Արցախյան պատերազմը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Լավագույններն իրենցից կրկնակի զինված եւ կրկնակի թվով ազերի զինվորների դեմ կռվեցին արիաբար՝ «Զոհվելն արգելվում է» նշանաբանով, քանզի թիկունքից ուղարկած սիրելի մայրերի ու քույրերի գործած տաք գուլպաներն էին նրանց ոտքերն ու սիրտը ջերմացնում, սփյուռքից եկած տղաների խրոխտ ոգին: Հիմա մեր հիշողության ծալքերից վեր են հառնում հայ կանանց կերպարներ, որոնց անունները գրվեցին պատմության էջերում: Հայ նվիրյալ կանանցից է հրապարակագիր Սիլվա Սուքիասյանը, ով առաջիններից մեկն էր, որ մեկնեց Արցախ:
– Ի՞նչ է հայրենասիրությունը Ձեզ համար:
– Հայրենասիրությունը ոչ թե քնարական թեմա է, այլ՝ ապրում, էություն, ընդհանրապես ուժ, հոգի: Ես սնվել եմ համաշխարհային գրականությամբ եւ հայ դասական պոեզիայով: Ինձ համար ուղենիշներ են եղել Ռաֆայել Պատկանյանի, Պեշիկթաշլյանի հայրենասիրական բանաստեղծությունները: 1988թ.-ին աշխատում էի Երեւանի հակակարկտային ռազմականացված ծառայությունում, միաժամանակ հայկական հեռուստատեսության ուսումնական ծրագրերում՝ Ռոբերտ Մավիսակալյանի «Սփյուռք» եւ «Հուշարձաններ» հաղորդաշարերում: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Նախիջեւանի սահմաններում թեժ մարտեր էին, ադրբեջանցիները ռմբակոծում էին Հայաստանի սահմանները, այդ դժվարին ժամանակ ինձ հաջողվեց աշխատավայրից ձեռք բերել գաղտնի քարտեզներ, որոնցում ճշգրիտ նշված էին Նախիջեւանի կարեւոր օբյեկտները, ռազմական պահեստները, բանակային ստորաբաժանումները եւ այլ կարեւոր փաստեր: Քարտեզները հանձնեցի բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանին, նա էլ հասցրեց Վազգեն Սարգսյանին:
– Ե՞րբ մեկնեցիք առաջին անգամ Ղարաբաղ եւ ի՞նչ տպավորություններ ունեցաք:
Կարդացեք նաև
– Շուշիի գրավումից անմիջապես հետո՝ 1992 թվականի մայիսի 10-ին, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի եւ Գուրգեն Մելիքյանի հետ մեկնեցիք Արցախ: Մեր առաջին մոմերն ու աղոթքն առ Աստված Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ ավերված եկեղեցուն կենդանություն ու շունչ տվեցին: Ամենուր եւ հատկապես Վանք գյուղում հանդիպեցինք ազատամարտիկների, նաեւ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Շահինյանին, ում հարցրեցի, թե մեր այցելությունն օգնո՞ւմ է իրենց, թե՝ ոչ: Նա պատասխանեց, որ այցելուները խանգարում են, քանի որ միայն այս հողի վրա ապրողը գիտի, թե ինչպես պետք է պայքարել: Դա խորիմաստ դաս էր, քանի որ այսօր, երբ սփյուռքից մեզ թելադրում են, թե ինչպես կամ ինչ պետք է անել, սակայն հայրենիքում ապրողը միայն գիտի տառապանքի իրական գինը: Տասն օր մնացինք Արցախում եւ ամեն օր լինում էինք տարբեր վայրերում: Մի ընտանիքում գիշերեցինք, որտեղ մեկուկես տարեկան փոքրիկ կար եւ շարունակ լաց էր լինում, երբ հարցրեցինք՝ ինչո՞ւ է լաց լինում, մայրն ասաց՝ թեյ է ցանկանում: Իսկ թեյ չկար: Այո, այդպես դժվար էին դիմակայում արցախցիները, որի ականատեսն էինք:
– Էլ ի՞նչ հանդիպումներ ունեցաք Արցախում:
– Հետաքրքիր էր հանդիպումը ԼՂՀ-ի վարչապետ Օլեգ Եսայանի հետ: Զրույցի ընթացքում նա ասաց, որ առաջիններից եք, որ եկաք Արցախ:
Այդ տարիներին կապի միջոցներ չկային, գնում էինք Ղարաբաղ, բերում լուրերը Երեւան ու հաղորդումներ տալիս: Երբ Արցախից վերադարձանք, Հայաստանում ընդամենը երկու ժամով լույս կար, ստիպված հարմարեցրինք, տարբեր ծրագրերով ներկայացրինք բերված նյութերը, որ Ղարաբաղի մասին բոլոր մարզերում էլ տեղեկանային: Առաջին հայ լրագրողը, որը եղել է Արցախում, լուսահոգի Ռոբերտ Մավիսակալյանն էր, ով ուղղաթիռով կարողացավ մտնել Ղարաբաղ եւ հաջորդ օրն իսկ լրատվություն տալ: Քանիցս խնդրել էի նրան, որ ինձ էլ տանի, սակայն մերժում էր, ասելով՝ չգիտեմ, ողջ կվերադառնամ, թե՝ ոչ:
– 1992 թվականից հետո եղե՞լ եք Արցախում:
– 1996 թվականին Արցախ մեկնեցի Անգլիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ: Հայոց բառարանում չեմ գտնում այն համապատասխան բառը, որ կարող է լիարժեք բնորոշել այս սրտացավ տիկնոջ քրիստոնեական նվիրումը հայ ժողովրդի հանդեպ: Նա՝ թողնելով շքեղ պալատները, գալիս էր Արցախ՝ ամենադժվարին պայմաններում օգնություն ցուցաբերում հայ ժողովրդին: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ք. Քոքսին, որ Գանձասարի սուրբ հարկի տակ ծունկի իջած աղոթում էր հայ ազատամարտիկների կյանքի անվտանգության համար: Քերոլայն Քոքսի հետ գնացինք կույր ազատամարտիկների մոտ, 7 տարեկան մի տղա կորցրել էր տեսողությունն արկի պայթյունից: Փաստորեն, պատերազմը թողնում է ծանր հետեւանքներ, որը չի ավարտվում: Բարոնուհին ամեն անգամ մարդասիրական օգնություն էր բերում Արցախ եւ փորձում սփոփել արցախցիների վիշտը։ 1995 թվականին նրա ջանքերով Արցախում վերականգնողական կենտրոն ստեղծվեց։
– Որո՞նք են պատերազմի դասերը:
– Տարիներն, անկասկած, շատ բան մոռացության են մատնել, հենց այդ հանգամանքը պարտադրում է ինձ չապավինել լոկ հուշերի պատառիկներին: Թերեւս գտնվեն մարդիկ, որ համեստության դեմ կատարված մեղանչում նկատեն, մտածեն, թե ինձ եմ գովում, սակայն լռել չեմ կարող, որովհետեւ հայրենասիրությունը հայ կին լրագրողի արյան բաղկացուցիչներից է, եւ նա օտարազգի կին լրագրողին չի զիջել, ինչպես ներկայացվում է այսօր: Հիրավի, Արցախյան ազատագրական պատերազմը հաղթեցինք ազգովի՝ լինի մարտադաշտում, թե թիկունքում, քանզի յուրաքանչյուրն՝ այր թե կին, ծեր թե մանուկ, իր կարելիության չափով ներդրում ունեցավ այս ամենադժվարին, բայց ճշմարիտ պայքարում: Խոնարհվում ենք բոլոր զոհվածների առաջ, քանզի նրանց արյան գնով այսօր խաղաղ ու ստեղծագործ են մեր առավոտները:
Հարցազրույցը՝ ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ