հարությունյանը:
«Առավոտը» ճանաչված բեմադրիչներից հետաքրքրվեց՝ այսօր որքանո՞վ է արդիական «երկնագույն հերոսը»:
Ռուբեն Բաբայանի կարծիքով, ինչպես գեղեցիկ կինը, այնպես էլ գեղեցիկ տղամարդը գեղագիտական հաճույք է պատճառում, օրինակ, Միքելանջելոյի «Դավիթը», Ռոդենի «Մտածողը», «Մերկ Բալզակը», Դալիի գործերը. «Գեղեցիկը մշտապես արվեստի մեկնաբանության նյութ է, գեղեցիկ մարմինը գեղեցիկ է՝ անկախ սեռից: Սխալ է, երբ սահմանափակում է դրվում: Եթե տղամարդը չի զգում կամ ընդունում տղամարդու գեղեցկությունը, ապա նման ընկալումը թերի է…»:
Արմեն Էլբակյանն, օրինակ, չի ընդունում «երկնագույն հերոսների» տեսակը. «Լավ բան չէ, երբ ռեժիսորն օգտագործում է ընդամենը դերասանի սիրունությունը: Կարեւոր է շարժառիթը, թե ինչի համար ես բեմ բարձրացնում նրան: Հերոսը պետք է «խարակտեր» ունենա: Ալեն Դելոնը իմ իմացած դերասաններից գուցե ամենագեղեցիկն է, բայց այդ գեղեցիկ տղամարդը ունեցել է բազմաթիվ «փուչ» դերեր: Հոլիվուդյան կինոաստղ Բազիլ Ռոբտոնը ներկայացել է Ռոմեոյի, Ռիչարդ Երրորդի կերպարներով: Այդ դերասանը գեղեցիկ տղամարդ չէր, բայց ինձ համար նա գեղեցիկ Ռոմեոներից մեկն է: Կարճ ասած՝ կարեւորում եմ պրոֆեսիոնալիզմը»:
Կարդացեք նաև
Ժիրայր Դադասյանի փոխանցմամբ՝ թեեւ Մհեր Մկրտչյանը չուներ Ռոմեոյին հատուկ գեղեցիկ արտաքին, բայց ժամանակին կանանց 90%-ը սիրահարված էր նրան. «Երկնագույն հերոս» արտահայտությունը արեւմտյան մոտեցում է, այնպես, ինչպես հոլիվուդյան ժպիտը: Ժամանակին ռեժիսորներն ընտրում էին ու էկրան բարձրացնում գեղեցիկ դերասաններին: Դա բերեց նրան, որ մարդիկ ցանկացան նմանվել նրանց, անգամ տղամարդիկ դիմում էին կոսմետիկ վիրահատությունների… Ժան Գաբենն էլ չէր ընդունում Ալեն Դելոնին, ասելով, թե նա դատարկ, սիրուն տղա է, բայց «Երկուսը քաղաքում» ֆիլմից հետո Գաբենը փոխեց իր կարծիքը»:
Վահե Շահվերդյանի խոսքը հակիրճ էր. «Ամենատգեղ տղամարդը, եթե համոզիչ է խաղը, կարող է Ռոմեո լինել»:
Նիկոլայ Ծատուրյանը նախ կատակեց, թե երկնագույնը պահանջված է եղել բոլոր ժամանակներում, այդ թվում՝ նաեւ այսօր, հետո ավելի լուրջ ասաց. «Ռոմանտիզմը մեզանում շատ է պակասել: Գուցե «երկնագույն հերոսներ» անհրաժեշտ են, որ այդ պակասը լրացվի…»:
Ալեքսանդր Գրիգորյանը դեմ է «երկնագույն հերոս» արտահայտությանը. «Ես երկնագույն բառը կփոխարինեի ռոմանտիկով: Ռոմանտիկ հերոսներն ունեն մտքի թռիչք, հարուստ երեւակայություն, երազելու բացառիկ կարողություն… Այնպես որ, ռոմանտիկ հերոսները մեզ շատ պետք են: Մեր թատրոնի ռոմանտիկ հերոսն, օրինակ, տաղանդավոր դերասան Երվանդ Ենգիբարյանն է»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ