Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդյո՞ք բոլոր գործերով է վերականգնվում սոցիալական արդարությունը

Փետրվար 25,2012 13:41

Դատախազությունն ամփոփեց 2011 թվականը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի տեղեկացմամբ
Հարուցվել է 111 քրեական գործ, որից 49-ը՝ պետական շահերի պաշտպանությյան վարչության կողմից, ներկայացվել է 267 հայց՝ 2 մլրդ 213 մլն դրամի բռնագանձման պահանջով, որից քննվել եւ բավարարվել է 157 հայց՝ 984 մլն դրամ հայցագնով, մերժվել է 17 հայց, կարճվել՝ 22 գործի վարույթ, մյուսները դեռ չեն քննարկվել: Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում կամովին պետբյուջե է վերականգնվել 815 մլն դրամ: Բացի այդ, բերված հայցերով դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 207 մլն դրամ:
Հայցերի հարուցման բնագավառում դրական ցուցանիշներ են ապահովել Lոռու (հարուցվել է 37,9 մլն դրամ հայցագնով 34 հայց), Գեղարքունիքի (հարուցվել է 14,6 մլն դրամ հայցագնով 33 հայց), Կոտայքի (հարուցվել է 24 մլն դրամ հայցագնով 4 հայց), Արագածոտնի (հարուցվել է 125,3 մլն դրամ հայցագնով 6 հայց) մարզերի եւ Երեւան քաղաքի (հարուցվել է 33,9 մլն դրամ հայցագնով 4 հայց) դատախազությունները: Միաժամանակ պետք է նկատել, որ պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական մարմինների արձանագրած դրական ցուցանիշների զգալի մասը շարունակում է, նախկինի պես, բաժին ընկնել պետական շահերի պաշտպանության վարչությանը: Այսպես՝ 2011թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառով հարուցված քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում վերականգնված 108 մլն դրամից 84 մլն դրամը կամ 78 տոկոսը վերականգնվել է վարչության կողմից, կամովին վերականգնված 815 մլն դրամից 356 մլն դրամը կամ 43,7 տոկոսը եւս վերականգնվել է վարչության աշխատանքների արդյունքում:
«Արձանագրվել են մի շարք խախտումներ ու բացթողումներ, մասնավորապես՝ առանձին դեպքերում չեն պահպանվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքների եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ անհրաժեշտ հետեւողականություն չի ցուցաբերվել դատական ակտերի կատարման բնագավառում, մի շարք դեպքերում պետությանը գույքային վնաս պատճառելու վերաբերյալ եւ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ու ստուգման ակտերը չեն ուղարկվել իրավասու մարմիններին՝ քրեաիրավական գնահատական տալու համար»,- ասաց Ա. Թամազյանը՝ նշելով, որ ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է 11 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է 119 մլն դրամ: Պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 12 անձ, որի արդյունքում կամովին ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 279 մլն դրամ: Նախապատրաստված նյութերով դատարան է հարուցվել 4 հայց՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի 19,5 մլն դրամ բռնագանձելու պահանջով, համայնքների բյուջեներ են վճարվել տեղական տուրքի, գույքահարկի եւ վարձավճարների 57 մլն դրամ գումարներ: Արձանագրված խախտումներն ու թերությունները քննարկվել են նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց մասնակցությամբ եւ այդպիսիք վերացնելու համար հաղորդում է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարին:
Գլխավոր դատախազի տեղակալն անդրադարձավ նաեւ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ընթացքում արձանագրված թերացումներին: ՔԿՀ-ներում շարունակում է մեծ թիվ կազմել արգելված իրերի եւ առարկաների շրջանառությունը: «Ռեժիմային միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 3786 միավոր կտրող-ծակող գործիք, 3171 բջջային հեռախոս: Ներքին կանոնակարգը խախտելու համար 1090 դատապարտյալների նկատմամբ որպես տույժ է նշանակվել պատժախցում պահելը»,- նկատեց Ա. Թամազյանը՝ ավելացնելով. «զգալի անելիքներ կան այլընտրանքային պատիժների կատարման, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման, ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, այն փոփոխելու աշխատանքներում»: Որպես դատախազության սկզբունքայնության եւ հետեւողականության դրական արդյունք նշվեց արտերկրից առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց պատժի հետագա կրման նպատակով ՀՀ փոխանցելու դեպքերի նվազումը, եւ այդ ճանապարհով պատիժների համապատասխանեցման անվան տակ անհամեմատ մեղմ պատիժներ սահմանելու արատավոր երեւույթների բացառումը: Փոխարենը՝ որոշակի քննադատություն հնչեցվեց նաեւ դատական ակտերի կապակցությամբ: Արդյոք բոլոր գործերով է վերականգնվում սոցիալական արդարությունը՝ սահմանելով կատարված հանցագործությանը համարժեք պատիժները, հռետորական հարց հնչեցրեց գլխավոր դատախազի տեղակալը եւ ինքն էլ պատասխանեց. «Հենց միայն «Քրեյզի հորս» ռեստորանային համալիրում խուլիգանության հայտնի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով մեղադրվող ավելի քան 30 անձանցից ոչ մեկին ազատազրկման չդատապարտելու մասին դատական ակտերը եւ նրանց վերահաստատումները վերադաս դատական ատյանների կողմից վկայում է, որ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից ոչ համարժեք պատիժներ սահմանելով չի ապահովվել պատժի նպատակներից եւ ոչ մեկը, այն է՝ ոչ սոցիալական արդարության վերականգնումը, ոչ հանցանք կատարած անձի ուղղումը, ոչ էլ նոր հանցագործությունների կանխումը»:
Մարդու դեմ ուղղված
հանցագործությունները
Մնացական Սարգսյանն ասաց, որ 19-ով ավելացել են սպանության դեպքերը: Զուգահեռ՝ վատթարացել է նաեւ բացահայտման ցուցանիշը: «Կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ դատախազների կողմից անհրաժեշտ խորությամբ վերլուծության չեն ենթարկվել տարածքներում արձանագրված՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը: Հատկապես չեն ձեռնարկվել այդ բնույթի հանցագործությունների աճը կանխելուն ուղղված համարժեք միջոցներ, չեն վերլուծվել, թե մարզի կամ վարչական շրջանի որ տեղամասերում են այս բնույթի առավել շատ դեպքեր արձանագրվել, չեն պարզվել, թե ինչ ընդհանրություններ կան այս բնույթի հանցագործություններ կատարած անձանց, տուժողների եւ հանցանք կատարելու շարժառիթների հարցում, թե տարածքային ոստիկանության մարմինները ինչ միջոցառումներ են ձեռնարկել, այս հանցագործությունների կանխմանն ուղղված, նաեւ նախականխման աշխատանքներում թերացած ոստիկանության ստորաբաժանումներին միջնորդագրեր չեն գրվել»,- ընդգծել է Մ. Սարգսյանը: Իսկ քրեական գործով նախաքննության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման աշխատանքներում տեղ գտած բացթողումները վերացնելու անհրաժեշտության մասին ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին ներկայացվել է 5 միջնորդագիր: Արդյունքում՝ որոշ ստորաբաժանումների պետեր եւ ծառայությունների ղեկավարներ նախազգուշացվել են, իսկ ծառայողական քննության արդյունքներով ՀՀ ոստիկանության 13 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի: Ըստ Մ.Սարգսյանի, բավարար չէ քննիչների մասնագիտացման խնդիրները տարածքային քննչական ստորաբաժանումներում, որտեղ գրեթե բացակայում է աշխատանքի առարկայական-մասնագիտական սկզբունքով բաժանումը:
Փոխարենը դրական գնահատվեց թրաֆիքինգի դեմ տարվող պայքարը: Քննվել է 17 քրեական գործ՝ նախորդ տարվա 13-ի դիմաց: Դատարաններում քննված 8 քրեական գործով դատապարտվել է 12 անձ, 6 քրեական գործով դատաքննությունը շարունակվում է, միայն մեկ քրեական գործով անցնում է 8 մեղադրյալ: Այս բնագավառում դատախազության հետեւողական աշխատանքների շնորհիվ վերջին 4 տարվա ընթացքում գրանցվել են դրական արդյունքներ: «Պետք է նշել դատախազության, ոստիկանության, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների համագործակցված աշխատանքը, որի շնորհիվ ՀՀ քրեական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, եւ այսօր մեր օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին ներկայացվող պահանջներին»,- ասաց Մ.Սարգսյանը: Վիճակագրությունը չի փոխվել ավազակային հարձակումների հանցատեսակում՝ 2010 եւ 2011թվականներին արձանագրվել է 106-ական դեպք: Փոփոխության չեն ենթարկվել նաեւ բացահայտման ցուցանիշները (67,9-67,3): «Թեպետեւ ավազակային հարձակումների շարժընթացը վերջին երկու տարիներին փոփոխությունների չի ենթարկվել, այդուհանդերձ, անցյալ տարի արձանագրվեցին ավազակային հարձակման մի շարք դեպքեր, որոնց վերլուծությունը ցույց տվեց, որ Երեւան քաղաքում գործում է կայուն ավազակախումբ եւ կատարված հանցագործություններն էլ համընկնում էին իրենց եւ կատարման եղանակներով: Նմանատիպ ձեռագրով կատարված 6 դեպք չէր բացահայտվել: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով վերը նշված քրեական գործերը միացվեցին մեկ վարույթ եւ 23.09.2011թ. ավազակախումբը վնասազերծվեց, նախաքննությունը դեռեւս շարունակվում է»,- նշեց բանախոսը եւ, վերլուծելով վերջին տարիներին ավազակային հարձակումներով հարուցված քրեական գործերը, կարծիք հայտնեց, որ նպատակահարմար կլինի այդ գործերը քննվեն մեկ քննչական մարմնի կողմից՝ կամ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, կամ Երեւան քաղաքի քննչական վարչության կողմից, նկատի ունենալով, որ 106 դեպքից 70-ը կատարվել է Երեւան քաղաքում:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված
հանցագործությունների աճ
Արձանագրվել է 216 դեպքով կամ 24%-ով: Աճը դրսեւորվել է նաեւ կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու դեպքերի հաշվին՝ 2011թ. 186 դեպքով ավելի, քան նախորդ տարի: 280 դեպքից բացահայտվել է ընդամենը 14-ը, բացահայտումը կազմել է 5%: Այս ցուցանիշը գլխավոր դատախազը խիստ բացասական գնահատեց: «Այսինքն՝ 280 դեպքից 266-ը մնացել է չբացահայտված, եւ սա այն դեպքում, երբ պարզվել է դրանց պատրաստման եղանակը, այն է՝ ձուլման եղանակով: Այսինքն՝ կա մի արտադրամաս, որտեղ ձուլման եղանակով պատրաստում են մետաղադրամներ եւ իրացնում: Եվ շատ վատ է, որ այս փոքրիկ Հայաստանում չենք կարողանում գտնել այդ արտադրամասը: Իսկ, եթե դրանք պատրաստվում են արտերկրում ու հետո տեղափոխվում Հայաստան, ապա դա կրկնակի վատ է, քանզի գործ ունենք նաեւ մաքսանենգության հետ: Ստացվում է՝ մեկ այլ երկրում պատրաստվում են կեղծ հայկական մետաղադրամներ՝ դրանք իրացնելով Հայաստանում: Սա ուղղակի վտանգում է մեր տնտեսությունը»,- հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը՝ պահանջելով պատկան մարմիններից առավել ակտիվացնել բացահայտմանն ուղղված աշխատանքները: Ի դեպ՝ ՀՀ գլխավոր դատախազը որոշակի դժգոհություն հայտնեց հատկապես կաշառակերության դեպքերի բացահայտման ցուցանիշի կապակցությամբ, թեեւ 2011 թվականին՝ 2010 թվականի համեմատությամբ, նկատվել է դրական տեղաշարժ, իսկ 2010 թվականին էլ դրական տեղաշարժ էր գրանցվել 2009-ի համեմատությամբ: Ասել է թե՝ դրական քայլեր արվում են, սակայն, ըստ գլխավոր դատախազի, դրանք չի կարելի գոհացուցիչ համարել: Եվ խոսքն ուղղելով թերեւս առավելապես օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնող մարմիններին՝ գլխավոր դատախազն ասաց. «Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թվականին արձանագրվել է կաշառակերության 70 դեպք: Ճիշտ է, 2010 թվականի համեմատությամբ գրանցվել է որոշակի դրական տեղաշարժ, աճ, սակայն ոչ մեկի չեք կարող համոզել, որ ամբողջ տարվա ընթացքում եղել է ընդամենը կաշառակերության 70 դեպք: Ինքնախաբեությամբ զբաղվել պետք չէ»: Ապա՝ հանձնարարեց գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանին՝ 2012 թվականին շարունակել փնջային խորհրդակցությունների անցկացումը՝ վեր հանելու եւ հրապարակային քննարկելու առկա խնդիրները, իրավապահ մարմինների թերացումներն ու բացթողումները, ձեռքբերումները:
Միջազգային
համագործակցությունը
Դատելով վիճակագրական տվյալներից՝ դատախազությունը լիովին ինտեգրվել է միջազգային հանրության մեջ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի ներկայացմամբ՝ 2011 թվականին ԱՊՀ եւ օտարերկրյա պետությունների կողմից ստացվել է քրեական գործերով իրավական օնություն ցույց տալու մասին 104 միջնորդություն՝ 2010 թվականի 76-ի փոխարեն: Իսկ ԱՊՀ մասնակից-պետությունների դատախազություններ ուղարկվել է քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու 46 (նախորդ տարվա ընթացքում՝ 22), այլ օտարերկրյա պետություններ 51 միջնորդություն (նախորդ տարվա ընթացքում՝ 27): Այլ խոսքով՝ Հայաստանի դատախազությունը 2011 թվականին ուղարկել է իրավական օգնության 97 միջնորդություն՝ նախորդ տարվա 49 միջնորդության փոխարեն. շուրջ կրկնակի ավել: «Ամփոփումը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության դատախազության միջազգային-իրավական գործունեությունը ակտիվ կերպով ծավալվում է նաեւ ԱՊՀ մասնակից-պետությունների տարածքից դուրս, ընդգրկելով եվրոպական բազմաթիվ երկրներ, որոնց հետ մինչ այդ համագործակցություն չի տրամադրվել եւ չի հայցվել»,- նշեց Ա.Դանիելյանը: Հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացվել է նրանց իրավապահ մարմինների կողմից հետախուզվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձանց վերաբերյալ 30 միջնորդություն, որից 23-ը ԱՊՀ մասնակից-պետությունների, իսկ 7-ը օտարերկրյա պետության իրավասու մարմիններից: Ստացված 30 միջնորդություններից 6-ը բավարարվել է, հիմնականում քաղաքացիության հիմքով մերժվել է 10 միջնորդություն, 7-ը ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ 7-ը գտնվում է քննարկման փուլում: Բաժնում 2011 թվականի ընթացքում հաղորդում է ստացվել ՀՀ-ում հայտնաբերված այլ երկրների կողմից հետախուզվող 109 անձի վերաբերյալ:
ՀՀ Գլխավոր դատախազություն

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829